Վրաստանն այս տարի չի հասցնի ձեռք բերել պաշտպանական սպառազինություն

Վրաստանի իշխանությունն, ամենայն հավանականությամբ, չի հասցնի ընթացիկ տարվա բյուջեում ընդգրկել ձեռքբերվելիք պաշտպանական սպառազինության ծախսերը, որոնք պաշտպանության նախարարությունը նախատեսում է ձեռք բերել մոտ ապագայում։ Այս մասին ՀԿ ներկայացուցիչների և փորձագետների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Վրաստանի նախագահին կից Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Իրինա Իմերլիշվիլին, ապրիլի 20-ին հաղորդում է վրաստանյան «Իմեդի» հեռուստաընկերության կայքը։

ՍԱՄՊ/Տ (SAMP/T) զենիթահրթիռային համակարգը, որի հնարավոր գնման մասին խոսում են Վրաստանում

ՍԱՄՊ/Տ (SAMP/T) զենիթահրթիռային համակարգը, որի հնարավոր գնման մասին խոսում են Վրաստանում

Ապրիլի 8-ին Վրաստանի պաշտպանության նախարար Մինդիա Ջանելիձեն խորհրդարանում ելույթ ունենալու ժամանակ հայտնել էր, որ ակտիվորեն աշխատում են ոչ միայն Ֆրանսիայի, այլ նաև Իսրայելի և շուրջ 22 գործընկեր երկրի հետ սպառազինություն ձեռք բերելու համար։

Իմերլիշվիլին նաև մեկնաբանել է իսրայելական մամուլում երկու երկրների միջև սպառազինության մատակարարումներին վերաբերող լուրերը՝ նշելով, որ դեռևս հստակ պայմանավորվածություն չկա։

Ինչ վերաբերում է Ֆրանսիայի հետ բանակցություններին, ապա այս հարցը վերջին շրջանում վրացական մամուլի «առաջին էջերից» չի իջնում։ Խոսքը վերաբերում է Վրաստանի նախկին և ներկայիս պաշտպանության նախարարների սկանդալային հայտարարոթյունների պատմությանը։ Նախկին նախարար Իրակլի Ալասանիան վստահեցնում է, որ Ֆրանսիայի հետ «հակաօդային պաշտպանության համար որոշիչ նշանակություն ունեցող» հուշագիր է կնքել՝ հակառակ ներկայիս նախարար Մինդիա Ջանելիձեի հեռախոսազանգի։ Իսկ Մինդիա Ջանելիձեն պնդում է, որ բնության մեջ նմանօրինակ հուշագիր գոյություն չունի։

Հարկ է նշել, որ ապրիլի 3-ին Իրակլի Ալասանիան ճեպազրույցի ժամանակ նշել էր, որ չի կարող կոնկրետացնել, թե հատկապես ինչ տեսակի սպառազինության մասին է խոսքը, որի շուրջ Վրաստանը բանակցում է Ֆրանսիայի հետ, բայց ասել էր, որ այս միջոցը կարող է պաշտպանել «ռմբակոծիչներից, ամեն տեսակի ուղղաթիռներից»։

Ալասանիայի այս հայտարարությունը և ֆրանսիական ՀՕՊ միջոցների մասին տեղկությունները համադրելով՝ վրաստանցի հայտնի ռազմական լրագրող Իրակլի Ալադաշվիլին ապրիլի 9-ի իր հոդվածում ենթադրում է, որ խոսքը ֆրանս-իտալական ՍԱՄՊ/Տ (SAMP/T) զենիթահրթիռային համակարգերի մասին է։ Այս համակարգի կազմի մեջ է մտնում միջին հեռահարության «Աստեր-30» կառավարվող զենիթային հրթիռը, որը կարողանում է խոցել մինչև 25 կմ բարձրության և 100կմ հեռավորության վրա գտնվող ուղղաթիռներ և ինքնաթիռներ, ինչպես նաև «Տոչկա-Ու» համալիրի հրթիռներ։ Այս հրթիռը կարող է օգտագործվել նաև «Իսկանդեր» տիպի օպերատիվ-մարտավարական հրթիռներ խոցելու համար։

ՍԱՄՊ/Տ ԶՀՀ-ն նախատեսված է կարևոր ենթակառուցվածքների՝ ներառյալ ավիաբազաների, նավահանգիստների և զորքերի տեղակայման վայրերը պաշտպանելու համար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *