Այսօր՝ ապրիլի 20-ին, Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Հոսեյն Դեհղանը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Բաքու, որտեղ նրան արդեն իսկ ընդունել են երկրի նախագահ Իլամ Ալիևն ու պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը։
Դատելով հրապարակված լուսանկարներից, Ալիևի հետ հանդիպմանը Իրանի պաշտպանական գերատեսչության ղեկավարից բացի եղել են նաև Ադրբեջանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մոհսեն Փաք Այինը, դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Ամիր Ֆարաջի Մոեզը և բարձրաստիճան այլ զինվորականներ։
Երկկողմ հարաբերությունների քննարկման ժամանակ Իրանի պաշտպանության նախարար Դեհղանը արել է ուշագրավ երկու հայտարարություն. նա նշել է, որ Թեհրանը շահագրգռված է զարգացնել համագործակցությունն ադրբեջանական կողմի հետ ռազմական ոլորտում և որպես դրա բաղկացուցիչ մաս պատրաստ է դիտարկել նաև զենքի մատակարարումը ադրբեջանական բանակին։
Ուշագրավ մյուս հայտարարությունը վերաբերում է Կասպից ծովի ավազանում տիրող մրցակցությանը, որն առկա է Իրանի և Ադրբեջանի միջև։ Նախարար Դեհղանն Ալիևի հետ զրույցի ժամանակ կարծիք է հայտնել, որ խնդիրները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով և Կասպից ծովի շուրջ առկա տարաձայնությունները չպետք է հիմք դառնան սպառազինության մրցավազքի համար։
Նկատենք, սակայն, որ չնայած իրանցի նախարարի՝ սպառազինության մրցավազքից խուսափելու քաղաքավարի հայտարարությանը, Իրանի ռազմածովային ուժերն ունեն բացահայտ առավելություն Ադրբեջանի ՌԾՈւ-ի և սահմանապահ պետական ծառայության ռազմանավերի նկատմամբ։ Այս համատեքստում նշենք նաև, որ 2013-ի ամռանն Իրանը հայտարարեց՝ Կասպից ծովի ավազանում ռազմածովային ստորաբաժանումներ կունենա նաև իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։
Նշենք, որ Կասպից ծովում Իրանի և Ադրբեջանի միջև վեճի առարկան հիմնականում Իրանի կողմից հայտնաբերված և ներկայումս շահագործվող «Սարդար Ջանգյալ» նավթահորն է, որի շահագործման իրավունքն Ադրբեջանը համարում է իրենը։
Հավելենք նաև, որ պաշտպանության և ԶՈւ աջակցման նախարար Հոսեյն Դեհղանն այսօր հյուրընկալվել է նաև Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությունում, որտեղ զրույց է ունեցել գերատեսչության ղեկավար Յավեր Ջամալովի հետ։
Կարդացեք նաև՝ Իրանի պաշտպանության նախարարի ադրբեջանյան այցի երկրորդ օրվա ամփոփում
Pingback: Armday – Իրանի պաշտպանության նախարարի ադրբեջանյան այցի առաջին օրվա ամփոփում
Pingback: Իրանի պաշտպանության նախարարի ադրբեջանյան այցի երկրորդ օրվա ամփոփում | Ռազմ.info
Pingback: Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ 19-25 ապրիլի, 2015 | Ռազմ.info