Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի տեղակալ, բրիգադի գեներալ Հոսեին Սալամին ապրիլի 19-ին հայտարարել է, որ Իրանը հպարտությամբ նշում է՝ պատրաստ է պաշտպանել մուսուլման ժողովուրդներին, սակայն Յեմենում իրանյան ռազմական ներկայության կարիքը չկա։ Այս մասին հաղորդում է իրանական պետական «ԻՐՆԱ» լրատվական գործակալությունը։
Բարձրաստիճան զինվորականը հերքել է նաև շրջանառվող այն վարկածը, թե Իրանը չի շտապում միջամտել Յեմենի իրադարձություններին, քանի որ բնակչության մեծամասնությունն այնտեղ շիա չէ (շիա մահմեդականները կազմում են Իրանի բնակչության բացարձակ մեծամասնությունը)։ Որպես օրինակ Սալամին որպես օրինակ նշել է պաղեստինցիներին՝ նկատելով, որ նրանք շիա չեն, սակայն դա չի խանգարում Իրանին հանդես գալ ի պաշտպանություն նրանց։
Հիշեցնենք, որ 2015-ի փետրվարին հութիներն իշխանությունից հեռացրել էին երկրի նախագահ Աբդ-Ռաբբա Մանսուրա Հադին, և վերջինս ստիպված է եղել ապաստանել երկրի հարավում՝ Ադեն քաղաքում, որը մինչ երկու Եմենների միավորումը (1990 թ.) եղել է Ազգային Ժողովրդավարական Եմենի մայրաքաղաքը: Եմենի արտգործնախարարը Պարսից ծոցի երկրներին կոչ է արել, որ ռազմական միջամտությամբ կանխեն շիադավան, իրանամետ հութի ապստամբների՝ դեպի երկրի հարավային շրջաններ առաջխաղացումը: Իսկ մարտի 24-ին ռազմական աջակցության խնդրանքով ՄԱԿ-ին է դիմել երկրի նախագահ Աբդ-Ռաբբա Մանսուրա Հադին, որից հետո Սաուդյան Արաբիան ու Պարսից ծոցի արաբական 9 երկրներ Եմենի օրինական ղեկավարի խնդրանքով ռազմական գործողություններ են սկսել Եմենում։
Գործողություններին մասնակցում են Պարսից ծոցի բոլոր արաբական երկրները՝ բացառությամբ Օմանի։