Ղազախստանի զինված ուժերը ստացել են ռուսաստանյան «Իրկուտ» ընկերության Սու-30ՍՄ կործանիչներ, որոնք Ռուսաստանի Իրկուտսկ քաղաքից Ղազախստանի Տալդիկորգան քաղաքի ռազմաօդային բազա են տեղափոխվել ապրիլի 17-ին: Հայտնում է Ղազախստանի պաշտպանության նախարարության կայքը:
Կործանիչների քանակը չի նշվում, իսկ հրապարակված լուսանկարներում երևում են դրանցից երկուսը: Չեն հրապարակվում նաև գործարքի այլ մանրամասներ, սակայն հայտնի է, որ սրանք Ղազախտսանի ԶՈւ առաջին Սու-30ՍՄ կործանիչներն են:
Նոր ստացված կործանիչները մասնակցելու են մայիսի 7-ին Ղազախստանում կայանալիք ռազմական շքերթին, որը նվիրված է ԽՍՀՄ հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակին:
Հիշեցնենք, որ «Իրկուտ» ավիաշինական ընկերության տնօրեն Օլեգ Դեմչենկոն դեռևս մարտին հայտարարել էր, որ ապրիլին 4 միավոր Սու-30ՍՄ կործանիչ է ուղարկվելու Ղազախստան, և խոսելով ԱՊՀ մյուս երկրներին ինքնաթիռներ վաճառելու մասին՝ հավելել է, որ իրենք բանակցում են նաև Հայաստանի և Ուզբեկստանի հետ:
Նշենք, որ Սու-30ՍՄ-ն Սու-30ՍԿԻ-ի փոփոխված տարբերակն է, որը կարող է ճանաչել «յուրայիններին ու օտարներին»: Սու-27 ուսումնամարտական ինքնաթիռի հիման վրա նախագծված Սու-30-ը շահագործվում է 1992 թվականից։ 2 հոգանոց անձնակազմ ունեցող կործանիչի առավելագույն արագությունը 2100 կմ/ժ է, կարող է թռիչք իրականացնել մինչև 3000 կմ հեռավորության վրա, թռիչքի առաստաղը՝ 17300 մետր է։
Սպառազինությունում Սու-30-նն ունի 20մմ-անոց մեկ ավիացիոն հրանոթ և 12 կախոց՝ նախատեսված տարբեր նշանակության հրթիռների, ինչպես նաև ռումբերի համար: Կարող է կրել մինչև 8 տոննա սպառազինություն: