ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարել է 2015-2016 ուսումնական տարվա ընդունելություն։ Վարժարանի, ընդունելության կարգի և անհրաժեշտ փաստաթղթերի մասին ստորև:
Վարժարանը ռազմամարզական թեքումով հանրակրթական հաստատություն է, որն իրականացնում է ավագ դպրոցի (10-րդ, 11-րդ և 12-րդ դասարաններ) պետական հանրակրթական ծրագրեր: Առանձնակի ուշադրություն է դարձվում ֆիզիկական, լեռնային և նախնական զինվորական պատրաստությանը: 2014-2015 ուսումնական տարվանից օտար լեզուների շարքում դասավանդվում են նաև «Հունարեն» և «Իտալերեն»: Ռազմամարզական վարժարանում տարվում է արական սեռի պատանիների ուսուցում: Ուսուցման լեզուն հայերենն է: Ուսուցման ժամկետը երեք տարի է, որը բաշխվում է շարունակական երեք կուրսի վրա (1-ին կուրս՝ 10-րդ դասարան, 2-րդ կուրս՝ 11-րդ դասարան, 3-րդ կուրս՝ 12-րդ դասարան): Ուսուցումն անվճար է:
Ովքե՞ր կարող են դիմել
Ռազմամարզական վարժարան ընդունվելու համար կարող են դիմել հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանն ավարտած ՀՀ քաղաքացիները:
Ռազմամարզական վարժարան ընդունվել ցանկացող պատանիների ծնողները (նրանց փոխարինող անձինք) ընդունելության տարվա ապրիլի 7-ից մինչև հուլիսի 22-ը ռազմամարզական վարժարանի պետի անունով ներկայացնում են դիմում, որին կցվում է պատանու դիմումը վարժարանում սովորելու ցանկության մասին:
Ընդունելության համար ի՞նչ քննություններ է հանձնելու դիմորդը
2015-2016 ուստարվա ընդունելությունը կկատարվի հուլիսի 22-ից օգոստոսի 3-ը` հիմնական կրթության 9-րդ դասարանի ծրագրի ծավալով:
Քննությունները հանձնելուց առաջ թեկնածուներն անցնում են ամբողջական բժշկական հետազոտություն:
Ընդունելության քննությունները անցկացվում են մրցութային կարգով հետևյալ առարկաներից.
- ֆիզիկական պատրաստություն` ձգումներ ձողափայտից, 100 մետր և 1000 մետր վազք,
- հայոց լեզու` թելադրություն,
- մաթեմատիկա` գրավոր:
Որո՞նք են անհրաժեշտ փաստաթղթերը
- Դիմում,
- Բժշկական փաստաթղթեր
ա) մեզի և արյան անալիզներն առանձին (կնքված), MRP անալիզ (կնքված)
բ) սրտի ԷԿԳ (ժապավենը և պատասխանը (կնքված)
գ) տեղեկանք հոգեբուժական և նարկոլոգիական դիսպանսերներից (կնքված)
դ) սոնոգրաֆիա (կնքված)
ե) ձև 63 և 26 (կնքված)
զ) արյան կարգը, - Ինքնակենսագրություն (դիմորդի ձեռագրով)
- Բնութագիր` հաստատված դասղեկի և դպրոցի տնօրենի ստորագրություններով (կնքված),
- 9-ամյա կրթության վկայականը և պատճենը,
- Ծննդյան վկայականը և պատճենը,
- Տեղեկանք բնակավայրից, որտեղ նշված լինեն հասցեն և ընտանիքի կազմը,
- Տեղեկանք ծնողների աշխատանքի վայրից, ծնողների (խնամակալի) անձնագրերի պատճենները,
- Սոցիալական քարտի պատճենը,
- 3×4 չափսի 4 լուսանկար (առանց գլխարկի),
- Թղթապանակ և ծրար,
- Դիպլոմների և պատվոգրերի պատճեններ, տեղեկանքներ, այլ փաստաթղթեր ծնողի և երեխայի կարգավիճակի մասին (ծնողազուրկ, հաշմանդամ, սոցիալապես անապահով, պատերազմի մասնակից):
Որտե՞ղ ներկայացնել
Հասցե՝ Հալաբյան 44,
Էլ. հասցե՝ [email protected]
Հեռ.՝ 010 35 39 15, 34 48 44, 34 56 36:
Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 12-18 ապրիլի, 2015 | Ռազմ.info
Pingback: ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի սաները ճամբարային հավաք են անցկացնում | Ռազմ.info