Արդյո՞ք պետք է միավորել ռազմաօդային ուժերն ու հակաօդային պաշտպանության զորքերը

Թռչող սարքերի (ԹՍ) ստեղծումից և ռազմական ոլորտում կիրառումից ի վեր ընթանում է մշտական պայքար ռազմաօդային ուժերի (ՌՕՈւ) և հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միջև: Սակայն այս հակառակորդ զորատեսակների շփման ոլորտում կա մի գիծ, որից այն կողմ սկսվում է նրանց համագործակցությունը: Որն է այդ նուրբ ու զգայուն սահմանը, այս ուղղությամբ մասնագետները տարբեր ժամանակներում ունեցել են ամենատարբեր կարծիքները: Մենք այս հոդվածում կփորձենք տվյալ հարցին մոտենալ մեր տարածաշրջանում անվտանգության ապահովման համատեքստից:

Նախաբան

20-րդ դարի սկզբին ինքնաթիռները սկսեցին կիրառել ռազմական նպատակներով: Վերջիններս գրեթե անպատիժ մահ ու ավեր էին սփռում երկնքից, քանի որ գոյություն չունեին հակաինքնաթիռային միջոցներ:
Առաջին համաշխարհային պատերազմի (ԱՀՊ(1914-1918թթ.)) տարիներին կարճ ժամանակում ստեղծվեց և մի շարք պետությունների զինված ուժերում (ԶՈւ) հայտնվեց համապատասխան զենիթային հրետանի (ԶՀ): Որպես զենիթային միջոցներ` սկսեցին կիրառվել նաև գնդացիրները: Այնուամենայնիվ ԱՀՊ-ի ընթացքում կիրառված հակաինքնաթիռային միջոցներն ունեցան համեստ դերակատարություն[1, с. 232]:

  1. 1. Հակամարտությունների պամությունից

Հակաինքնաթիռային միջոցների զարգացման միտումը շարունակվեց նաև հետպատերազմյան տարիներին: Զենիթային սպառազինության զարգացումը հիմնված չէր միայն զենքերի ստեղծման վրա, քանի որ օդուժի կիրառումը զարգանում էր շատ արագ և դառնում բարդ, մանրակրկիտ ծրագրվող օպերացիա: ՀՕՊ-ի կազմակերպման գործում կարևոր տեղ էին զբաղեցնում նաև հայտնաբերման, նախազգուշացման և ուղղորդման հարցերը: Վերջին բոլոր հարցերի լուծումները սկզբից կատարվում էին մարդու կողմից, իսկ հետագայում ի հայտ եկան ձայնորսիչներ, ՀՕՊ-ի դիտակետերը, աերոստատները, լուսարձակները և այլն: Ի վերջո առաջնությունը տրվեց §Lավագույն պաշտպանությունը հարձակումն է¦ սկզբունքին, և ստեղծվեց կործանիչ օդուժը: Պարադոքսն այն էր, որ բացառապես պաշտպանական ֆունկցիաներ ունեցող կործանիչները մարտում որպես հարձակվող կողմ էին հանդես գալիս:
Կործանիչները լայնորեն կիրառվում էին օդային գերազանցության համար և արդյունավետորեն պայքարում էին օդային ցանկացած նշանակետի դեմ: Գործընթացին ավելի կազմակերպված տեսք տալու համար հրամանատարներն սկսեցին կիրառել օբյեկտների բնագծային պաշտպանություն, որտեղ կործանիչները համարվում էին առաջին բնագծի պաշտպանները: Նման պաշտպանության կիրառությունը հետագայում ապացուցեց, որ ամենաարդյունավետ ՀՕՊ-ի համակարգը սկսվում է կործանիչով, քանի որ ՀՕՊ-ի միայն այս միջոցն է սեփական սահմաններից առավելագույնս հեռու պայքարում հակառակորդի օդուժի դեմ և ամենաարագն արձագանքում հակառակորդի օդուժի զարգացումներին:
Երկրորդ համաշխարհային պատերազմից (ԵՀՊ (1939-1945թթ.)) առաջ զարգացած երկրներում աշխատանքներ էին տարվում ՀՕՊ-ի հայտնաբերման և ուղղորդման նոր միջոցների` ռադիոտեղորոշման կայանների (ՌՏԿ) ստեղծման ուղղությամբ: Այդ սարքերի միջոցով տեղեկություն էր ստացվում նաև ինքնաթիռի թռիչքի ուղղության և արագության մասին: ԱՀՊ-ի հետ համեմատած` օդուժում ռմբակոծիչ ավիացիայի տեսակարար կշիռն ավելացել էր 2.5 անգամ[2, с. 203]: ՌՏԿ-ների դերը գնալով բարձրանում էր, իսկ ՀՕՊ-ի կազմակերպումը դառնում էր բարդ գործընթաց, որում պարտադիր էր կործանիչների և այլ միջոցների միասնական ղեկավարումը: 1944թ. ՀՕՊ-ի կործանիչային օդուժի պարեկային սկզբունքով գործելու դեպքում, հակառակորդի յուրաքանչյուր խոցած ինքնաթիռի համար պահանջվել է 170 մարտական թռիչք, իսկ օդանավակայաններում մարտական հերթապահություն վարելիս, ինչը կատարվում էր ՌՏԿ-ների շնորհիվ, հակառակորդի յուրաքանչյուր խոցած ինքնաթիռի համար պահանջվել է ընդամենը 21,4 մարտական թռիչք[3]:
ԵՀՊ օդային մարտերի ամբողջ ընթացքը իրենից ներկայացնում է հենց ՀՕՊ և ՌՕՈւ զորքերի միավորման անհրեշտության քննարկում: Պատերազմող բոլոր երկրներն էլ ունեցան խնդիրներ կապված կործանիչ ավիացիայի և ՀՕՊ զորքերի համատեղման հետ: Հարցը հատկապես սուր էր ԽՍՀՄ-ում, որտեղ կործանիչները առանձին էին ՀՕՊ-ից[4, 5, с. 10-11]: Բացառությունը միայն Անգլիան էր, որի ՀՕՊ-ն ամենաբարձր կենտրոնացվածության մակարդակի էր հասցվել: Այնպես որ, երբ 1940թ. հուլիս ամսից սկսած Ֆաշիստական Գերմանիան սկսեց Բրիտանական կղզիների մասսայական ռմբակոծությունները (Ճակատամարտ Անգլիայի համար), պարզվեց, որ գերմանական ավիացիան ի վիճակի չէ կոտրել անգլիական դիմադրությունը: Ավարտվեց պատմության մեծագույն օդային մարտերից մեկը, որի արդյունքում Գերմանիան կորցրեց ավելի քան 1700 ինքնաթիռ[6, с. 443, 7, с. 231]: Ռազմական տեսաբանները միակարծիք են, որ անգլիական կործանիչների գործողությունների արդյունավետության գրավականը նրանց հմուտ ղեկավարումն էր գետնից: Առհասարակ անգլիական ՀՕՊ-ն ԵՀՊ-ում ցուցադրել է հիանալի արդյունավետություն: Դեպի կղզի բարեհաջող արձակած գերմանական մոտ 6000 §Ֆաու-1¦ հրթիռներից 1847-ն օդում ոչնչացրել են կործանիչ օդաչուները, 1878-ին խոցել են զենիթայինները, իսկ 232-ը դիպել են աերոստատներին[7, с. 229]:
ԵՀՊ-ից հետո ՀՕՊ-ի զարգացումը նշանավորվեց մեկ այլ հեղափոխական առաջընթացով, որը կապված էր զենիթահրթիռային համալիրների (ԶՀՀ) հետ: Դրանք պատերազմի ընթացքում աննշան կիրառում էին ունեցել: Նոր համալիրների անհրաժեշտությունն առաջին հերթին պայմանավորված էր միջուկային սպառազինության գոյությամբ: Հարցն այն է, որ եթե նախկինում ՀՕՊ-ի մակարդակի մասին կարելի էր խոսել հակառակորդի` խփված և բաց թողնված ինքնաթիռների հարաբերությամբ, ապա հետպատերազմյան տարիներին բաց թողնված թեկուզ մեկ ինքնաթիռը կարող էր կաթվածահար անել ամբողջ պետություն: Հետևաբար, հարկավոր էր մի գերճշգրիտ, անվրեպ զենք, որը կխոցեր հակառակորդի բոլոր ինքնաթիռները: ԶՀՀ-ների ստեղծման համար, բացի վերը նշվածից, կար ևս մեկ պատճառ: ԵՀՊ-ի արդյունքում պարզվեց, որ ԶՀ-ին, ինչքան էլ որ զարգացել էր ԱՀՊ-ից հետո, միևնույն է, ավիացիայի զարգացման տեմպերից հետ էր մնում: Պատերազմի ընթացքում ԶՀ կողմից խոցված յուրաքանչյուր ինքնաթիռի համար մեծ տրամաչափի հրանոթները ծախսում էին 200-300 արկ, միջին տրամաչափի հրանոթները ծախսում էին 400–500 արկ, իսկ փոքր տրամաչափի հրանոթները` 700–800 արկ (տես՝ Тактика / Под ред. В.Г.Резниченко. — 2-е изд., перераб. и доп. militera.lib.ru/science/tactic/index.html) : Եվ այս ցուցանիշներն այն պայմաններում էին, երբ ինքնաթիռների արագությունն առավելագույնը 600-700 կմ/ժ էր: Իսկ ռեակտիվ դարաշրջանի հենց սկզբից այդ արագությունն արդեն ավելացել էր մոտ 30 տոկոսով:
ԶՀՀ-ների առաջին մարտական կիրառությունն ապացուցեց նրանց հուսալիությունը և անհրաժեշտությունը: Ներկայումս նման համալիրներով են զինված բոլոր զարգացած պետությունների ՀՕՊ զորքերը: Հետագա պատերազմներում ցանկացած պետության ՀՕՊ-ն ապահովելու համար նման համալիրները և կործանիչ օդուժը կատարել են առանցքային դեր:
Ռեակտիվ օդուժի դարաշրջանում ՀՕՊ-ի կենտրոնացման միտումը շարունակում է արդիական լինել: Ասվածը հիմնավորվում է նաև ՙսառը պատերազմի՚ տարիների խորհրդա-ամերիկյան հակամարտության մի շարք դրվագներով:
1960թ. մայիսի 1-ին ներկայիս Եկատերինբուրգ քաղաքի մոտակայքում խորհրդային նորագույն §Ս-75¦ ԶՀՀ-ի միջոցով խոցվեց ամերիկյան §Ու-2¦ հետախույզ ինքնաթիռը:
Ամերիկյան հետախույզին օդում ՙորսալու՚ գործողության ժամանակ խորհրդային ՀՕՊ-ի կործանիչների և ԶՀՀ-ների գործողությունների ոչ միակենտրոն ղեկավարման պատճառով թույլ տրվեցին մի քանի առանցքային սխալներ և ծախսվեց մեծ ժամանակ` մոտ քսանհինգ րոպե (ակնհայտ է, որ ՀՀ ՀՕՊ միջոցները հակառակորդի դեմ պայքար վարելու համար այդքան ժամանակ չեն կարող ունենալ): Արդյունքում խոցվեց նաև խորհրդային մեկ §ՄիԳ-19¦ կործանիչ, որին ընդունել էին` որպես §Ու-2¦[8, с. 42-45]:
Այս հակաօդային մարտը կործանիչ օդուժի և ՀՕՊ-ի այլ ստորաբաժանումների փոխգործողությունների անբավարար կազմակերպման տիպիկ օրինակ է, որը բացահայտում է նման միջոցներով ՀՕՊ-ի կազմակերպման բարդությունը: Մասնավոր օրինակ լինելով` այն ցույց է տալիս, որ մեկ հրամանատարության տակ չլինելու դեպքում ՀՕՊ-ի մեջ ներգրավված նույնիսկ հսկայական ուժերը կարող են անարդյունավետ գործել:
ՀՕՊ-ի և օդուժի հակամարտության պատմության մեջ նոր էջ գրվեց վիետնամական պատերազմում, որտեղ առաջին անգամ մեծ քանակով կիրառված §Ս-75¦ ԶՀՀ-ները, ռեակտիվ ավիացիան և այլ հրթիռային սպառազինությունը կիրառվում էին մասսայական: Վիետնամական ՀՕՊ-ի գործողությունների հաջողությանը նպաստում էին մոտակայքում տեղակայված խորհրդային նավերը, որոնք ամերիկյան ավիացիայի թռիչքները հայտնաբերում էին բավականին մեծ հեռավորությունից և վիետնամցիներին նախապես տալիս իրավիճակի մանրամասն պատկերը (տես՝ А. Розин. Советские моряки в оказании интернациональной помощи Вьетнаму в обретении независимости и отражении американской агрессии. http://www.duma.gov.ru/csecure/arc3/news/20.html):
Միջուկային ռումբներով և հրթիռներով սպառազինված նորագույն ռմբակոծիչների` ճշգրիտ և սեփական սահմաններից առավելագույնս հեռու խոցելու խնդիրը լուծելու համար 1950-60-ական թթ. ի հայտ եկան օդային նշանակետերը խոցող համակարգեր, որոնց մեջ մտնում էին կործանիչ ինքնաթիռներն իրենց հրթիռներով, իսկ օդային մարտը սկզբից մինչև վերջ ղեկավարվում էր գետնից: Օդային հակառակորդին հայտնաբերելուց սկսած` կործանիչը թռչում էր վերգետնյա համակարգերի ուղղորդմամբ` մինչև հակառակորդին հանդիպելը:
Զարգանում էին նաև ՀՕՊ-ի պաշտպանության երկրորդ էշելոնը կազմող ԶՀՀ-ները: Ավելին` նրանք ևս իրենց հերթին ունեին մի քանի շերտեր: Քանի որ նման կործանիչների գործողությունների համար անհրաժեշտ էին ավելի շատ, և որ կարևորն է, առանձին ՌՏԿ-ներ, ապա ընդհանուր հայտնաբերման և իրավիճակի տեղեկացման նպատակով առաջանում էր ուժերի քանակային մեծացման անհրաժեշտություն: Ելնելով այս ամենից` 1952թ. ԽՍՀՄ-ում բոլոր վերգետնյա հայտնաբերման և ուղղորդման ռադիոտեխնիկական միջոցները միավորվում են ՀՕՊ-ի ընդհանուր ռադիոտեխնիկական զորքերի հետ [9, с. 109]: Նմանատիպ միավորում ԱՄՆ-ում կատարվել էր շատ վաղուց: Փաստորեն, կործանիչ ավիացիայի և ԶՀՀ-ի համագործակցությունը նորից հանգեցնում էր համատեղման:

  1. 2. Ժամանակակից պատերազմները և հիմնախնդիրը

Երկու զորատեսակների միավորման կամ համագործակցության խնդիրը քննարկելիս շատ հետաքրքիր է անդրադառնալ արաբա-իսրայելական տեղային պատերազմի փորձին, որոնք իրենց բնույթով շատ մոտ են ժամանակակից պատերազմներին:
Իսրայելական ՀՕՊ զորքերը մինչև 1965թ. գործում էին` որպես առանձին զորատեսակ: Նույն թվականին իսրայելական զորքերը, ստանալով ամերիկյան §Հոկ¦ ԶՀՀ-երն անցան զորատեսակների ամերիկյան կառուցվածքին: Այսինքն` ՀՕՊ զորքերն ենթարկվեցին ՌՕՈւ-ին (տես՝ О. Грановский, Войска ПВО АОИ. http://www.isayeret.com/units/air/7298/article.htm, http://www.isayeret.com/units/air/egrophan/article.htm, http://www.iaf.org.il/): ԽՍՀՄ-ն արաբական երկրներին ակտիվորեն առաքում էր տարատեսակ ԶՀՀ-ներ: Սուեցի ջրանցքի շրջակայքում խորհրդային զինվորականներն անձամբ կազմակերպել էին հզոր, անանցանելի ՀՕՊ-ի պատնեշ, որը համեմատում էին միայն Մոսկվայի ՀՕՊ-ի հետ: §Դատաստանի օրվա¦ պատերազմին նախապատրաստվելիս, հաշվի առնելով նախորդ պատերազմի դառը փորձը, արաբները զինվել էին խորհրդային ժամանակակից ԶՀՀ-երի մեծ քանակով: Եգիպտական և սիրիական կողմերը միասին ունեին ավելի քան 180 ԶՀՀ` միաժամանակյա մոտ հազար արձակման կայաններով[10, с. 215]: Միայն Սիրիան ուներ ՀՕՊ-ի 38 դիվիզիոն` չհաշված մոտ երկու հազար կրովի ԶՀՀ-երը, ԶՀ միջոցները և ավելի քան 400 կործանիչները[11, с. 248]: Պատերազմի արդյունքը հայտնի է, արաբական երկրները, չնայած միջոցների ահռելի քանակին և խորհրդային զինվորականների միջամտությանը միևնույն է, պարտություն կրեցին:
Արաբական կողմի կրած պարտության պատճառներից մեկը, մասնագետների կարծիքով, հանդիսանում է մարտական գործողությունների վարման շրջանի ՀՕՊ-ի ապահովման խորհրդային մոդելը համաձայն, որի ՀՕՊ-ը կործանիչային ավիացիայի հետ ընդամենը համագործակցում էր: Արաբների արձակած հրթիռների քանակը հասնում էր երկու հազարի` խոցված մոտ 120 իսրայելական ինքնաթիռների դիմաց: Իսկ սխալ արձակումների արդյունքում սեփական խոցված ինքնաթիռների քանակն անցնում էր 55-ից[10, с. 235]:
Հաջորդ արաբա-իսրայելական պատերազմի ժամանակ 1982թ. իրադրությունը բավականին փոխվել էր: Սիրիական ՀՕՊ ուժերն ավելի էին մեծացել քանակապես: Դրանք արդեն կազմում էին խորհրդային մի քանի տեսակի ԶՀՀ-ների 128 դիվիզիոն` չհաշված խորհրդային նոր §ՄիԳ-23¦ կործանիչները, որոնք համեմատած նախորդ խորհրդային կործանիչների, զգալիորեն անկախ և ինքնուրույն էին օդային մարտում[11, с. 248]: Մարտական գործողություններն ավարտվեցին սիրիական կողմի բացահայտ ջախջախմամբ: Իսրայելական ՌՕՈւ-երը, օդում միայն ցամաքային ՀՕՊ-ից կրելով չնչին կորուստներ, մեծ վնաս հասցրեցին սիրիական ՌՕՈւ-երին և ՀՕՊ-ին:
Պատճառները քննարկելիս մասնագետները նորից եկան այն եզրակացության, որ սիրիական ՀՕՊ-ի բրիգադները միմյանց հետ անգամ նորմալ կապ չեն կարողացել ապահովել, իսկ ՀՕՊ-ի և ՌՕՈւ-երի միջև կապ` որպես այդպիսին, գիեթե չի եղել: Օդային իրադրության ամբողջ տեղեկատվությունը ստանում և հստակ վերահսկում էին ամերիկյան հեռակա հայտնաբերման և ղեկավարման §Ե-2Ց Հոկայ¦ ինքնաթիռները: Այսինքն հաջողությունը ապահովում էր բարձր համագործակցությունն ու կազմակերպվածությունը: Հետագայում այս հատկանիշները հաշվի առնվեցին չորրորդ սերնդի կործանիչների ստեղծման ժամանակ: Դրանցից շատերը օդային մարտի համար գրեթե ամբողջ տեղեկատվությունը ստանալով, մշակում են փոխանցում այլ տեսակի կործանիչներն և ղեկավարում մարտը: ՌԴ ՀՕՊ-ի կործանիչ ավիացիայի նախկին հրամանատար, գեներալ-գնդապետ Վ. Անդրեևի խոսքերով`§ՄիԳ-31¦-ը §Ս-300¦-ի թռչող դիվիզիոն է[12, с. 25]: Այսինքն` իր արագ տեղաշարժվելու և երկար տեսնելու հնարավորությամբ այս կործանիչը ընդունակ է հսկել օդային հսկայական տարածքներ:
Վերը բերված բոլոր տեխնիկական միջոցները և սպառազինությունն իրենց բնույթով կենտրոնացված և համատեղ կիրառության օրինակներ են, որոնք հիմնավորում են վերգետնյա և կործանիչային ՀՕՊ-ը միավորելու անհրաժեշտությունը: Նրանց համատեղումը մեկ զորատեսակի մեջ կենսական անհրաժեշտություն է, սակայն այդ դեպքում, փաստորեն, ստեղծվում է ՌՕՈւ-ի և ՀՕՊ-ի կործանիչային ավիացիա: Իսկ որքանո՞վ է դա նպատակահարմար ներկայիս իրավիճակում ՀՀ ԶՈւ-երի համար: Հարցադրումը կքննարկենք նյութի եզափակիչ մասում:
Հանրահայտ է, որ մարտում ցամաքային զորքերի (ՑԶ), օդուժի և ՀՕՊ ստորաբաժանումների և զորամասերի համագործակցության կարելի է հասնել համատեղ և միաժամանակյա գործողություններով: Դրանով հնարավոր է համաձայնեցնել տարբեր զորատեսակների հարվածները` ըստ ժամանակի, նպատակի և տեղի, և հասնել մեծ արդյունավետության:
Դժվար չէ նկատել, որ մարտի ժամանակ այս բոլոր պահանջները պահպանելը դժվարին գործ է: Ապակենտրոնացված ղեկավարման համակարգը բարդացնում է զորքերի ընդհանուր ղեկավարումը: Միասնական հրամանատարության բացակայության պայմաններում առանձին դեպքերում անխափան կապը պահպանելն իսկ բարդ խնդիր է դառնում: Էլ չենք խոսում հրամանատարներից մեկի սուբյեկտիվ որոշման հետևանքով` մյուս զորատեսակների բնականոն գործունեությանը խանգարելու հավանականության մեծացման մասին: Ռազմարվեստի պատմության ընթացքում անհաջող ելքով գործողությունների մեջ մեծ տեղ են զբաղեցնում վատ կամ խափանված կապի պատճառները:
ԽՍՀՄ-ի քայքայումից հետո ՆԱՏՕ-ի ղեկավարությունը, վերանայելով ռազմական հայեցակարգը, ձեռնարկեց ԶՈւ բարեփոխումներ: Քննարկվեցին եվրոպական մասում ՌՕՈւ-ի և ՀՕՊ-ի միավորումը մեկ ինֆորմացիոն դաշտի մեջ, որի տակ հասկացվում էր նրանց կենտրոնական ղեկավարումը` §Ակկս¦ համակարգը: Համակարգի մեջ պետք է ներդրվեին նորագույն, հատկապես շարժական հետախուզական համալիրներ (տես՝ Օդային ղեկավարման կետեր, որոնք կարող են մի քանի հարյուր կմ տարածության վրա կատարել հետախուզություն, ղեկավարել հարյուրավոր ԹՍ-ների գործողությունները: Վերջին տեղային պատերազմներում ամերիկյան ավիացիան առանց ԱՎԱԿՍ-ների չի ձեռնարկում օչ մի գործողություն): Մեծ դեր էր հատկացվում §ԱՎԱԿՍ¦ թռչող համալիրներին : Որպես զինատեսակներ` օդուժը, ԶՀՀ-երը, ԶՀ-ին և ՌԷՊ-ը պետք է միավորվեին կենտրոնացված ղեկավարման տակ:
ՆԱՏՕ-ի ղեկավարության կողմից 1994-97թթ. անցկացված զորավարժությունները և փորձարկումներն ի հայտ բերեցին որոշակի թերություններ, որոնց վերացման արդյունքում ձևավորվեց աշխատանքի հիմնական սկզբունքը: ՆԱՏՕ-ի ղեկավարությունը որոշեց վերջնական կենտրոնացումն իրականացնել ոչ միանգամից` հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ դաշինքի մեջ են ընդգրկվել նոր պետություններ: Ներկայումս ընթանում է ՆԱՏՕ-ի եվրոպական ՌՕՈւ-ի և ՀՕՊ-ի միավորման վերջին փուլը:
Ելնելով այս և մի շարք այլ հիմնահարցերից` ՌԴ-ի բանակը 1998թ. միավորեց ՌՕՈւ-ն ու ՀՕՊ-ը : Այս ճանապարհը վաղուց անցել են այնպիսի պետություններ, ինչպիսիք են` ԱՄՆ-ը Գերմանիան, Դանիան, Հունաստանը և Իսրայելը:

Եզրակացություն

Այսուհանդերձ, վերը շարադրյալը չի կարող միանշանակ պնդումների և անցյալի ամբողջ ժառանգությունը մեխանիկորեն մերժելու հիմք հանդիսանալ: Երկար տարիներ երկու զորատեսակները մեզանում գործել են առանձին: Այս ընթացքում ձևավորվել են ավանդույթներ, գործողությունների հիմունքներ և տեսություններ: Միավորելով այդ երկու զորատեսակները` հարկավոր է այդ ամենը վերանայել և մանրամասնորեն մշակել նոր նորմեր ու կանոններ հաշվի առնելով նաև նոր մարտահրավերները: Ուժերի համատեղումը և միակենտրոն ղեկավարումը գրեթե միշտ գործնականում ունեցել է դրական հետևանքներ, սակայն այդ ամենը հարկավոր է անել խելամտորեն: Համոզված ենք, որ դրանով պետության անվտանգությունն էլ ավելի կամրապնդվի:
Անդրադառնանք օդուժի և ՀՕՊ զորքերի` մեկ զորատեսակի մեջ միավորման հստակ քայլերին: Այս ռազմավարական քայլը, որը պետական կարևոր նշանակություն ունի, պետք է ունենա իր ռազմա-տեխնիկական և տնտեսական հիմքերը:
Կատարելագործվելով` ՕՀՄ-ները դառնում են առավել հզոր և արագ գործող համալիրներ, ձեռք բերում ավելի շատ խնդիրներ լուծելու հնարավորություն: Մեծանում է նրանց կիրառության տարածական և ժամանակային խորությունը: Իրողությունը ստիպում է վերանայել մեր հայացքներն առհասարակ օդուժի և ՀՕՊ-ի մասին:
Ներկայումս ՀՕՊ-ը բաղկացած է բազում ավտոմատացված միջոցներից և համակարգերից, որոնք աշխատում են բարդ համագործակցությամբ: ՀՕՊ-ի ֆունկցիաների մեջ է մտնում յուրային բոլոր ԹՍ-ների վերահսկողությունը, որով այն ինչ-որ կերպ վերահսկում է նաև ՌՕՈւ-ին: Սակայն օդուժի գործողությունների ռադիոտեխնիկական ապահովումը կատարելով` ՀՕՊ-ը չի ենթարկվում այդ վարչությանը: ՀՕՊ-ի կիրառության ամենամեծ հավանականությունն առաջանում է այն ժամանակ, երբ հավանական է նաև սեփական ՌՕՈւ-ի կիրառումը: Հետևաբար, ՀՕՊ-ի ստորաբաժանումները պետք է ապահովեն սեփական օդուժի տեղաշարժը և նույն օդային տարածքում կանխեն հակառակորդի թռիչքները: Թե’ մեր, թե’ հակառակորդի կողմից թռիչքները կարող են լինել բավականին ինտենսիվ` յուրաքանչյուրի կողմից օրական մի քանի տասնյակ: Նշվածին հարկավոր է ավելացնել նաև քաղաքացիական ինքնաթիռների չվերթերը, որոնք ևս հարկավոր է վերահսկել ոչ պակաս խստությամբ: Սեփական և հարևան պետությունների տարատեսակ ԹՍ-ների քանակը տարեցտարի ավելանում է, գումարած նաև այն հանգամանքը, որ պատերազմի ժամանակ հայկական ավիացիոն բեռնափոխադրումները ահռելի կաճեն: Այս ամենը հարցադրումը ավելի է բարդացնում և պահանջում անհապաղ լուծում: Այսպիսով` ներկայումս ՀՕՊ-ի առաջնակարգ խնդիրներն են`

  • պետական օդային սահմանի պահպանում և վերահսկողություն,
  • օդային սահմանների անընդհատ հետախուզում,
  • անցանկալի օդային օբյեկտների հայտնաբերման դեպքում դրանց բնութագրերի և չափանիշների որոշում, համապատասխան ռազմական և ղեկավար մարմիններին ճիշտ և ժամանակին զեկուցում,
  • պետական և ռազմական կարևոր օբյեկտների (վարչական, արդյունաբերական-տնտեսական շրջաններ), զորախմբերի հավաքատեղիների (այդ թվում նաև զորքերի շարժի ժամանակ), հրամանատարական կետերի և այլ շինությունների պահպանումը հակառակորդի օդային հարվածներից:

Վերը նշված բոլոր խնդիրների բարեհաջող կատարման համար ՀՕՊ-ը պետք է լինի ակտիվ, բազմանպատակային, շարժունակ, օպերատիվ, խանգարումների և դիվերսիաների նկատմամբ կայուն, համաեղանակային, գործողությունների և ֆունկցիաների մեծ սպեկտորում ավտոմատացված:
Այդ զորատեսակի զարգացման մեջ հատուկ ուզում ենք ներկայացնել այն հանգամանքը, որ բոլոր երեք հարթություններում ընդլայնվել են նաև ՀՕՊ-ի հսկողության տակ գտնվող տարածքային սահմանները: Դրանք սկզբից սահմանափակվում էին մեկ-երկու օբյեկտներով, իսկ ներկայումս պետության ողջ տարածքի օդային սահմանները պետք է հնարավորինս հավասարաչափ վերահսկելի և պաշտպանված լինեն: Հարկավոր է օդային տարածքը վերահսկել ամբողջ սահմանով` ամենացածր բարձրություններից մինչև հնարավորին ամենամեծ բարձրությունների վրա:
ՀՕՊ-ի տեսադաշտի լիարժեքություն նշանակում է ՀՀ-ի լրիվ տարածքները, ինչպես նաև` հարևան պետությունների տարածքների զգալի մասը: Ներկայումս այդ տեսադաշտն ապահովվում է վերգետնյա ՌՏԿ-ների շնորհիվ: Այդտեղ կան որոշակի խնդիրներ` կապված ՀՀ-ի լեռնաանտառային կտրտված տեղանքի հետ: Հետևաբար հարկավոր է կիրառել ռադիոլոկացիոն և այլ հայտնաբերման տարատեսակ միջոցներ` լիարժեք օդային տեղեկություն և խոցման ավելի մեծ հնարավորություն ստանալու համար: Այստեղ տեղին է հիշել օդապարիկների, դիրիժաբլերի և այլ ԱԹՍ-ների հիման վրա ստեղծված հետախուզության, կապի ապահովման և օդային ղեկավարման կետերի մասին:
Չնայած նրան, որ տեղային պատերազմներում ԶՀ-ու կիրառությունը դեռ բավականին արդյունավետ է, միևնույնն է ոչ մի ՀՕՊ չի կարող միայն վերգետնյա համակարգերով ու սպառազինությամբ նման ամենատես ու օպերատիվ ցանց ապահովել:
ԶՀՀ-ների կիրառման փորձը գալիս է ապացուցելու, որ մեկ խոցված ինքնաթիռի վրա համալիրները ծախսում են միջինը հինգ հրթիռ[13, с. 397, 423-424]: Մինչ օրս լավագույն ցուցանիշը ապահոված ամերիկյան §Փետրիոտ¦ ԶՀՀ-ն Իրաքում յուրաքանչյուր խոցված ԹՍ-ի համար ծախսել է 1-3 հրթիռ[14, с. 26-32]: Իհարկե տվյալը հիմնականում վերաբերվում է հրթիռների խոցմանը, ինքնաթիռները խոցվել են ավելի լավ ցուցանիշներով, սակայն կիրառությունը մասսայական չէ, իսկ հակառակորդը հզոր չէ:
Զարգացած պետություններն ՀՕՊ-ի ապահովման համար օգտագործում են տարատեսակ կործանիչներ, օդային մարտի ղեկավարման ու հետախուզման թռչող համակարգեր և, ինչու չէ, նաև հետախուզական արբանյակներ: ՌՕՈւ-երի և ՀՕՊ-ի միավորման մասին ծավալելով նման քննարկում` մենք պարտավոր ենք հատուկ նշել նաև կործանիչային ավիացիայի մասին, առանց որի անհնար է ունենալ հզոր ՌՕՈւ-եր և ՀՕՊ: ԱՄՆ-ի ՀՕՊ-ի հիմնական գործիքը մնում են կործանիչները: Հայկական ՌՕՈւ-երի համար անհրաժեշտ է մի այնպիսի կործանիչ ինքնաթիռ, որը, օդային պայքարի և օդային հարձակման միջոցների խնդիրների համատեղումից զատ, իր որակով նաև հակակշիռ կհանդիսանա ադրբեջանական քանակին: Մի քանի տարբերակների մեջ ամենահարմար տարբերակը ռուսական §Սու-30¦ կործանիչն է, որը կարող է լուծել առաջադրված խնդիրները: Վերջինս ունի մինչև 8 տոննա ռմբատարողություն և թռիչքի բավականին մեծ հեռահարություն: Կործանիչը հաջողությամբ կարող է խոցել և’ օդային, և’ վերգետնյա նշանակետեր: Կատարելով օդային գերազանցության ապահովման խնդիր` կարող է միաժամանակ հրթիռային հեռահար հարվածներ հասցնել կարևոր վերգետնյա նշանակետերին: Երկու խնդիրների կատարման համար այն կարող է զինվել մինչև 100 կմ և ավելի հեռահարության ճշգրիտ հրթիռներով (X-28, X-31, X-35, X-58, X-59, Ռ-27, Ռ-77 և այլն)[15, стр. 47]: Այսինքն` կործանիչը, գտնվելով ՀՀ օդային տարածքում, կարող է խնդիրներ կատարել ԼՂՀ-ի և նույնիսկ Ադրբեջանի տարածքում: Վերգետնյա նշանակետերին հարվածելու համար §Սու-30¦-ը կրում է նաև գերճշգրիտ ռումբներ: §Սու-30¦-ը, բոլոր խնդիրների լուծման հետ միաժամանակ, այլ միջոցների համար հանդիսանում է օդային հրամանատարական կետ, ինչը հենց զորատեսակների համատեղման համար առանցքային հատկանիշ է: Օդային հարվածներ հասցնելու ժամանակ այն կարող է կազմակերպել ամբողջ մարտը` միաժամանակ տեղեկությունը փոխանցելով հրամանատարական կետերին: Այն կարող է և’ հարվածել, և’ օգնել այլ թռչող սարքերին` կատարելու ճշգրիտ հարվածներ, և’ միաժամանակ պաշտպանել այդ սարքերն օդային հակառակորդից, ներառյալ ուղղաթիռները[16, с. 156-157]: Կործանիչը ղեկավարում է երկու օդաչու, ինչը շատ կարևոր է նմանատիպ խնդիրների փնջի լուծման համար: §Սու-30¦-ն ադրբեջանական §ՄիԳ¦-երին գերազանցում է գրեթե բոլոր տվյալներով և հատկապես թռիչքի հեռավորությամբ, ինչը շատ կարևոր է մարտերը հակառակորդի տարածք տեղափոխելու տեսանկյունից[16]:
Բացառված չէ, որ հակառակորդը, օգտագործելով քաղաքացիական ինքնաթիռների թռիչքները, չեզոք պետության տարածքից մարտական ինքնաթիռով փորձի հարվածներ հասցնել: Հարևան պետություններից մեկի հեռավոր սահմանների վրա հակառակորդի մարտական ինքնաթիռները կարող են աննկատ մոտենալ մեր ինքնաթիռին և, շատ մոտ թռչելով, հասնել մինչև Երևան, քանի որ մոտենալու պահին մեր ՌՏԿ-ները չեն կարող վերահսկել քաղաքացիական ինքնաթիռի թռիչքը: Մեր սահմանը մտնելու պահին ՌՏԿ-ների հետևող սարքերի վրա դրանք կարող են երևալ որպես մեկ ինքնաթիռ: Նման պայմաններում շատ դժվար է կանխել դիվերսիան:
Այդ և վերը նշված մյուս պատճառներով անհրաժեշտ է մեկտեղել օդային հետախուզության և վերահսկողության բոլոր միջոցները: Օդային վերահսկողության և հետախուզական ամբողջ տեղեկատվությունը մեկ կենտրոնում կուտակելով, համատեղ գործողություններով և մեկ կենտրոնից ղեկավարելով` զգալիորեն նվազում է տարատեսակ խանգարումների և հակազդեցությունների կիրառումը, ինչպես նաև զգալիորեն բարձրանում է ցանկացած ԹՍ-ների հայտնաբերման ճշտությունը:
Համատեղ զորատեսակի կենտրոնացված ղեկավարումը թույլ կտա ավելի արագ և ստույգ տեղեկություն ստանալ ՀՕՊ-ի յուրաքանչյուր համալիրից, հետախուզման և հսկողության յուրաքանչյուր կենտրոնից ու ՌՏԿ-ից: Միջոցները կարող են տեղակայված լինել հանրապետության ողջ տարածքում: Իրական ժամանակում ստացվող այդ տեղեկատվությունը մշակվելով` հրամանատարական կետից կարող է հաղորդվել տվյալ շրջանում գործող ՀՕՊ-ի համակարգերին, ռազմական և քաղաքացիական ավիացիային` թույլ տալով խուսափել հակառակորդի հետ անցանկալի հանդիպումից, կրկնակի հարվածներից, օդային բախումներից և այլն: Տեղեկատվության հավաքումը և բաժանումը պետք է կատարել թվային ազդանշանի հաղորդագրության գաղտնիության պահպանման բոլոր ժամանակակից եղանակներով: Հաշվի առնելով մեր տարածքային չափերը և ունեցած կամ ունենալիք միջոցների քանակը` այս ամենի կազմակերպումը լիովին հնարավոր է և կլինի ավելի արդյունավետ ու օգտակար:
Համատեղման արդյունքում, եթե հայտնաբերման և հետախուզական միջոցները գործեն անխափան, գրեթե բացառվում է ՀՀ-ի օդային տարածքներում անցանկալի ԹՍ-ների հանկարծակի հայտնվելը, և զգալիորեն բարձրանում է հակահարված տալու ժամանակն ու հնարավորությունը:
Առաջարկը ՌՕՈւ-ի և ՀՕՊ-ի համար զարգացման հաջորդ քայլ է: Այն պահանջում է լրացուցիչ ներդրումներ, հատկապես հայտնաբերման և ղեկավարման սարքավորումների կատարելագործում: Համատեղման և նման սարքավորումների ու համակարգերի տեղադրման դեպքում հրամանատարական կետում կարող են նաև ստանալ տեղանքի ընդհանուր կամ մասնակի էլեկտրոնային քարտեզագրում: Հրամանատարական կետում արտացոլված էլեկտրոնային քարտեզագրումը բազում հնարավորություններից զատ մեծացնում է ավիացիայի ղեկավարումը գիշերը և բարդ օդերևութաբանական պայմաններում: Ուղղաթիռներն այդ պայմաններում կարող են առանց վերգետնյա ուղղորդողների վայրէջք կատարել ամենաանծանոթ վայրերում, ինչը մարտական պայմաններում անգնահատելի դեր ունի ՑԶ-երի համար: Իսկ եթե ԹՍ-ները ևս հնարավորություն ունենան ստանալ քարտեզագրման արտացոլում, ապա ավիացիայի մարտունակությունը զգալիորեն կբարձրանա: Զորատեսակների համատեղման և կենտրոնական ղեկավարման դեպքում կբարձրանա մարտի ղեկավարման ընդհանուր մակարդակը, մասնավորապես մարտական ղեկավարման հրամանների օպերատիվ կազմումը և հասցեատերերին հասցնելը, տրված հրամանների կատարման արդյունքների ստուգումը և մարտական իրավիճակի փոփոխման դեպքում արագ հակամիջոցների կազմակերպումը: Մեկ կամ մի քանի խմբերի մարտական խնդրի կատարման ժամանակ ավտոմատ կամ կիսաավտոմատ կերպով կտեղեկացվեն բոլոր անհրաժեշտ ուժերը և միջոցները: Իսկ այն ուժերը, որոնք անմիջական կապ չունեն այդ խմբերի գործունեության հետ, չնախատեսված պայմաններում կարող են հեշտությամբ ստանալ անհրաժեշտ տվյալներ:
Անխոցելիության բարձրացման նպատակով շատ կարևոր է համատեղ հրամանատարական կետի շարժական լինելը, որի համար այն անհրաժեշտ է տեղակայել բարձր անցունակության մեքենաների վրա` գերժամանակակից, հագեցած ամենաարդիական սարքավորումներով: Հրամանատարական կետը կարող է տեղակայված լինել նման ոչ մեկ մեքենայի վրա: Կարող է ունենալ մի քանի նման հրամանատարական կետեր, սակայն դրանք միաժամանակ չպետք է գործեն: Այդ փոփոխությունը և շարժունակությունը կարող է ապահովել լիարժեք անխոցելիություն: Բնականաբար, զորատեսակների համատեղման և կենտրոնական ղեկավարման դեպքում հարկավոր է, որ յուրային ԹՍ-ները հագեցած լինեն ավտոմատ պատասխանիչներով, որը բարդ, սակայն հուսալի և փորձված միջոց է: Հարկավոր է ավտոմատ կերպով հայտնաբերել ցանկացած ԹՍ` խիստ կրճատելով մարդու մասնակցությունն օդային տարածքի հետևման գործընթացին` երեք հարթություններում ստանալով սարքի լիարժեք կոորդինատներ:
ՀՀ-ի տարածքային սահմանափակությունը կարևոր կռվան է կենտրոնացված ղեկավարման ներկայացված ձևին անցնելու համար և լրացուցիչ հնարավորություններ է տալիս բարձրացնելու ՀՕՊ-օդուժ միավորման արդյունավետությունը:
Մասնավորապես, մեր կործանիչները կարիք չունեն գամված լինել պաշտպանական տվյալ շրջանում` բացառապես ՀՕՊ-ի ապահովմանն ուղղված խնդիրներ լուծելու համար:
Լինելով մեկ հրամանատարի ենթակայության տակ և ծառայելով բոլորի շահերին` նրանք կարող են գործել և’ որպես մարտավարական հարվածային համակարգեր, և’ որպես հետախույզներ, և’ որպես ՀՕՊ-ի կործանիչներ: Ընդ որում, ստացված տեղեկատվությունը կարող են օգտագործել նաև այլ կործանիչներ, հարվածային ինքնաթիռներ, ուղղաթիռներ, վերգետնյա ԶՀՀ-ներ, շարժական կամ անշարժ ՀՕՊ-ի այլ համալիրներ, այլ զորատեսակներ, քաղաքացիական ավիացիա և անգամ օդերևութաբանական ծառայություններ: Հզոր և ճկուն ՀՕՊ-ի ապահովման համար մեծ դեր ունեն արագ շարժվող ԶՀՀ-ներն ու այլ կրակային միջոցները, որոնք շատ արագ փոխում են իրենց դիրքը և կարող են հայտնվել բավականին բարդ տեղանքներում:
Այս միավորումը ՀՀ-ը նպատակահարմար է նաև նրանով, որ մեզանում չի կարող լինել ՌՕՈւ-ի և բանակային ավիացիայի զատում, որը խնդիրներ կարող էր առաջացնել տվյալ դեպքում` կախված վերջինիս գործունեության հետ: Այսինքն` մեր մարտական ավիացիան մշտապես գործում է հիմնականում ՑԶ-երի խնդիրների կատարումն ապահովելու ֆորմատում: Մարտական ինքնաթիռների և ուղղաթիռների քանակը թույլ է տալիս ունենալ հարվածային կամ այլ խնդիրներ կատարող մեկ-երկու հզոր առանձին կամ խառը խմբեր (քանակի որոշակի ավելացման դեպքում հնարավոր է խմբերի կրկնակի ավելացում): Այդ խմբերը կարող են արագ խուսավարելով` գործել օպերատիվ, արագ և բավականին արդյունավետ: Իսկ նման խմբերի և ՀՕՊ-ի ստորաբաժանումների համատեղ ու կենտրոնացված գործողությունները թույլ կտան խուսափել շատ սխալներից և ուժերի անտեղի վատնումից:
Անգամ խաղաղ պայմաններում այս երկու զորատեսակների համատեղումը և քաղաքացիական ավիացիայի ղեկավարման համակարգերի մեկտեղումը կարող է լուրջ միջոցներ խնայել, ինչը պետական և ռազմական գործում վերջին տեղում չէ:
Ներկայումս ռազմատեխնիկական և քաղաքական համաշխարհային զարգացումները նորանոր մարտահրավերների առաջ են կանգնեցրել ՀՀ ԶՈւ-ին: Ընդ որում, ակնհայտ է, որ դրանք մեղմանալու միտումներ չունեն: Մեզանից պահանջվում են համարժեք պատասխաններ, որոնք պետք է քննարկել և, թեկուզ անհրաժեշտության դեպքում բովանդակային փոփոխություն կատարելով, կիրառել մեր պայմաններում: Այս դինամիկ տեմպերից դուրս մնալով` մենք կարող ենք ի վերջո վտանգել պետության անվտանգության երաշխիքները:
Դեկտեմբեր, 2009թ.

Աղբյուրներ և գրականություն
1. А. Базаревский. Мировая Война 1914-1918. Компания 1918г. Во Франции и Бельгии, т. 2, М.-Л., 1927.
2. Советская военная энциклопедия, т.2.
3. ЦАМО, ф. 112, оп. 158791, д.1, л.35-36.
4. ЦАМО РФ. Ф. 35. Оп. 11280. Д.126. Л.22.
5. Н.А. Светлишин, Войска ПВО в Великой отечественной войне, М., 1979.
6. Б.В. Соколов, Сто великих войн, М., 2004.
7. О.М. Чернякевич, И.Н. Чернякевич, И.С. Чернякевич, Великие битвы XX века, М., 2002.
8. Вестник Воздушного Флота, ноябрь-декабрь. 1998.
9. Вестник Авиации и Космонавтики, N3, 2004.
10. М.А. Жирохов. История ВВС Израиля. М.-Минск, 2001.
11. В.А. Золотарёв. «Россия (СССР) в локальных войнах и военных конфликтах второй половины ХХ века». М., 2000.
12. Вестник Воздушного Флота, Ноябрь-декабрь, 2003.
13. Н.Я. Василин, А.Л. Гуринович, Зенитные ракетные комплексы, Минск, 2002.
14. Д.Галкин, Боевое применение зенитных пакетных комплексов Пэтриот в вооруженных конфликтах. ЗВО, 10.2006.
15. В. Марковский, К. Перов. Советские авиационные ракеты воздух-земля. М., 2005.
16. В. Беляев, В. Ильин. Российская современная авиация. М., 2001.

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *