Ապրիլի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Լիբանանում հանդիպել է երկրի վարչապետ Թամամ Սալամին, փոխվարչապետ, ազգային պաշտպանության նախարար Սամիր Մոքբելին և զինված ուժերի հրամանատար, գեներալ Ժան Քահվաժին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-լիբանանյան համագործակցության զարգացման հեռանկարներին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր:
Կողմերը կարևորել են երկու երկրների զինված ուժերի միջև համագործակցության զարգացումը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, 2015թ. մարտին ստորագրված երկկողմ համագործակցության ծրագրի ամբողջական իրականացումը, ինչպես նաև բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը: Այս համատեքստում ՀՀ պաշտպանության նախարարը Լիբանանի իր գործընկերոջը հրավիրել է պաշտոնական այցով այցելել Հայաստան:
Ավելացնենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը Լիբանան է մեկնել ապրիլի 11-ին: Այնտեղ նախարար Օհանյանն այցելել է ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության կենտրոնակայան, հանդիպել առաքելությանը մասնակցող ուժերի հրամանատար, Իտալիայի ԶՈՒ գեներալ-մայոր Լուչիանո Պորտոլանոյին, ինչպես նաև այցելել Շամա զինավան, որտեղ հանդիպել է ՀՀ ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանմանը:
Ավելացնենք, որ ՀՀ ԶՈւ խաղաղապահները ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության իտալական զորախմբի կազմում Լիբանանում ծառայություն են կրում 2014թ. նոյեմբերից: ՀՀ ԶՈւ զինծառայողների 30 հոգանոց դասակը և 2 շտաբային սպաները Լիբանանում հսկում են ՄԱԿ-ի Շամա զինավանի անվտանգությունը:
ՀՀ ԶՈւ խաղաղապահների առաջին խումբը Լիբանան է մեկնել 2014թ. նոյեմբերի 27-ին: Առաքելությանը Հայաստանի մասնակցությունը նպատակ ունի ավելացնել ՀՀ ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանումների փորձառությունը:
Pingback: Armday – Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 12-18 ապրիլի, 2015