Թուրք-քրդական բախումներ՝ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

Ապրիլի 11-ին Թուրքիայի արևելյան Աղրը նահանգի Յուկարըթյութեք գյուղում «Քրդական աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալները հարձակվել են թուրքական զորքերի վրա՝ վիրավիրելով 4 զիծառայողի, հաղորդում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը:

PKK զինյալներ

PKK զինյալներ

Քրդերի կրակը լռեցնելու համար թուրքական կողմը ստիպված է եղել լրացուցիչ ինքնաթիռ, ռազմական ուղղաթիռներ և ստորաբաժանումներ տեղափոխել դեպքի վայր: Քրդերը 5 զոհ են տվել և 1 վիրավոր: Պարբերական բախումները շարունակվում են:

Տեղական լրատվամիջոցները պնդում են, որ վերջին շրջանում ակտիվացած քրդական անջատողական գործողությունները հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ներքաղաքական իրավիճակը լարելու նպատակ ունեն:

Հիշեցնենք, որ «Քրդստանի աշխատավորական կուսակցությունը» (Partiya Karkerên Kurdistan կամ PKK) քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում քրդական անկախ պետության հիմնումը: Այն հայտնի է նաև մի շարք այլ անուններով, այդ թվում նաև HPG անունով։Այն ահաբեկչական է ճանաչվել Թուրքիայում, ԱՄՆ-ում և ԵՄ մի շարք երկրներում, սակայն կազմակերպության ընդհատակյա գործունեությունը չեն կարողանում վերահսկել մինչ օրս:

PKK-ն հիմնադրվել է 1978 թվականին Դիարբեքիրում (Աղձնիք նահանգ) Աբդուլլահ Օջալանի (Ափո) կողմից, ով ներկայում ցմահ ազատազրկում է կրում թուրքական Իմրալը կղզու բանտում, սակայն շարունակում է համարվել կազմակերպության ղեկավարը։

Կազմակերպությունն ակտիվ ռազմական գործողությունները Թուրքիայի դեմ սկսել է 1984 թվականին: Թուրքական իշխանությունների դեմ մղվող շուրջ 30 տարվա պայքարի ընթացքում զոհվել է 35 հազարից ավել մարդ:

Շուրջ 30 տարի զինված պայքարից հետո 2013 թվականի մարտին Դիարբեքիրում ընթերցվեց կազմակերպության առաջնորդ Աբդուլլահ Օջալանի ուղերձը, որով նա կոչ էր անում PKK-ին վայր դնել զենքը, լքել Թուրքիայի տարածքը և անցնել քաղաքական պայքարի։

Մայիսի 8-ից պաշտոնապես սկսվեց PKK-ի դուրսբերումը Թուրքիայի տարածքից, ինչպես նաև պաշտոնապես հրադադար հաստատվեց, ինչը հաճախ  խախտվում է սկսած 2014-ի հոկտեմբերից, որն էլ նախապես պայմանավորված էր Քոբանիում քրդերի՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի նկատմամբ Թուրքիայի որդեգրած քաղաքականությամբ:

One response to “Թուրք-քրդական բախումներ՝ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Թուրքիա․ 12-18 ապրիլի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *