Ապրիլի 9-ին հայաստանյան «Զառ» զորավարժարանում անցկացվել է Հայաստանի պաշտպանության նախարարության խաղաղապահ բրիգադի ենթակա ստորաբաժանումների մարտական պատրաստականության բարձրացմանը միտված զորավարժություն։ Վարժանքների համար խաղաղապահ ստորաբաժանումները բաժանվել են երկու «հակառակորդ» խմբերի։
Զորավարժության պլանի համաձայն՝ ՀՀ ԶՈւ խաղաղապահները՝ «հակառակորդ» խմբերից առաջինը, իրականացնում են պայթյունավտանգ գոտիներից մեկում տեղակայված ռազմական բազայի պաշտպանությունը։ Չհամակերպվելով օտարերկրյա զինված ուժերի զինծառայողների ներկայությանը և նրանց մեղադրելով իրենց երկրի ներքաղաքական խնդիրներին միջամտելու համար՝ «տեղի ագրեսիվ տրամադրված ազգաբնակչության մի մասը»՝ խմբերից երկրորդը, զինված հարձակվում է բազայի վրա։
Զորավարժության առանձնահատկություններից է եղել այն, որ վարժանքներն անցկացվել են ԱՄՆ ԶՈւ «Մայլս» ուսումնական բաճկոնների կիրառմամբ։ Լազերային սարքավորումներով համալրված այդ բաճկոններն այն կրող զինծառայողի՝ ուսումնական զենքից «խոցվելու» դեպքում ազդարարում են համապատասխան բարձր ազդանշան՝ միաժամանակ այդ պահից սկսած պայմանական խոցված զինծառայողին զրկելով սեփական զենքով կրակելու հնարավորությունից։
Բաճկոններն իրենց հիշողության մեջ գրանցում են նաև, թե պայմանական հակառակորդի որ զինծառայողի կրակոցից է խոցվել տվյալ զինծառայողը։ Խոցված զինծառայողներն էլ պարտավոր են հանել իրենց սաղավարդտները՝ «հակառակորդին» ցույց տալով, որ իրենք այլևս թիրախ չեն։
Վարժանքից հետո լազերային հատուկ սարքավորումների տվյալները ներմուծվել են համակարգիչ, ինչի հիման վրա էլ գնահատվել են զորավարժության ընթացքը և երկու խմբերի գործողությունները։ Զորավարժությունը ստացել է բարձր գնահատական։ Այս մասին հայտնի է դարձել ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի «Զինուժ» հեռուստածրագրի հաղորդումներից մեկից։
Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 12-18 ապրիլի, 2015 | Ռազմ.info
Pingback: Հայաստանը 2 վաշտի համար ևս ամերիկյան հատուկ ուսումնական բաճկոններ կգնի | Ռազմ.info