Ապրիլի 4-ին ԱՄՆ ՌՕՈւ ինքնաթիռով Գերմանիա է մեկնել Հայաստանի զինված ուժերի խաղաղապահ բրիգադի՝ 36 հոգուց բաղկացած ստորաբաժանումը, որն այնտեղ մասակցելու է ՆԱՏՕ անդամ և գործընկեր պետությունների բազազգ զորավարժությանը։
Կոսովոյի ուժերի մարտական պատրաստության ծրագրի շրջանակում այս ամիս կազմակերպվող «Սուսերի միակցում 2015» զորավարժությանը մասնակցելու է 17 երկրի ավելի քան 5000 զինծառայող։
Բազմազգ զորավարժության նպատակն է բարձրացել Կոսովոյի խաղաղապահ առաքելության գործընթացում ներգրավված երկրների խաղաղապահ ստորաբաժանումների փոխգործակցության մակարդակը։
Վարժանքի ընթացքում ՆԱՏՕ անդամ և գործընկեր պետությունների զինծառայողները նախապատրաստվում են հարձակողական, պաշտպանական և կայունացման գործողություններին, ինչպես նաև խթանում մասնակիցների փոխգործակցությունը։ Վարժանքներին ՀՀ ԶՈւ խաղաղապահների մասնակցությունը նախատեսված է ՀՀ պաշտպանության նախարարության և Եվրոպայում ԱՄՆ ցամաքային ուժերի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրով։
Նշենք, որ ՀՀ ԶՈւ խաղաղապահներին Գերմանիա ճանապարհման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը և դեսպանատան ռազմական կցորդ Անտոնի Սեբոն։ Այս մասին հայտնի է դարձել ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի «Զինուժ» հեռուստածրագրի հաղորդումներից մեկից։
Ավելացնենք, որ Հայաստանը ՆԱՏՕ անդամ և գործընկեր պետությունների հետ Կոսովոյում խաղաղապահ առաքելություններում ընդգրկված է դեռևս 2004 թվականից։ Դա ՀՀ ԶՈւ խաղաղապահների առաջին միջազգային առաքելությունն է եղել, որին հաջորդել են Իրաքի, Աֆղանստանի և Լիբանանի առաքելությունները։ Խաղաղապահների տեղակայման նպատակը միջազգային խաղաղության ամրապնդումն ու միջազգային փորձի փոխանակումն է:
Pingback: ՆԱՏՕ-ի զորավարժությանը մասնակցելը չի խանգարում ՀԱՊԿ անդամակցությանը. Սերժ Սարգսյան | Ռազմ.info