Եղբորս օրինակով որոշեցի դառնալ սպա. աղջիկ կուրսանտ

Կանանց տոների առթիվ Ռազմինֆոն զրուցել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ աղջիկների հետ՝ հասկանալու համար, թե ինչպես են նրանք պատկերացնում իրենց զինվորական կյանքը։ Մեր հերթական հերոսուհին մոտոհրաձգային վաշտի կուրսանտ Նաիրա Արշակյանն է, ով ռազմական գործն ընտրել է արդեն սպա եղբոր օրինակով։

Մոտոհրաձգային վաշտի կուրսանտ Նաիրա Արշակյանը

Մոտոհրաձգային վաշտի կուրսանտ Նաիրա Արշակյանը

—Նաի´րա, որտեղի՞ց եք։

Շիրակի մարզ, Աշոցքի շրջան, գյուղ Ցողամարգից։

—Ինչու՞ որոշեցիք ընդունվել ռազմական ինստիտուտ։

Դեռ վաղ հասակից եմ որոշել գալ այստեղ։ Մոտ 5 տարի է, ինչ ծանոթ էի ինստիտուտին, եղբայրս այստեղ է սովորել։

—Հարազա՞տ եղբայրը։

Ճի´շտ այդպես, հարազատ եղբայրս։ Երբ արձակուրդներին տուն էր գալիս, անընդհատ հարցեր էի տալիս, գրականություն էի պահանջում, ես կարիք ունեի ռազմական գիտելիքներ հավաքելու, ճիշտ է՝ մնացած առարկաները նույնպես գերազանց էի սովորում։ Եղբայրս «Կուրսանտ» թերթն էր բերում ինձ համար, ծանոթանում էի ռազմական ինստիտուտի առօրյային։ Կարելի է ասել՝ եղբորս օրինակով որոշեցի գալ, սովորել, հետագայում նրա նման սպա դառնալ։

—Իսկ հիմա ինչո՞վ է զբաղվում Ձեր եղբայրը։

Եղբայրս հիմա որպես սպա ծառայում է Պաշտպանության բանակում։

—Ձեզ զինվորական ո՞ր մասնագիտությունն է ավելի հարազատ։

Ինձ զինվորական բոլոր մասնագիտություններն էլ հարազատ են, որովհետև ռազմական գործը շատ եմ սիրում, հատկապես սիրում եմ հետախույզի մասնագիտությունը։ Երբ արդեն պետք է ընդունվեի, եղբայրս առաջարկեց ընտրել հրետանավորի մասնագիտությունը, բայց քանի որ հրետանավորը չի կարողանում 3-րդ կուրսից փոխել իր մասնագիտությունն այլ ուղղությամբ, իսկ համազորային ֆակուլտետում մենք կարող ենք փոխել, ընտրեցի համազորային ֆակուլտետը, որ կարողանամ հետագայում դառնալ հետախույզ։

—Ձեր եղբայրն ինչպե՞ս արձագանքեց զինվորական դառնալու Ձեր որոշմանը։

Սկզբում եղբայրս կտրուկ դեմ էր, որ ընդունվեի ռազմական ինստիտուտ, մտածում էր՝ առաջին տարին է, շատ դժվար կլինի աղջիկների համար, եղբայրական մտահոգություն կար, բայց ընթացքում համոզեցի։

—Իսկ հիմա ինչպե՞ս է վերաբերվում, երբ արդեն երկուսով եք զինվորական համազգեստ կրում։

Երբ տեսավ, որ ես ամեն ինչ հասցնում եմ, համակերպվեց։ Հիմա երբ կարճատև արձակուրդ է գալիս, նրա առաջին ուղղությունը ռազմական ինստիտուտի ճանապարհն է, գալիս է, տեսնում՝ քույրն ինչպես է սովորում, հո նեղացնող չկա՞ (ծիծաղում է), ուսմանս մեջ ի՞նչ թերություններ կան շտկելու։ Մի անգամ հսկիչ- անցագրային կետից դուրս գալու ժամանակ իր սպաներից մեկը տեսավ եղբորս, հարցրեց՝ ի՞նչ է անում այստեղ, եղբայրս ասաց, որ քրոջը տեսնելու է եկել, սպան զարմացավ՝ «Ինչպես աղջիկներից կուրսանտ Արշակյանը քո քու՞յրն է», եղբայրս ասաց՝ այո, ու ես տեսա, թե ինչպես ուրախացավ։ Այդ օրը երևի հասկացավ, որ չեմ սխալվել այստեղ գալով, որ սա իմ ոլորտն է, հենց այստեղ պիտի կայանամ։ Ես վստահ եմ, որ մինչև կյանքիս վերջին րոպեն մնալու եմ այս ոլորտում, եթե նույնիսկ համակարգում մնալն ընտանիք չկազմելու գնով լինի։

Կուրսանտ աղջիկները. ձախից՝ Նաիրան

Կուրսանտ աղջիկները. ձախից՝ Նաիրան

—Այսինքն՝ եթե մի օր ընտրության առաջ կանգնած լինեք…

Ես նախընտրելու եմ կարիերան։

—Իսկ ե՞րբ եք մտածում ամուսնանալ։

Դեռ ամուսնանալու մասին չեմ մտածում, որովհետև դեռ շատ շուտ է, ավարտելուց հետո գոնե երկու տարի կաշխատեմ, կկայունանամ, իմ ամուր հիմքը կունենամ, հետո նոր ընտանիք կկազմեմ։

—Ի՞նչ անելիք ունի կինը որպես զինվորական։

Շատերն են ասում՝ «ի՞նչ գործ ունի աղջիկը այս ոլորտում, այսքան տղաների մեջ»։
Ինձ այդպիսի հարց մի անգամ տվել է մարդ, ով չի ծառայել, և ես նրան պատասխանել եմ՝ «դու չես ծառայել, քո տեղը ես եմ եկել ծառայելու»։ Մենք ծառայում ենք այն մարդկանց փոխարեն, ովքեր փախչում են մեր երկրից, ովքեր փախչում են սահմաններ պահելուց։

—Եթե Հայաստանից արտագաղթ չլիներ, Ձեր այստեղ գալու կարիքը չէ՞ր լինի։

Գուցե։ Եթե մեր հայրենիքի հետ հույս չկապող երիտասարդներն այնքան ուժ չունեն, որ կարողանան կանգնել սահմանին, ապա մենք ունենք։

—Իսկ ինքներդ կուզենայի՞ք հենց սահմանամերձ հատվածում ծառայել։

Այո, ինչու՞ ոչ։ Եթե հասել եմ այստեղ, սովորում եմ, ուրեմն պիտի սահման էլ գնամ։

—Կին- տղամարդ հարաբերություններն այստեղ ինչպիսի՞ն են։

Մեր ու տղա կուրսանտների միջև հարաբերությունները քույր ու եղբայր հարաբերություններ են, մենք նրանց վերաբերվում ենք որպես ավագ եղբայրներ, իրենք էլ մեզ որպես իրենց հարազատ քույրեր։ Գիտեք՝ ինչպես են եղբայրները. պաշտպանում են, ամեն ինչ անում են, որ իրենց քույրերի պատիվը բարձր պահեն, հանկարծ ինչ-որ մեկը չնեղացնի, նույնն էլ՝ մեր կուրսանտները մեր նկատմամբ։

Նաիրա Արշակյանը լսարանում

Նաիրա Արշակյանը լսարանում

—Ի՞նչ կմաղթեք այն զինծառայողներին, ովքեր հիմա արդեն զորքերում են, ծառայում են։

Ես նրանց կմաղթեմ առաջին հերթին առողջություն և բարի ծառայություն, ու որ այնքան ուժ ունենան, որ կարողանան ամուր լինել սահմանին, ուշադիր լինեն, սահմանին եղած վերջին դեպքերը ապացույցն են, որ թշնամին իր տեղը հանգիստ չի նստում, չի ուզում խաղաղ ապրի ո´չ իր ժողովուրդը, ո´չ մեր։ Բայց որքան էլ ուզենան մեր անդորրը խանգարել, մենք թշնամուն հաստատ հակահարված կտանք։

—Սիրած զինատեսակ, զենք ունե՞ք։

Սիրածս զինատեսակը Դրագունովի դիպուկահար հրացանն է (ՍՎԴ ” Ռազմինֆո)։ Երազել եմ դառնալ դիպուկահար, բայց ծնողներս չթողեցին։

—Իսկ եթե երեխաներ ունենաք, կցանկանա՞ք նրանք ևս Ձեր մասնագիտությունն ընտրեն։

Նույնիսկ մայրս է ինձ այդ հարցը տվել։ Եթե ունենամ երեխաներ, կապ չունի աղջիկ, թե տղա, անպայման կուղղորդեմ այս ուղղությամբ, եթե իրենք ցանկանան, բայց եթե չեն ցանկանա… սա այն համակարգն է, որտեղ ստիպելով պետք չէ ծառայել։ Բայց ես կցանկանայի։ Ի՞նչ վատ կլինի՝ մայրը զնվորական, երեխաները զինվորական… (ժպտում է)

—Իսկ հա՞յրը։

Դե հոր մասին դեռ չեմ կարող ասել, դեռ շուտ է։

—Քաղաքացիական կյանքից ի՞նչն եք կարոտում։

Զարմանալի կլինի, բայց ծնողներիս հանդեպ զգացած կարոտից բացի քաղաքացիական կյանքում ինձ ոչինչ չի ձգում։ Մենք ինստիտուտից ազատ ելք ունենք, երեկոյան դուրս ենք գալիս քաղաք, ինստիտուտի առօրյան շատ ծանր չի լինում մեզ համար։

—Իսկ քաղաքացիական հագուստնե՞րը, շպարվե՞լը։

Այդ ամենը նույնպես ինձ չեն ձգում, որովհետև նախքան այստեղ գալը եղել եմ քաղաքացիական կյանքում, ունեցել եմ այդ ամենը։ Ամեն ինչ իր ժամանակն ունի։ Ինձ համար ռազմական համակարգը ավելի կարևոր է հիմա, քան քաղաքացիական կյանքը։

—Ինչ-որ բան կուզենայի՞ք ավելացնել։

Միայն զինված ուժերի մասին կուզեի ասել։ Թող բոլորն իմանան, որ մեր զինված ուժերը շատ հզոր են, մենք ուժեղ ենք, ինչքան էլ մեր սահմանների վրա ճնշում գործադրեն։ Ու սխալվում էր թուրքը, երբ 100 տարի առաջ ցանկանում էր, որ աշխարհում մնա միայն մեկ հայ, այն էլ՝ թանգարանում։ Շատ էր սխալվում, մենք լինելու ենք ու ավելի ենք հզորանալու։

Հարցազրույցը՝ Հասմիկ Մելիքսեթյանի

Նկարները՝ Սոսե Մուրադյանի

One response to “Եղբորս օրինակով որոշեցի դառնալ սպա. աղջիկ կուրսանտ

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 5-11 ապրիլի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *