Հրամանատար լինելու ամենակարևոր գործոնը հարգանքի վաստակումն է. աղջիկ կուրսանտ

Կանանց տոների առթիվ Ռազմինֆոն փորձել է հասկանալ, թե ինչպես են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ աղջիկները պատկերացնում զինվորական գործն ու կին լինելը համատեղելը։ Այսօրվա հերոսուհի մոտոհրաձգային վաշտի կուրսանտ Արմինե Գրիգորյանը Տավուշի սահմանամերձ Արծվաբերդ գյուղից է։

Կուրսանտ Արմինե Գրիգորյանը

Կուրսանտ Արմինե Գրիգորյանը

— Արմինե´, արդյո՞ք սահմանամերձ գյուղից լինելը Ձեզ բերեց այստեղ։

Այդ հարցը հաճախ են տալիս։ Ոչ այնքան սահմանամերձ գյուղից լինելն է ընտրությանս հարցում դեր կատարել, որքան նախնական զինվորական պատրաստություն առարկայի օլիմպիադաները, ռազմամարզական խաղերին մասնակցությունը։

— Ընտանիքում ինչպե՞ս վերաբերվեցին Ձեր այստեղ գալուն։

Ծնողներս մանկավարժ են, իրենք էլ կցանկանային, որ ես իրենց ուղով շարունակեի։ Անկեղծ ասած՝ մինչև 9-րդ դասարանն ինքս էլ ցանկանում էի թարգմանչուհի դառնալ, սակայն 9-րդ դասարանից սկսեցի մասնակցել զինվորական պատրաստության օլիմպիադաների, գրավել 2-րդ, 3-րդ տեղերը։ Այդ օլիմպիադաներն էլ հիմք հանդիսացան, որպեսզի կարծիքս և տեսակետս փոխեմ մասնագիտության ընտրության հարցում։

— Ձեզ ի՞նչն է ռազմական ոլորտում ամենաշատը դուր գալիս։

Կարգապահությունը և ճշգրտությունը։

— Այստեղ գալուց հետո Ձեր պատկերացումներն ու իրականությունը համընկա՞ն։

Ճիշտ այդպես, համընկան, քանի որ արդեն տեղեկացված էի զինվորական կյանքին և նրա առօրյային, օրվա կարգացուցակի պահանջներին և պայմաններին։

— Զինատեսակներից, զինտեխնիկայից ի՞նչն եք ավելի շատ հավանում, ինչի՞ն կուզենայիք տիրապետել։

Անկեղծ ասած՝ նոր ենք սպառազինությունն ավելի խորությամբ ուսումնասիրում, ԱԿ-74 ինքնաձիգից բացի առայժմ ՊԿ գնդացիրն ենք անցել, որն ավելի բարդ զինատեսակ է։ Չգիտեմ, դեռ շատ զինատեսակների հետ պետք է ծանոթանանք, գուցե երբ իմանամ դրանց առավելությունների, թերությունների մասին, սկսեմ այլ տեխնիկա սիրել, դրա համար դեռ ստույգ չեմ կարող ասել։

— Արդյո՞ք համատեղելի են կինն ու ռազմական ոլորտը։

Իմ կարծիքով համատեղելի են։

— Ո՞րն է կին զինծառայողի աշխատանքի բարդությունը։

Դա կախված կլինի նրանից, թե մենք կգնանք դիրքեր որպես դասակի հրամանատար, թե նախարարությունում կաշխատենք։ Եթե նախարարությունում աշխատենք, ավելի հեշտ կլինի։

— Իսկ ինքներդ ո՞րը կնախընտրեք։

Անկեղծ ասած՝ ես ավելի շատ կողմնակից եմ ակտիվ, քան նստակյաց, թղթաբանությունների հետ կապված աշխատանքին։

— Եթե ընտրելու հնարավորություն ունենայիք, որտե՞ղ կուզենայիք շարունակել ծառայությունը։

Կամ Տավուշում, կամ  Արցախում, կամ Երևանում, ուրիշ ոչ մի տեղ։

— Զինվորական մասնագիտություններից ո՞րը կուզենայիք ավելի խորությամբ ուսումնասիրել։

Շարունակելու եմ մոտոհրաձգային մասնագիտությամբ, մնացած մասնագիտությունները կուսումնասիրեմ, բայց մակերեսորեն։

— Հրամանատար լինելու համար անհրաժեշտ գծեր ունե՞ք։

Առաջնորդության գծեր իրոք կան, թեստերի միջոցով էլ ենք ստուգել, լիդերության ամենաբարձր միավորները ես եմ հավաքել աղջիկներից։ Իսկ հրամանատար լինելու ամենակարևոր գործոնը հարգանքի վաստակումն է։

— Իսկ ի՞նչ է պետք անել դրան հասնելու համար։

Ուղղակի չոտնահարել անձնակազմի, քո ենթակաների ինքնասիրությունը կամ իրավունքները։ Պիտի պահպանվեն ենթակա և հրամանատար հարաբերությունները, սակայն ավելի բարիդրացիական հարաբերություններ հաստատելով։

Մարզումներից հետո

Մարզումներից հետո

— Զինվորական կյանքը, ասում են, տղամարդկային աշխարհ է, դուք հիմա հայտնվել եք այդ աշխարհում, ի՞նչ թերություններ ու առավելություններ եք նկատում այդտեղ, ի՞նչ անելիք ունի կինն այդտեղ։

Կինն, իհա´րկե, կարևոր դեր ունի այստեղ։ Մեր ներկայությամբ տղա զինծառայողները զսպված են, գիտեն՝ իրենց շարքերում աղջիկներ կան: Ճիշտ է՝ աղջիկներն ասում են, թե մենք ավելի ուժեղ ենք ուսման հարցով, սակայն տղաներ կան, որ ավելի բարձր են կրթական մակարդակով։ Կցանկանայի, որ աղջիկներն էլ տղաներին հավասարվեն ամեն ինչով, թեկուզ համազգեստ կրման միջոցով, թեկուզ որ դաշտային պարապմունքներին զենք ենք կրում, փորձենք միասին հաղթահարել, այսինքն զուտ խոսքի միջոցով չլինի, որ մենք հավասար ենք, փորձենք դա ապացուցել։ Մեր հրամանատարները հաճախ են ասում, որ օրինակ եվրոպական երկրների բանակներում կին զինծառայողները թույլ չեն տալիս, նույնիսկ վատ են զգում, որ ինչ-որ մեկը փորձում է օգնել իրենց զենքը կամ զինամթերքը տեղափոխել։

— Եթե Դուք դիրքերում ծառայեք, Ձեր հրամաններից են կախված լինելու շատ-շատերի կյանքերը։ Ունե՞ ք անհրաժեշտ սառնասրտություն, արագ կողմնորոշվելու կարողություն։

Հա, արագ եմ կողմնորոշվում, արագ եմ մտածում, գիտեմ, որ իմ ենթակայության տակ լինելու են քսանից ավելի տղաներ։ Սպաներն ասում են, որ զորքում արդեն լրիվ ուրիշ է, նույնիսկ տղաների համար է դժվար երբեմն։

— Ձեզ սահմանամերձ գոտում հրամանատարի կարգավիճակում պատկերացնու՞մ եք։

Պատկերացնում եմ, բայց կարճ ժամանակով, որովհետև նպատակներս մի քիչ այլ են, ես նպատակ ունեմ ավելի շատ բարձրանալ, չէի ցանկանա միշտ սահմանամերձում լինել, ուզում եմ կրթությունս անընդհատ բարելավեմ։ Բոլոր սպաներն են ծրագրում, կոչումների բարձրացման հետ նրանք պետք է նաև համապատասխան կրթություն ստանան։ Կապիտան, մայոր, ավելի բարձրաստիճան սպաներ դառնալու համար նրանք անցնում են կուրսեր։

— Բայց չէ՞որ այդ հմտությունները պետք է գործի մեջ դնել։

Պիտի դասակի հրամանատարից, ամենացածր օղակից սկսես, սակայն մարդիկ կան, որ դեռ դոփում են նույն տեղում։ Կցանկանայի անընդհատ առաջ գնալ, այնպես չլինի, որ միայն սիրելով սահմանամերձ գոտին, միշտ մնամ նույն տեղում։

— Կարիերայից բացի ապագան ինչպե՞ս եք տեսնում։

Չգիտեմ, առայժմ միայն ուսման ու կարիերայի մասին եմ մտածում։

— Ե՞րբ եք պլանավորում ընտանիք կազմել։

Երևի 25 տարեկանում ամենաշուտը։ Որովհետև մեր գործն այնպիսին է, որ 22 տարեկանում եթե ավարտենք, այսինքն լեյտենանտի ուսադիրներ ունենանք, պիտի առնվազն երեք տարի աշխատենք։

— Իսկ եթե սիրահարվե՞ք։

Ինձ թվում է՝ դա բանականության հետ է կապված ավելի շատ, զգացմունքները չպիտի կառավարեն բանականությունը։

— Կկարողանա՞ք Ձեր զգացմունքները կառավարել։

Իհա´րկե։

Իսկ քանի՞ երեխա կուզենայիք ունենալ։

Երկու։

— Տղա՞, աղջի՞կ։

Տղա և աղջիկ։

— Ի՞նչ խորհուրդ կտաք այն զինծառայողներին, ովքեր այս պահին դիրքերում են ու ապահովում են Ձեր անվտանգ ու հանգիստ ուսումնառությունը։

Խորհուրդ կտայի, որպեսզի իրենց ծառայությունն ավելի բարեխիղճ անցկացնեին դիրքերում։ Բարեխիղճ լինեն և կատարեն իրենց հրամանատարի բոլոր առաջադրանքներն ու հրամանները։

— Այս ոլորտում կա՞ մի բան, որ Ձեզ դուր չի գալիս։

Դե թերություններ բոլոր ոլորտներում էլ կան։

Կուրսանտ Արմինե Գրիգորյանը

Կուրսանտ Արմինե Գրիգորյանը

— Ձեզ համար ամենացայտունը ո՞րն է, որ երբ հրամանատար դառնաք դրան ուշադրություն դարձնեք։

Չգիտեմ, կարծիք կա, որ հայերը ենթարկվող չեն, կցանկանայի, որ իմ ենթականերն ավելի ենթարկվող լինեն։

— Իսկ Դուք ենթարկվո՞ղ եք հիմա։

Այո, բայց շատ դժվարությամբ։

— Բայց պահանջելու եք նույնը Ձեր ենթականերից։

Հա, ինձ նույնպես ասում են՝ եթե չենթարկվես, չես կարող քո ենթարկաներին ենթարկել։ Ես չեմ պահանջի մի բան, որ ես չեմ կատարում, պահանջում եմ այն, ինչ կատարում եմ։

— Արդյո՞ք զինվորական կյանքը այն է, ինչ երազել եք։

Երազանքներս մի քիչ այլ են, ավելի շատ անիրականանալի։ Սա նպատակ եմ դրել և հասել եմ։

— Իսկ սա ա՞յն էր, ինչ սպասում էիք այստեղ գալով։

Արդեն ասացի, որ չորս տարի առաջ եմ ընտրությունս կատարել, սակայն մինչև ինստիտուտ գալս, երբ բոլոր թղթերը պատրաստ էին, երբ որ արդեն պետք է գայի, ինձ թվում էր՝ ինստիտուտում այնպիսի բան է լինելու, որ ինձ հիասթափեցնելու է, դրա համար աշխատում էի շատ չոգևորվեի։ Ոգևորություն արդեն այստեղ առաջացավ, ու ես դրա համար շատ ուրախ եմ։

Ի՞նչ խորհուրդ կտայիր աղջիկներին, ովքեր կամուկացի մեջ են՝ գա՞լ, թե չգալ։

Ինչպես նախարարն է ասել՝ մեզ քանակ պետք չէ, մեզ որակ է պետք։ Այնպես որ թեկուզ քիչ լինենք, բայց որակով։ Թող գան այն աղջիկները, ովքեր և´ խելացի են, և´ ֆիզիկական համապատասխան տվյալներ ունեն, ու նաև եթե իրենց էությունը, սկզբունքները համապատասխանում են զինվորական գործին։

Հարցազրույցը՝ Հասմիկ Մելիքսեթյանի

Նկարները՝ Սոսե Մուրադյանի

One response to “Հրամանատար լինելու ամենակարևոր գործոնը հարգանքի վաստակումն է. աղջիկ կուրսանտ

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 5-11 ապրիլի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *