Պանկիսի կիրճում ահազանգում են. ԻՊ-ի համար հավաքագրում են տեղի երիտասարդներին

Վրաստանի հյուսիսարևելյան հատվածում գտնվող Պանկիսի կիրճի ավագների խորհուրդը ապրիլի 6-ին դիմել է Վրաստանի իշխանություններին՝ կանխելու համար կիրճի երիտասարդներին՝ Սիրիա տանելու նպատակով հավաքագրումները։Այս մասին հայտնում է վրաստանյան Civil.ge լրատվամիջոցը։

Խալացանին Ախմետի շրջանի գյուղերից է՝ Պանկիսիի կիրճում

Խալացանին Ախմետի շրջանի գյուղերից է՝ Պանկիսիի կիրճում

Ավագների խորհուրդը հավաք է արել, երբ պարզվել է, որ կիրճից երկու երիտասարդ՝ 16-ամյա Մուսլիմ Կուշտանաշվիլին և 18-ամյա Ռամզան Բաղակաշվիլին, անհետացել են։ Նրանց վերջին անգամ տեսել էին ապրիլի 2-ին։ Ապրիլի 6-ին պարզվել է, որ նրանք ինքնաթիռով մեկնել են Թուրքիա, որտեղից էլ, ենթադրաբար, գնալու են Սիրիա՝ «Իսլամական պետություն» զինված խմբավորման շարքերը համալրելու։

Հարկ է նշել, որ Վրաստանի այդ հատվածում ապրում են իսլամ դավանող քիստեր (չեչեններ)։ Պանկիսիում գործող ավագների խորհուրդը կազմված է հիմնականում սուֆիզմի հետևորդներից, սակայն խորհրդի ազդեցությունն աստիճանաբար թուլանում է, քանի որ տեղի երիտասարդության շրջանում մեծանում է սալաֆիականության (վահաբականություն) դերը, ինչն էլ անհանգստացնում է սուֆիզմի հետևորդներին, քանի որ երիտասարդների շրջանում արմատավորվում է ծայրահեղականությունը։

Նշենք, որ սալաֆի բնակիչները հրաժարվել են ստորագրել ավագների խորհրդի՝ Վրաստանի իշխանությանը հղված դիմումը՝ նշելով, որ սալաֆիների վրա «հարձակվելու» փոխարեն պետք է պայքարել երիտասարդներին հավաքագրող և Սիրիա ուղարկող խմբերի դեմ։

Իր հերթին, ապրիլի 6-ին, Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին լրագրողների հետ զրույցում նշել է, որ երիտսարդների՝ երկրից դուրս գալու գործն այժմ հետաքննվում։ «Մենք կապվել ենք թուրքական կողմի իրավապահների հետ և խնդրել օգնել երիտասարդների վերադարձման հարցով»,- հայտնել է Գոմելաուրին՝ հավելելով, որ հնարավոր է նրանք արդեն Սիրիա անցած լինեն։

Տեղեկացնենք, որ ԻՊ-ի շարքերում կռվող վրաստանցի քաղաքացիների թիվը հստակ չէ, ամենատարբեր աղբյուրներով Պանկիսիի կիրճից Սիրիայում մարտնչում է 50-60 զինյալ։

Սիրիայում կռվող ամենահայտնի վրաստանցին (նույնպես Պանկիսիի կիրճից) Թարխան Բատիրաշվիլին է, նույն ինքը՝ Ումար ալ Շիշանին (Շիշանին արաբերեն Չեչնիան է)։ Բատիրաշվիլին Սիրիայում «Իսլամական պետության» խմբավորման հայտնի հրամանատարներից է։ Դեռ 2014-ին ԱՄՆ-ն Բատիրաշվիլուն ներառել է ԻՊ-ի հետ կապ ունեցող ամենավտանգավոր 11 ահաբեկիչների ցանկում։

Հավելենք նաև, որ երբ 2014-ի դեկտեմբերի 8-ին հայտնի դարձավ Սիրիայում սպանված ևս մեկ վրաստանցու մասին, երկրի խորհրդարանը որոշեց օրենքի նախագիծ մշակել, որով պատասխանատվության կենթարկվեն բոլոր այն քաղաքացիները, ովքեր օտար երկրներում կմասնակցեն զինված հակամարտություններին։ Խոսքը չի վերաբերում, սակայն, Ուկրաինայի կառավարական ուժերի կազմում Դոնբասում կռվող վրաստանցիներին։

Սիրիական հակամարտության ընթացքում արդեն մահացել է 11 վրաստանցի, որոնցից 10-ը եղել են Պանկիսիի կիրճից (Ախմետի շրջան), 1-ը՝ Աջարիայից։ Նշենք, որ Վրաստանի Ախմետի շրջանը հյուսիսից սահմանակից է Չեչնիային, իսկ արևելքից՝ Դաղստանին։

One response to “Պանկիսի կիրճում ահազանգում են. ԻՊ-ի համար հավաքագրում են տեղի երիտասարդներին

  1. Pingback: Վրաստանի Պանկիսի կիրճից ԻՊ-ի համար երիտասարդների հավաքագրումների թեման զարգանում է | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *