Արցախում կայացել է ռազմական խորհրդի նիստ

ՊԲ Լրատվության և քարոզչության բաժնը տեղեկացնում է, որ հունիսի 21-ին տեղի է ունեցել ԼՂՀ ՊԲ ռազմական խորհրդի հերթական նիստը` նվիրված 2012թ. բանակային ուսումնական տարվա առաջին կիսամյակի արդյունքների ամփոփմանը: Ռազմական խորհրդի նիստին մասնակցում էին ՊԲ հրամկազմը, ծառայությունների  ու բաժինների պետերը, միավորումների, զորամասերի հրամանատարներն ու նրանց տեղակալները, ինչպես նաև զինվորական իրավապահ մարմինների ղեկավարները:

Նիստը բացեց ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, ով նախ անձնակազմին ներկայացրեց գնդապետ Մասիս Միքայելյանին բանակի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ նշանակելու մասին պաշտպանության նախարարի հրամանը, այնուհետև անդրադարձավ ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումներին և տարածաշրջանում տեղի ունեցած ռազմաքաղաքական կարևոր իրադարձություններին: Բանակի հրամանատարի ներածական խոսքին հաջորդեցին ՊԲ հրամանատարի տեղակալների, միավորումների և զորամասերի հրամանատարների ելույթներն ու զեկույցները, որոնցից յուրաքանչյուրն անդրադարձավ իր ոլորտի ձեռքբերումներին ու թերացումներին և խոսեց ոլորտի կատարելագործման համար անհրաժեշտ ապագա անելիքների մասին:

Ռազմական խորհրդի նիստն ավարտվեց Մ. Հակոբյանի ամփոփիչ խոսքով, ով ըստ ոլորտների մեկ անգամ ևս անդրադարձավ հաշվետու կիսամյակում կատարված աշխատանքներին և համապատասխան հանձնարականներ ու ցուցումներ տվեց երկրորդ կիսամյակի աշխատանքները պատշաճ մակարդակով կազմակերպելու համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *