Թուրքիայի խորհրդարանն ընդունել է «Ներքին անվտանգության փաթեթը»

Մի քանի ամիս տևած քննարկումներից հետո մարտի 27-ին Թուրքիայի խորհրդարանն ընդունել է, իսկ ապրիլի 4-ին նախագահն ի վերջո վավերացրել է «Ներքին անվտանգության փաթեթը», որը Թուրքիայի Ազգային մեծ ժողովն ընդունել էր: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը։

Թուրքիայի ԶՈւ ժանդարմերիա

Թուրքիայի ԶՈւ ժանդարմերիա

Օրենքների փոփոխությունների՝ 68 հոդվածից բաղկացած փաթեթը, կամ այսպես կոչված «Ներքին անվանգության փաթեթը», կարգավորում է Թուրքիայի ոստիկանության, ինչպես նաև ժանդարմերիայի և առափնյա անվտանգության ուժերի գործունեությունը:

Փաթեթի համաձայն՝ ժանդարմերիայի և առափնյա անվտանգության հրամանատարական կազմից բացի՝ մնացած ծառայողներին, ինչպես նաև նահանգային աշխատակիցներին նշանակելու է ներքին գործերի նախարարը։

Օրինագծի համաձայն ոստիկանությունն առավել լայն իրավասություններ է ստանում ցույցերի ժամանակ, իսկ ցուցարարների իրավունքները հնարավորինս սահմանափակվում են։ Մասնավորապես արգելվում է օգտագործել «մոլոտովյան կոկտեյլներ»։ Օրենքը խախտողները կարող են ազատազրկվել 2,5-4 տարի ժամկետով։

Օրինագծի մի շարք հոդվածների համաձայն՝ ժանդարմերիայի և առափնյա անվտանոգության ծառայողները՝ ոչ զինվորական բնույթի խախտումների պատճառով կարող են աշխատանքից հեռացվել ներքին գործերի նախարարության որոշմամբ։ Անհրաժեշտության դեպքում նման առաջարկով կարող է հանդես գալ նաև առափնյա անվտանգության ուժերի և ժանդարմերիայի հրամանատարները։

Նշենք, որ Թուրքիայի իշխանություններն այս օրինագիծն առաջ են քաշել 2014-ի հոկտեմբերի քրդական զանգվածային բողոքի ցույցերից հետո։ Ընդդիմադիր կուսակցությունները մտավախություն ունեն, որ այս օրինագիծը միևնույն ժամանակ ուղղված է լինելու նաև հնարավոր ընդդիմադիր ցույցերի ճնշմանը՝ ամռանը սպասվող խորհրդարանական ընտրությունների ժամանակ։

Փաթեթի քննարկումները սկսվել էին դեռևս փետրվարի 17-ին, սակայն ինչպես այդ օրվա, այնպես էլ փետրվարի 18-ի, 20-ի և 22-ի ԹԱՄԺ-ի քննարկումների ընթացքում օրինագծի հետ կապված անհամաձայնություններ էին առաջացել իշխող ԱԶԿ-ի և ընդդիմադիր կուսակցությունների միջև, ինչը վերածվել էր ծեծկռտուքի։ Բախումների ընթացքում վիրավորվել էին մի շարք ընդդիմադիր պատգամավորներ։ Սակայն ԱԶԿ-ին ի վերջո հաջողվեց անցկացնել օրինագծի դրույթների մի մասը։

Սկզբնական շրջանում օրինագիծն ընդգրկում էր 132 հոդված, սակայն քննարկումների արդյունքում որոշվեց հանել հոդվածների մի մասը, և վերջնական տարբերակն արդեն իսկ ընդգրկում է 68 հոդված։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *