Կարմիր խաչը թույլտվություն է ստացել մարդասիրական օգնություն հասցնել Եմեն

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այսօր՝ ապրիլի 6-ին, Սաուդյան Արաբիայի գլխավոր միջազգային կոալիցիայից իրավունք է ստացել արտակարգ օգնության երկու թռիչք կատարել դեպի Եմենի մայրաքաղաք Սանա՝ ուղարկելով բուժանձնակազմ և դեղորայք՝ որպես մարդասիրական օգնություն: Այս մասին հայտնում է BBC հեռուստառադիոընկերության կայքը։

Եմենցի զինվորականը Սաուդյան Արաբիայի՝ ապրիլի 5-ի ավիահարվածներից հետո

Եմենցի զինվորականը Սաուդյան Արաբիայի՝ ապրիլի 5-ի ավիահարվածներից հետո

Մինչ այդ էլ՝, ապրիլի 4-ին, Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտագնության խորհրդում հանդես է եկել Եմենում զինադադար հաստատելու, տեղի քաղաքացիներին մարդասիրական օգնություն հասցնելու ու այլ երկրների քաղաքացիներին տարհանելու անհրաժեշտության վերաբերյալ բանաձևով: 24-ժամյա զինադադարի կոչ է արել նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեն:

Առաջարկից ժամեր անց Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան նոր թափով ավիահարվածներ է սկսել Սանայի վրա, որոնք, ինչպես հաղորդում է Al Jazeera հեռուստաընկերության կայքը, ավելի ծանր են եղել, քան նախորդ օրերին:

Վերջին երկու օրվա ընթացքում հութիների և կառավարական ուժերի միջև բուռն մարտեր են ընթանցել հատկապես երկրի հարավում՝ ռազմավարական նշանակության Ադեն քաղաքի համար: ՄԱԿ-ի հաղորդած տեղեկությունների համաձայն՝ երկու շաբաթվա ընթացքում մահացել է ավելի քան 500 մարդ:

Նշենք, որ ՄԱԿ-ում՝ զինադադարի վերաբերյալ քննարկումներին զուգահեռ Պակիստանի խորհրդարանում քննարկել են Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիային միանալու հարցը, որին հաջորդել է ապրիլի 5-ին Պակիստանի 170 քաղաքացիների՝ ինքնաթիռով տարհանումը:

Ավելացնենք, որ Եմենում ներքաղաքական իրավիճակը սրվել է դեռևս փետրվարին, երբ հութիներն իշխանությունից հեռացրել են երկրի նախագահ Աբդ-Ռաբբա Մանսուրա Հադին, և վերջինս ստիպված է եղել ապաստանել երկրի հարավում՝ Ադեն քաղաքում: Եմենի արտգործնախարարը Պարսից ծոցի երկրներին կոչ է արել, որ ռազմական միջամտությամբ կանխեն շիադավան, իրանամետ հութի ապստամբների՝ դեպի երկրի հարավային շրջաններ առաջխաղացումը: Իսկ մարտի 24-ին ռազմական աջակցության խնդրանքով ՄԱԿ-ին է դիմել երկրի նախագահ Աբդ-Ռաբբա Մանսուրա Հադին, որից հետո Սաուդյան Արաբիան ու Պարսից ծոցի արաբական 9 երկրներ Եմենի օրինական ղեկավարի խնդրանքով ռազմական գործողություններ են սկսել Եմենում։

Գործողություններին մասնակցում են Պարսից ծոցի արաբական երկրները՝ բացառությամբ Օմանի։ Արաբական Միացյալ Էմիրությունները գործողություններին մասնակցում է 30 կործանիչով, Բահրեյնը՝ 15, Քուվեյթը՝ 15, Քաթարը՝ 10 և Հորդանանը՝ 6 կործանիչներով։ Եգիպտոսը և Սուդանը ևս մասնակցելու պատրաստակամություն են հայտնել։ Ռազմական գործողություններին Ծոցի երկրների կոալիցիայի կազմում մասնակցում է մոտ 100 մարտական ինքնաթիռ և 150 հազար զինվորական։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *