ՊԲ անձնակազմը գիշերային վարժանքներով պատրաստվում է Ադրբեջանի ԶՈւ դիվերսիաներին

Մարտի 31-ին Պաշտպանության բանակի կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի անձնակազմը դասակների կազմով անցկացրել է գիշերային վարժանքներ, որոնց նպատակն է եղել կատարելագործել անձնակազմի հմտությունները գիշերային հարձակողական մարտի պայմաններում: Այս մասին հայտնի է դարձել Պաշտպանության բանակի մամուլի ծառայության «Գոյամարտ» հաղորդաշարից:

ՊԲ ստորաբաժանման կրակային զորավարժության ընթացքը

ՊԲ ստորաբաժանման կրակային զորավարժության ընթացքը

Ըստ վարժանքներին ներգրավված զորամասի հրամանատարի տեղակալ Մանվել Գրիգորյանի՝ իրենք նման վարժանքներ կազմակերպել են հաշվի առնելով ադրբեջանական կողմի հաճախակի դարձած դիվերսիոն գործողությունները, և որպեսզի նման դեպքերում հայկական ստորաբաժանումները վարժված լինեն, կարողանան համապատասխան պատժիչ գործողություններ իրականացնել:

Արցախի «Տիգրանակերտ» զորավարժարանում անցկացված մարզումները մոտեցված են եղել մարտական պայմաններին, վարժանքների գոտում կահավորված են եղել կեղծ «ականապատ» տարածքներ, ներգրավված է եղել զրահատեխնիկա:

Զորամասի հրամանատարի տեղակալի խոսքով՝ վարժանքների ընթացքում անձնակազմը կարողացել է կատարել իր առջև դրված մարտական խնդիրը, կրակային խոցման արդյունքները եղել են գոհացուցիչ:

Ավելացնենք, որ ՊԲ հաղորդագրությունների համաձայն՝ միայն մարտ ամսվա ընթացքում ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները Պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ դիվերսիոն հարձակման փորձ են արել երկու անգամ՝ երկուսն էլ գիշերային պայմաններում:

Իսկ ապրիլի 5-ից 10-ը Ադրբեջանի զինված ուժերի տարբեր զորատեսակների ստորաբաժանումները անցկացնում են գիշերային օպերատիվ-մարտավարական զորավարժություն, որին ներգրավվելու են 15 հազարանոց անձնակազմ, 200 միավոր զրահատեխնիկա, ավելի քան 300 միավոր հրետանային կայան, մարտական 12 ուղղաթիռ և 8 ինքնաթիռ, ինչպես նաև հակաօդային պաշտպանության միջոցներ։

Նշվում է նաև, որ ըստ զորավարժության սցենարի, անձնակազմը պետք է գիշերային ժամերին իրականացնի պայմանական հակառակորդի ամրաշինական կառույցների գրոհ՝ տանկային ստորաբաժանումների և այլ զրահատեխնիկայի կիրառմամբ։ Սցենարով նախատեսված է նաև դեսանտի իջեցումը պայմանական հակառակորդի թիկունք։

One response to “ՊԲ անձնակազմը գիշերային վարժանքներով պատրաստվում է Ադրբեջանի ԶՈւ դիվերսիաներին

  1. Pingback: ՊԲ տանկային բրիգադներից մեկում գիշերային զորավարժություն է անցկացվել | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *