Հայաստանում և Ռուսաստանում համատեղ զորավարժությունների են պատրաստվում

Հայաստանի զինված ուժերը սեպտեմբերին կայանալիք ՀԱՊԿ «Փոխգործակցություն-2012» զորավարժությունների համար նախապատրաստական զորավարժություններ են անցկացնում։ Օրերս ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել էր, որ դրանց ժամանակ զորքերը բերվելու են բարձր մարտական պատրաստության, պատրաստվելու են ռազմական դրության անցնելու, զորահավաք անց կացնելու և թշնամու ագրեսիան հետ մղելու մասին համապատասխան հրամաններ, ինչպես նաև ՀՀ նախագահի ուղերձը ՀԱՊԿ ղեկավարությանը։

Նախապատրաստական զորավարժություններ են անց կացվում նաև Ռուսաստանում, որտեղ պատրաստվում են ինչպես ՀԱՊԿ «Փոխգործակցություն-2012», այնպես էլ սեփական «Կովկաս-2012» զորավարժություններին։

Մասնավորապես Հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) մամլո ծառայությունից հայտնում են, որ «Սերնովոդսկի» զորավարժարանում օրերս սկսվելու են ՀՌՇ կապի զորքերի հատուկ տակտիկական ուսումնավարժությունները։ Դրանց կմասնակցեն Հարավային Օսիայում, Աբխազիայում, ինչպես նաև Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի զորքերը։ Ռուսական զորքերը զորավարժությունների ժամանակ հաշվի են առնելու նաև ՀԱՊԿ միացյալ շտաբում մշակած ծրագրերը։

Մեկ այլ զորավարժություն է ընթանում Կասպից ծովում։ Այդ ծովային մարտավարական վարժանքներին մասնակցում են Ռուսաստանի կասպիական տորմիղի 15 նավ, որոնք տորմիղի հրամանատար, կոնտր-ծովակալ Սերգեյ Ալեկմինսկու խոսքերով կատարելու են նավերի հակադիվերսիոն և հակաօդային պաշտպանության, ինչպես նաև ցամաքային թիրախների հրետանային ճնշման խնդիրներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *