Հայկական զինուժի կորուստները 2015-ի մարտին. Ռազմինֆո

Հայկական զինված ուժերը (ներառյալ Պաշտպանության բանակը) 2015-ի մարտի 1-ից 31-ն ունեցել են 8 զոհ և 4 վիրավոր։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հայկական զինված ուժերն ունեցել է 5 կորուստ:

Ռազմինֆոն հայկական բանակի կորուստները խմբավորել է ըստ երկու չափանիշների` «մարտական» և «ոչ մարտական»:

տարբերանշանՈրպես մարտական հաշվել ենք հրադադարի ռեժիմի խախտման կամ առաջնագծում ականների պայթյունների պատճառով կորուստները։
Ոչ մարտական կորուստները պայմանականորեն բաժանվել են մի քանի ենթաբաժինների՝ սպանություններ, ինքնասպանություններ, առողջական խնդիրներ, դժբախտ պատահարներ (ճանապարհատրանսպորտային պատահարներ, զենքի, զինամթերքի հետ վարվելու կանոնների խախտումներ, այլ պատահարներ)։

Կորուստներ

Մարտ ամսվա 8 կորուստներից 6-ը մարտական են, 2-ը՝ ոչ մարտական։ Դրանք բոլորը գրանցվել են Պաշտպանության բանակում։ Մարտական 6 կորուստներն արձանագրվել են հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման և դիվերսիոն հարձակման հետևանքով, մյուսները՝ մի դեպքում զինծառայողը հանկարծամահ է եղել, մեկ այլ դեպքում՝ ինքնասպան։

Մարտական կորուստներ

Մարտի 2-ին  հրադադարի խախտման պատճառով ՊԲ արևելյան ուղղության մարտական հենակետերից մեկում հակառակորդի կրակոցից զոհվել է զինծառայող, 1995թ. ծնված Արսեն Աբրեստի Կարապետյանը:

Մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակվել է հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա:  Հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) և Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.), ևս 4 զինծառայողներ վիրավորվել էին: Ցավոք, մարտի 26-ին վիրավոր զինծառայողներից Սամվել Սասունի Հակոբյանը մահացավ Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում։

Մարտի 29-ին ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կրակոցից մահացել է զինծառայող, 1995թ. ծնված Հովսեփ Սամսոնի Անդրեասյանը:

Ոչ մարտական կորուստներ

Մարտի 6-ին հայաստանյան Pastinfo.am լրատվակայքը հայտնեց, որ ՀՀ ՊՆ զորամասերից մեկի կաթսայատան պետ, 49-ամյա պայմանագրային զինծառայող Սամվել Միրզոյանն ինքնասպան եղել՝ իր գոմի մոտ գտնվող գազատարի խողովակից կախվելու միջոցով։ Պաշտոնական հերքում կամ հաստատում դեպքի վերաբերյալ չի եղել։

Մարտի 22-ին ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում ժամը 17:15-ի սահմաններում հանկարծամահ է եղել  1992թ. ծնված ՊԲ զինծառայող, սերժանտ Հայկ Տարոնի Մարգարյանը։ Զինվորական քննչական գլխավոր վարչությունում իրականացվում է քննություն՝ պարզելու Ժամկետային զինծառայողի մահվան հանգամանքներն ու պատճառները։ Դեպքի առթիվ նախապատրաստվել են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Վիրավորներ

Մարտի 19-ին հակառակորդի դիվերսիոն հարձակման փորձի ժամանակ վիրավորվել էր 4 զինծառայող։ Ցավոք, վիրավորներից մեկը մի քանի օր անց մահացավ, մյուս 3 զինծառայողների՝ լեյտենանտ Սարգիս Գաբրիելյանի և շարքային Էդգար Մարտիրոսյանի առողջական վիճակը ներկայումս գնահատվում լավ, Գոռ Դալմանյան վիճակը շարունակում է մնալ ծանր։

Մարտի 21-ին հայաստանյան Yerkir.am լրատվակայքը  հայտնեց, որ այդ օրերին Տավուշում հակառակորդի գնդակից վիրավորվել է զինծառայող՝ հղում անելով Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանին։ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն այդ առթիվ հայտնեց. «Բերդի տարածաշրջանում է եղել դեպքը, աննշան բան է եղել, զինվորը հիմա լավ է»։

Աղբյուրներ

Ռազմինֆոն ցուցակները կազմելիս օգտվել է բացառապես բաց աղբյուրներից: Դրանք են գերատեսչական աղբյուրները՝ ՊՆ կայքը և մամուլի ծառայությունը, ՊԲ պաշտոնական կայքը, ՀՀ քննչական կոմիտեն, ինչպես նաև թեմային անդրադարձող հայկական լրատվամիջոցները, այլ բաց աղբյուրները։

Այսպիսով՝

Հունվար —12 զոհ և 8 վիրավոր
Փետրվար —6 զոհ և 1 վիրավոր
Մարտ — 8 զոհ և 4 վիրավոր

Ադրբեջանական բանակի կորուստներն՝ այստեղ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *