Ռազմինֆոյի՝ բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում 2015-ի մարտին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրվել է զինծառայողների մահվան 11 և վիրավորման 1 դեպք։ Եվս 3 կորստի մասին հայտնել է հայաստանյան լրատվակայքերից մեկը։
Գումարային առումով հայտնի դարձած 14 կորստից 8-ը մարտական են, 4-ը` սպանության, 1-ը` ինքնասպանության և 1-ը հիվանդության հետևանք։ Պաշտոնական աղբյուրները հաստատել են հայտնի դարձած 14 կորուստներից միայն 5-ը։ Ընդ որում՝ դեպքերից մեկում Ադրբեջանի ՊՆ-ն ստիպված եղավ հաստատել մարտական կորուստը միայն այն ժամանակ, երբ տեղեկությունն այդ մասին արդեն իսկ լայն տարածում էր գտել սոցիալական ցանցերում։
Վերոնշյալ վիճակագրությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է թաքցնել կորուստները, ու նման տեղեկությունների հայթայթման գործում աստիճանաբար ավելի մեծ տեղ են սկսում զբաղեցնել ընդդիմադիր լրատվակայքերը, սոցիալական ցանցերն ու այլ բաց աղբյուրներ։
Կորուստներ
Մարտի 2-ին Ռազմինֆոյին ադրբեջանական ոչ պաշտոնական աղբյուրներից հայտնի դարձավ, որ դրա նախօրեին՝ մարտի 1-ին, հայկական դիպուկահարի գնդակից սպանվել է ադրբեջանցի զինծառայող, 19-ամյա Միրզաև Մեհդի Նաբի օղլուն։ Ադրբեջանի ՊՆ-ն այս տեղեկությունը որևէ կերպ չմեկնաբանեց։
Մարտի 2-ին այլընտրանքային աղբյուրների մշտադիտարկման արդյունքում Ռազմինֆոյին հայտնի դարձավ, որ մարտի 1-ին Ղազախի շրջանի զորամասերից մեկում զինծառայող Փաշաև Հուսեյն Մեհեմմեդ օղլուն իր ծառայողական զենքով կրակել է ծառայակից Հուսեյնով Ռազի Իլգար օղլուի գլխին, ինչի հետևանքով վերջինս մահացել է։ Ադրբեջանի ՊՆ-ն այս տեղեկությունը ևս փորձում էր պահել գաղտնի։
Մարտի 2-ին Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հայտնեց, որ սրտային անբավարարությունից մահացել է 1990-ին ծնված Փարվանաև Վիջայ Գյուլմեթ օղլուն։ Հաղորդագրությունում նշվում է, որ դեպքի առթիվ զինվորական դատախազությունը հարուցել է քրեական գործ։
Մարտի 7-ին հայաստանյան Times.am լրատվակայքը հաղորդեց հայկական կողմի գործողությունների արդյունքում նախօրեի գիշերը սպանված ադրբեջանցի 3 զինծառայողների անուններ։ Նրանք են շարքայիններ Զամին Ամինովն ու Ալեքպեր Աբասովը և լեյտենանտ Շալալ Հասանովը։
Մարտի 7-ին ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV լրատվակայքը հայտնեց, որ Մռավում տեղակայված զորամասերից մեկում սպանվել է 24-ամյա զինծառայող, Սումգայիթից զորակոչված Բայրամով Անար Գյունեշ օղլուն, ում գնդակահարել է ծառայակիցը։ ՊՆ մամուլի ծառայությունն այս դեպքն այդպես էլ որևէ կերպ չմեկնաբանեց։ Պաշտոնապես միջադեպը հաստատվեց միայն 4 օր անց՝ մարտի 11-ին, երբ զինվորական դատախազությունը տարածեց հաղորդագրություն՝ նշելով, որ զինծառայող Բայրամովի սպանության կասկածանքով ձերբակալվել է նրա ծառայակիցը՝ կրտսեր սերժանտ Բեյվերդիև Թուրալ Գյուլմիրզա օղլու։
Մարտի 12-ին Ադրբեջանի ՊՆ-ն հայտնեց, որ նախօերին՝ մարտի 11-ի երեկոյան, իբր հայկական դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման ժամանակ մղված մարտում մահացել է զինծառայող, շարքային Աթաև Անար Մամեդ օղլուն։
Մարտի 12-ին՝ օրվա երկրորդ կեսին, Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվին մերձակա Գալա բնակավայրում տեղակայված զորամասում քացախ խմելու եղանակով ինքնասպան էր եղել զինված ուժերի զինծառայող, ավագ ենթասպա Օսմանով Բեհրամը։ Այս մասին մարտի 13-ին հայտնեց ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV լրատվակայքը՝ նշելով, որ տեղեկությունը տրամադրել են մահացածի մերձավորները։
Մարտի 13-ին Ադրբեջանի ՊՆ-ն հայտնեց, թե հայկական կողմից «հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով» սպանվել է զինված ուժերի զինծառայող Գուլիև Օրխան Վագիֆ օղլուն։ Սպանվածի մասին այլ տվյալներ չէին նշվում։ Ավելի ուշ՝ մարտի 19-ին, Ռազմինֆոն հրապարակեց բաց աղբյուրների վրա հիմնված հետաքննության արդյունքները, համաձայն որոնց՝ Օրխան Գուլիևը կոչումով ավագ լեյտենանտ էր, իսկ ի պաշտոնե՝ Բեյլագանում տեղակայված թիվ 218 զորամասի հետախուզական 2-րդ վաշտի հրամանատարը։
Մարտի 24-ին ադրբեջանական Moderator.az լրատվակայքը հայտնեց, որ Ջալիլաբադի շրջանում տեղակայված զորամասերից մեկի զինծառայող Յուսիֆով Սեմերխան Էթիբար օղլուն մահացել է՝ ծառայակցի արձակած գնդակից։ ՊՆ-ն միջադեպն այդպես էլ չհաստատեց։
Մարտի 26-ին ադրբեջանական «Յենի Մուսավաթ» թերթի լրատվակայքը հրապարակեց հոդված, որում նշվում էր, որ նույն օրը հայկական ուժերի հետ շփման գծում սպանվել է Գերանբոյի շրջանի Սեֆիքյուրդ գյուղից զորակոչված պայմանագրային զինծառայող Քազըմով Էթիբար Խուդավի օղլուն։ Ժամեր անց հրապարակումը հեռացվեց, սակայն արդեն իսկ արձանագրվել և հրապարակվել էր Ռազմինֆոյի կայքում, այդ թվում՝ նաև ռուսալեզու բաժնում։ Ադրբեջանի ՊՆ-ն մարտի 27-ին ստիպված եղավ ընդունել մարտական կորուստը, սակայն միայն այն բանից հետո, երբ լուրը սոցցանցերում արդեն իսկ ստացել էր լայն տարածում։
Մարտի 28-ին ադրբեջանական պետական «Ազերթաջ» գործակալությունը հայտնեց, որ առաջնագծի Աղդամի հատվածում մարտի 27-ին սպանվել է զինված ուժերի սպա, ավագ լեյտենանտ Ահմադով Իգբալ Սերաֆ օղլուն։ «Ազերթաջի» հրապարակմանը հղումով՝ սույն տեղեկությունը տեղ գտավ նաև իշխանամետ «ԱՊԱ» գործակալության կայքում, սակայն մարտի 29-ի երեկոյան վերոնշյալ 2 կայքերից ավագ լեյտենանտ Ահմադովի մահվան մասին հրապարակումներն արդեն հեռացված էին։ Ադրբեջանի ՊՆ-ի՝ կորուստները թաքցնելու մարտավարության այս հերթական դրսևորմանը Ռազմինֆոն անդրադարձել է առանձին հրապարակմամբ։
Մարտի 29-ին ադրբեջանական ընդդիմադիր մամուլը հայտնեց, որ ԶՈւ զորամասերից մեկում զինծառայող Նազիմ Իբրահիմովն իրեն ամրակցված զենքից կրակել է իր ծառայակցի՝ Վասիֆ Ֆիրուդինլիի գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է։
Վիրավորներ
Մարտի 6-ին Ադրբեջանի ՊՆ-ն տարածեց հաղորդագրություն՝ հայտնելով, որ մարտի լույս 6-ի գիշերը՝ «հայկական զինուժի դիվերսիոն-հետախուզական խմբի» հետ մարտի ժամանակ, աջ ձեռքից վիրավորվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, սերժանտ Զահիդով Դեյանեթ Մեհման օղլուն:
Հայկական զինուժի կորուստները՝ այստեղ։
Pingback: Հայկական զինուժի կորուստները 2015-ի մարտին. Ռազմինֆո | Ռազմ.info