Հութիները հաջողություններ են գրանցում նաև Եմենի հարավում

Եմենի հարավարևմտյան Թաիզ նահանգի Դաբաբ շրջանում տեղակայված 17-րդ ռազմական ստորաբաժանման զինվորները մարտի 31-ին շիադավան, իրանամետ հութի ապստամբների առջև բացել են Բաբ էլ-Մանդեբ նեղուցի ափին գտնվող ռազմավարական նշանակության ռազմաբազայի դարպասներն ու այն հանձնել վերջիններիս: Այս մասին հայտնում է բրիտանական Reuters լրատվական գործակալությունը՝ հղում անելով Եմենի տեղական իշխանություններին:

Սաուդյան Արաբիայի ՌՕՈՒ F-15 կարծանիչներ

Սաուդյան Արաբիայի ՌՕՈՒ F-15 կարծանիչներ

Եմենի մայրաքաղաք Սանան գրաված և տեղի օրինական նախագահ Աբդ-Ռաբբա Մանսուրա Հադիին վտարած հութիները նախօրեին հայտարարել են, որ մարտի 26-ին Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ 9 արաբական սուննիադավան երկրների նախաձեռնած «Վճռական փոթորիկ» օպերացիան, որի նպատակը հութիների ձեռքից երկիրի հյուսիսը գրավելն ու վտարանդի նախագահի իշխանությունը վերականգնելն է, չի հասել իր նպատակին:

Նշենք, որ մարտի 30-ին արաբական կոալիցիայի օդային հարվածների թիվը գերազանցել է նախորդ 5 օրերին. հիմնական հարվածները հասցվել են մայրաքաղաք Սանային, սակայն ինչպես հաղորդում է ռուսաստանյան ՏԱՍՍ լրատվական գործակալությունը հղում անելով համաարաբական արբանյակային Al Mayadeen հեռուստատեսության կարքին, չնայած հութիների դեմ պայքարի խստացմանն ու հարվածների ուժգնացմանը՝ հութիների կողմն անցած զինվորականներին հաջողվել է գրավել Ադեն քաղաքի միջազգային օդանավակայանը:

Հավելենք, որ մինչ օրս Սանայի փողոցներում մարտեր են ընթանում հութիների և Եմենի օրիանական նախագահ Աբդ-Ռաբբա Մանսուրա Հադի կողմնակիցների միջև:

Հիշեցնենք, որ փետրվարին հութիներն իշխանությունից հեռացրել էին երկրի նախագահ Աբդ-Ռաբբա Մանսուրա Հադին, և վերջինս ստիպված է եղել ապաստանել երկրի հարավում՝ Ադեն քաղաքում, որը մինչ երկու Եմենների միավորումը (1990 թ.) եղել է Ազգային Ժողովրդավարական Եմենի մայրաքաղաքը: Եմենի արտգործնախարարը Պարսից ծոցի երկրներին կոչ է արել, որ ռազմական միջամտությամբ կանխեն շիադավան, իրանամետ հութի ապստամբների՝ դեպի երկրի հարավային շրջաններ առաջխաղացումը: Իսկ մարտի 24-ին ռազմական աջակցության խնդրանքով ՄԱԿ-ին է դիմել երկրի նախագահ Աբդ-Ռաբբա Մանսուրա Հադին, որից հետո Սաուդյան Արաբիան ու Պարսից ծոցի արաբական 9 երկրներ Եմենի օրինական ղեկավարի խնդրանքով ռազմական գործողություններ են սկսել Եմենում։

Գործողություններին մասնակցում են Պարսից ծոցի բոլոր արաբական երկրները՝ բացառությամբ Օմանի։ Արաբական Միացյալ Էմիրությունները գործողություններին մասնակցում է 30 կործանիչով, Բահրեյնը՝ 15, Քուվեյթը՝ 15, Քաթարը՝ 10 և Հորդանանը՝ 6 կործանիչներով։ Եգիպտոսը և Սուդանը ևս մասնակցելու պատրաստակամություն են հայտնել։ Ռազմական գործողություններին Ծոցի երկրների կոալիցիայի կազմում մասնակցում է մոտ 100 մարտական ինքնաթիռ և 150 հազար զինվորական։Հավելենք՝ Արաբական կոալիցիայի խոսնակը մարտի 29-ին հայտարարել է, որ իրենք շարունակելու են օդային հարվածներ հասցնել Եմենում, քանի դեռ երկրի օրինական նախագահ Աբդ-Ռաբբու Մանսուր Հադին հնարավորություն չունի կրկին ստանձնել երկրի ղեկավարումը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *