Արաբական երկրները մտադիր են 40 հազարանոց միասնական բանակ ստեղծել

Արաբական Երկրների լիգայի՝ մարտի 28-29-ին Եգիպտոսում կայացած գագաթնաժողովում որոշվել է ստեղծել միասնական արաբական զինված ուժեր, որը պետք է անհրաժեշտության դեպքում օժանդակի անդամ երկրների անվտանգության պահպանմանը։ Այս մասին մարտի 29-ին հայտնում է The Associated Press լրատվական գործակալությունը։

Սաուդյան Արաբիայի զինված ուժեր

Սաուդյան Արաբիայի զինված ուժեր

Նշվում է, որ հայտարարությունը կատարել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսին՝ Շարմ էլ-Շեյխ քաղաքում արաբական լիգայի անդամ 22 երկրների  գագածնաժողովի ավարտից հետո։

Որոշման համաձայն՝ միացյալ զորախումբը՝ անդամ որևէ երկրի անվտանգությանը վտանգ սպառնալու և այդ երկրի պաշտոնական դիմումի հիման վրա, պետք է միջամտի երկրին սպառնացող վտանգի չեզոքացմանը։

Միևնույն ժամանակ, Եգիպոսի պաշտպանության նախարարության  ներկայացուցիչները նշել են, որ զորախումբը բաղկացած է լինելու մոտ 40 հազար զինվորականներից՝ ռազմական ավիացիայի, նավերի և զրահափոխադրիչների ներգրավմամբ։ Զորախմբի շտաբ-կայանները տեղակայվելու են Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում և Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էռ-Ռիյադում։

Իբրև օրինակ նշվել է, որ միացյալ զորքերը կարող են օգնություն տրամադրել Արաբական երկրների լիգայի անդամ Իրաքին, Լիբիային, Եմենին, Պաղեստինին և այլ երկրների, որոնք օգնության կարիք կունենան։
Բացի այդ, լիգայի անդամ երկրները, իրենց պաշտպանելով Սաուդյան Արաբիայի և վերջինիս դաշնակիցների կողմից Եմենում սկսած «վճռական գրոհ» գործողությունից, Եմենում իշխանությունը գրաված շիական հութի ցեղերին կոչ են արել հեռանալ երկրի մայրաքաղաք Սանայից, հանձնել կառավարական շենքերը և զենքը հանձնել Եմենի օրինական կառավարությանը։

Հիշեցնենք, որ մարտի 25-ից Սաուդյան կոալիցիայի ուժերը ԱՄՆ-ի կոոորդինացմամբ ռմբակոծում են հութիների դիքերը, ովքեր՝ Եմենի մայրաքաղաք Սանայի գրավումից հետո, գրոհել են երկրի մեծությամբ երկրորդ՝ Ադեն քաղաքը։

Եգիպտոսի գագաթնաժողովում արաբական երկրների ղեկավարները որոշել են նաև Սաուդյան արաբիայում անցկացնել Պարսից ծոցի արաբական երկրների խորհրդի նիստ՝ հետևելով Եմենի նախագահի խնդրանքին։

Հավելենք, որ Արաբական երկրների լիգան պաշտոնապես ստեղծվել է 1945-ի մարտի 22-ին՝ հետագա տարիներին իր կազմի մեջ ներառելով 22 պետություն։ 2011-ի նոյեմբերին լիգան որոշեց կասեցնել Սիրիայի անդամակցությունը կազմակերպությանը՝ որպես պատճառ ներկայացնելով այդ երկրի իշխանությունների՝ «խաղաղ բնակչության նկատմամբ գործադրած բռնությունների անթույլատրելիությունը»։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *