ՀԱՊԿ-ի միացյալ շտաբում մշակվել է ճգնաժամային իրավիճակներում գործողությունների ծրագիր

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միացյալ շտաբում մարտի 19-20-ին քննարկվել են անդամ վեց երկրների հավաքական անվտանգության զորքերի, օպերատիվ արձագանքման զորքերի և խաղաղապահ ուժերի գործողությունները՝ հնարավոր ճգնաժամային իրավիճակում։ Այս մասին մարտի 23-ին հայտնում է ՀԱՊԿ-ի մամուլի ծառայությունը։

ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի մարտի 19-20 մարտավարական քննարկումները

ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի մարտի 19-20 մարտավարական քննարկումները

Մշակված ռազմաքաղաքական և մարտավարական գործնական խաղի համաձայն՝  ՀԱՊԿ-ի պայմանական անդամ երկրներ Գյումրիայի և Տուրանի տարածքներում սոցիալ-քաղաքական և տնտեսական խնդիրների հետևանքով կտրուկ սրվել է ներքաղաքական իրավիճակը։ Սցենարով Գյումրիայի և Տուրանի սահմանային շրջաններում սկսված  զինված ընդհարումներին և  ներքաղաքական սրվող խմորումներին խառնվում են նաև «Թալիբան» և «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունների՝ ահաբեկչական բազաներում պատրաստություն անցած անդամները։

Գործնական խաղի նպատակը կազմակերպության անդամ երկրների՝ ճգնաժամային իրավիճակներում համապատասխան ստորաբաժանումների առանձին և համատեղ գործողությունների պլանի գործնական քայլերի մշակումն ու կատարելագործումն է։

Մարտավարական խաղի ընթացքում մշակվել են ՀԱՊԿ-ի՝ ստեղծվող Ճգնաժամային արձագանքման կենտրոնի՝ կազմակերպության անդամ առանձին երկրների ազգային կենտրոնների հետ համագործակցության մեխանիզմները:

Վերոնշյալ մեխանիզմներն ուղղված են ՀԱՊԿ-ի անդամ երկրների՝ քաղաքական, դիվանագիտական և տնտեսական միջոցներով ազգային շահերը պաշտպանելուն, անդամ երկրներում ներքաղաքական կայունություն ապահովելուն, սահմանադրական կարգի ու տարածքային ամբողջականության սպառնալիքներին դիմակայելուն, ինչպես նաև ազգայնական-ծայրահեղական և ահաբեկչական կազմակերպությունների, անօրիանկան միգրացիայի, թմրանյութերի ապօրինի շրջանառության ու կիբերհանցագործությունների դեմն առնելուն:

ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ստուդենիկինի ղեկավարությամբ անցկացված մարտավարական քննարկմանը մասնակցել են հավաքական անվտանգության պայմանագրի անդամ բոլոր երկրների, այդ թվում նաև՝ ՀՀ ՊՆ,  ԶՈւ գլխավոր շտաբի, իրավապահ մարմինների, հատուկ նշանակության ծառայությունների, ինչպես նաև կազմակերպության քարտուղարության և միացյալ շտաբի ներկայացուցիչները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *