Մարտի 21-ին Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայում հայտարարվել էր հակաահաբեկչական գործողության ռեժիմ, որի ընթացքում սպանվել է 7 զինյալ՝ 4 տղամարդ և 3 կին։ Վերջիններս թաքնվել էին հինգ հարկանի շենքում։
Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Դաղստանի ազգային հակաահաբեկչական հանձնաժողովի շտաբին։
Ինչպես նշում է լրատվական գործակալությունը, հակաահաբեկչական հանձնաժողովի շտաբ հաղորդագրություն է եկել, որ Մախաչկալայի Լենինսկի շրջանի հինգ հարկանի շենքերից մեկում թաքնվում են մարտի 19-ին ոստիկանության վրա հարձակված զինված խմբավորման անդամները։
Հատուկ գործողությունների արդյունքում հատուկ ծառայությունները նույն շենքում հայտնաբերել են ևս մեկ զինված խումբ։ Փոխհրաձգության արդյունքում 7 զինյալ (4 տղամարդ և 3 կին) ոչնչացվել է։ Միջադեպի վայրում հայտնաբերվել է 2 ինքնաձիգ։ Քաղաքացիական անձինք չեն տուժել։
Հայտնի է, որ հարուցվել է քրեական երկու գործ՝ «ոտնձգություն իրավապահ մարմինների աշխատակիցների կյանքի նկատմամբ» և «զենք-զինամթերքի անօրինական շրջանառություն» հոդվածներով։
Հիշեցնենք, որ արդեն տևական ժամանակ է, ինչ Դաղստանում հակաահաբեկչական գործողության ռեժիմ է հայտարարվում, ինչի ընթացքում ոչնչացվում են զինված խմբավորումների անդամներ։
Այսպիսով, 2015-ին Դաղստանում արդեն մի քանի անգամ հարձակումներ էին եղել ոստիկանության աշխատակիցների վրա։ Մասնավորապես՝ հունվարի 7-ին Խասավյուրտում անծանոթները կրակել էին ոստիկանների ուղղությամբ, ինչի հետևանքով 2 ոստիկան սպանվել էր, ևս 2-ը վիրավորվել։ Սպանվել էր նաև հարձակվողներից մեկը։
Նույն Խասավյուրտում հունվարի 15-ին գրանցվել էր մեկ այլ միջադեպ, որի ժամանակ սպանվել է զինված տղամարդ։ Եվս մեկ միջադեպ եղել էր հունվարի 27-ին, ոստիկանները ոչնչացրել են երկու զինյալի։
Փետրվարի 24-ին դարձյալ Խասավյուրտում զինյալները կրակել էին ոստիկանների ուղղությամբ, 2 զինյալ և 1 ոստիկան սպանվել էին, հարձակվողներից ևս մեկը կարողացել էր թաքնվել։
Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ դեռևս փետրվարի 25-ից հակաահաբեկչական գործողության ռեժիմ հայտարարված 4 գյուղերում հանվել է ռեժիմը։ Գործողությունների արդյունքում սպանվել է 7 զինյալ:
Մարտի 19-ին Մախաչկալայի ավաններից մեկում փոխհրաձգության արդյունքում մեկ ոստիկան և զինյալ են վիրավորվել։
Pingback: Ահաբեկչական գործողությունները Դաղստանում. ժամանակագրություն 2015 | Ռազմ.info