Այսօր՝ մարտի 25-ին, ՀՀ Ազգային ժողովում 104 կողմ (2 դեմ, 6 ձեռնպահ) ձայներով երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է «ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքը, որը կարգավորում է Հայաստանում ռազմական արդյունաբերության գործունեությունը:
Ազգային ժողովի ընդունումից հետո այն ներկայացվում է ՀՀ նախագահի ստորագրմանը, որից հետո մտնում է ուժի մեջ:
«ՀՀ Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքի նպատակը ոլորտի զարգացման համար կայուն հիմքի ստեղծումը, ՀՀ ԶՈւ և այլ զորքերի սպառազինության մատակարարումների պետական ծրագրերի իրականացումն է: Օրենքով կարգավորվում են սպառազինության, ռազմական տեխնիկայի, ռազմամթերքի, ռազմատեխնիկական միջոցների մշակման, արդիականացման, արտադրության, վերականգման, նորոգման, ծառայությունների մատուցման և սպասարկման աշխատանքները:
Օրենքը ռազմարդյունաբերական ոլորտի քաղաքականության նպատակ է սահմանում ռազմարդյունաբերության վերածումը տնտեսության կարևորագույն և առաջատար ճյուղի, որը կապահովի սեփական պաշտպանական կարիքները ոչ միայն կարճաժամկետ, այլև երկարաժամկետ հեռանկարում` ստեղծելով ռազմական անվտանգության ապահովման և տարածաշրջանային հավասարակշռության պահպանման իրական երաշխիքներ:
Օրենքով սահմանվում է նաև դրույթ, ըստ որի՝ զինված ուժերի համար անհրաժեշտ արտադրանքը հնարավորության դեպքում պարտադիր է մատակարարել հենց ռազմարդյունաբերական համալիրի՝ տեղական ձեռնարկություններից, ընդ որում՝ ռազմական ապրանքների գների կարգավորելու է պետությունը:
Օրենքի համաձայն՝ ստեղծվելու է նաև հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողով, որի կազմում գործող ռազմատեխնիկական և գիտատեխնիկական խորհուրդը ոլորտի վերաբերյալ ուսումնասիրություններ է անելու ու առաջարկություններ ներկայացնի կառավարությանը: Հանձնաժողովի նախագահն ի պաշտոնե լինելու է ՀՀ վարչապետը:
Օրենքով սահմանվում են նաև ռազմական ոլորտում պետական պատվերի ձևավորման, հաստատման, պատվերների գները սահմանելու կարգը, պետության ու պատվերը կատարողի հարաբերությունները և այլն:
Pingback: ՀՀ նախագահը ստորագրել է «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքը | Ռազմ.info
Pingback: Պաշտպանության նախարարի մոտ քննարկվել են Ռազմարդյունաբերական համալիրի օրենքից բխող խնդիրները | Ռազմ.info