Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին ինտեգրման հանձնաժողովում հաստատվել է 2015-ի ազգային ամենամյա ծրագիրը

Մարտի 19-ին Վրաստանի եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման հարցերով պետնախարար Դավիդ Բեկրաձեի գլխավորած Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին ինտեգրման պետական հանձնաժողովի նիստում հաստատվել է 2015 թվականի ազգային ամենամյա ծրագիրը (ANP ” Annual National Programme)։ Հանձնաժողովի նիստին մասնակցել են բոլոր այն գերատեսչությունների ներկայացուցիչները, ովքեր մասնակցել են ամենամյա ծրագիրը կազմելու աշխատանքներին։

Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին ինտեգրվելու պետական հանձնաժողովի նիստը

Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին ինտեգրվելու պետական հանձնաժողովի նիստը

Այս մասին մարտի 19-ին հայտնում է եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման հարցերով պետնախարարի աշխատակազմի մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդագրությունում, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու ստորագրությամբ փաստաթուղթը ներկայացվելու է ՆԱՏՕ-ին, որից հետո այն կքննարկվի Վրաստան-ՆԱՏՕ հանձնաժողովի հերթական նիստում, որն, ըստ նախնական տեղեկության, նախատեսված է անցկացնել ընթացիկ տարվա ապրիլին Բրյուսելում։

Նշենք, որ Վրաստանի ազգային ամենամյա ծրագիրն իրականացվում է 2009-ից ի վեր։ Այն համարվում է ՆԱՏՕ-ի հետ կապի հաստատման միջոցներից մեկը։ Փաստաթղթով իրականացվում են բոլոր այն բարեփոխումները, որոնք առավելագույնս մոտեցնում են Վրաստանին ՆԱՏՕ-ի չափանիշներին։

Հիշեցնենք, որ 2008-ին Բուխարեստում անցկացված՝ ՆԱՏՕ-ի գագաթաժողովում սկսվեց Վրաստանին անդամակցության պատրաստելու գործընթացը: 2014-ի սեպտեմբերի 4-ից 5-ն Ուելսում կայացած ՆԱՏՕ գագաթաժողովի ժամանակ Դաշինքի կազմի մեջ մտնելու Վրաստանի քայլերին ի պատասխան, վերջինիս առաջարկվեց համագործակցության նոր փաթեթ։ Այն ենթադրում է Վրաստանում ուսումնական կենտրոնի հիմնում և լոգիստիկ կենտրոնի բացում։

Այժմ Վրաստանն ակտիվորեն փոփոխություններ է անում պաշտպանական համակարգում՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանելու և Ուելսում համագործակցության նոր փաթեթի կետերն իրականացնելու համար։
2015-ին Դաշինքի մասնագետները մի քանի անգամ արդեն այցելել են Վրաստան, որի ժամանակ ուսումնասիրել են ՆԱՏՕ-ի հետ համատեղ ուսումնական կենտրոնի ստեղծման վայրը։ Այս պահին ուսումնական կենտրոնի հավանական «թեկնածուներից» են Վազիանի ռազմաբազայի տարածքն ու ազգային ուսումնական «Կրցանիսի» կենտրոնը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *