Հարավային Օսիայում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազան զորավարժություն է անցկացրել, որին մասնակցել են շուրջ 600 զինծառայող և 150 միավոր ռազմական տեխնիկա։ Այս մասին հայտնում է ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, զորավարժությանը ներգրավված են եղել մոտոհրաձգային, տանկային, հրետանային, զենիթային և հատուկ ստորաբաժանումները։
Վարժանքների ժամանակ զինծառայողները կրակել են Տ-72Ա տանկերով, ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենաներով, «Ակացիա» ինքնագնաց հրետանային համակարգերով, ականանետերով, նռնականետերով։
Նշվում է, որ զորավարժության ընթացքին հետևել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հատուկ հանձնաժողովը, որը ստուգումներ է անում ռազմաբազայում։
Հավելենք, որ երեկ՝ մարտի 18-ին, Ռուսաստանի և Հարավային Օսիայի նախագահները ստորագրել են երկու երկրների միջև համագործակցության և ինտեգրացիայի մասին համաձայնագիրը 25 տարի ժամկետով։
Այս զորավարժության վերաբերյալ այսօր՝ մարտի 19-ին, հայտարարություն է տարածել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմրիտրի Պեսկովը՝ նշելով, որ հանրապետությունում իրականացվող զորավարժությունը ոչ մի կերպ կապված չէ երեկ ստորագրված երկկողմ համաձայնագրի հետ։