Սենսացիա. ադրբեջանական արտադրության ռոբոտ-ճանճերը դիմանում են միջուկային հարվածների

Այսօր արդեն գրել ենք, որ ադրբեջանական մամուլի հրապարակումներն առանց հիմնավոր ստուգելու արտատպելը վնասակար սովորություն է։ Բացի այն, որ կա շատ մեծ հավանականություն, որ այդ հրապարակումներն ամբողջությամբ կամ մասամբ ապատեղեկատվություն կլինեն, արտատպող լրատվամիջոցն էլ կարող է հայտնվել անհարմար, եթե չասենք` ծիծաղելի վիճակում։

Իսրայելական «Տավոր» ավտոմատներից պատմությունից բացի, երեկ ադրբեջանցիները տեղեկություններ էին տարածել նաև այն մասին, որ Ադրբեջանում նախագծվում է նոր զրահամեքենա, իսկ հայկական լրատվամիջոցներից մեկը գրեթե բառացիորեն պատճենելով արդբեջանական նյութը, գրում է.

Ինչպես նշում է գործակալությունը (ադրբեջանական ԱՊԱ-ն ” Ռազմ.ինֆո), այս մեքենաները բալիստիկ հրթիռներից պաշտպանվածության ու մանևրելու կարողությամբ «կգերազանցեն Վրաստանում արտադրվող «Դիդգորի» ու Հայաստանում արտադրվող «Հայկ» մեքենաներից»:

Հիշեցնենք, որ բալիստիկ հրթիռներն այն հրթիռներն են, որոնք թռիչքի սկզբնական հատվածում անհրաժեշտ արագություն հավաքելուց և ուղղորդվելուց հետո, թռիչքը շարունակում են բալիստիկ հետագծով, այսինքն` առանց ղեկավարման` երկրի ձգողության և օդի դիմադրության ազդեցությամբ։ Դրանք սովորաբար բավականին հեռահար (մի քանի տասնյակից մինչև մի քանի հազար կիլոմետր) և բավականին մեծ մարտական մասով (մի քանի տասնյակից մինչև մի քանի հարյուր կիլոգրամ պայթուցիկ նյութ) հրթիռներ են, որոնք օգտագործվում են խոշոր և կարևոր թիրախներ (ռազմաբազաներ, կապի հանգույցներ, արդյունաբերական օբյեկտներ և այլն) խոցելու համար։

Շատ կցանկանայինք իմանալ, թե այդ ի՞նչ բալիստիկ հրթիռներ են, որոնք նախատեսված են զրահամեքենաներ խոցելու համար և ինչպե՞ս են զրահամեքենաները պաշտպանվում բալիստիկ հրթիռներից։ Դեռ լավ է, որ միջուկային մարտագլխիկներից չեն պաշտպանված, խոցելու հույս կա։ Իհարկե, մեր լրագրողը ինքը չի սա հորինել, այլ թարգմանել է այն, ինչ եղել է ադրբեջանական կայքում, բայց խնդիրն էլ հենց այն է, որ պետք չէ մեխանիկորեն թարգմանել ու արտատպել ամեն ինչ, ինչ գրում են ադրբեջանցիները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *