Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Տիբիլովը մարտի 18-ին Մոսկվայում ստորագրել են երկու երկրների միջև համագործակցության և ինտեգրացիայի մասին համաձայնագիրը 25 տարի ժամկետով: Այս մասին հայտնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը։

Հվ Օսիայի նախագահ Լեոնիդ Տիբիլովը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկու երկրների միջև համագործակցության համաձայնագիրը ստորագրելիս
Համաձայնագրով նախատեսվում է ստեղծել երկու երկրների անվտանգության և պաշտպանության միասնական համակարգ, պետական սահմանի անարգել անցում, մաքսային կառույցների ինտեգրում, ներքին գործերի կառույցների լայն համագործակցություն, հարավօսիացիների համար ՌԴ քաղաքացիություն ստանալու արագացված գործընթաց, աշխատավարձերի և կենսաթոշակների բարձրացում, Հարավային Օսիայի քաղաքացիների համար բժշկական ապահովագրության ապահովում և այլն։
«ՌԴ-ն ապահովում է Հարավային Օսիայի պաշտպանությունն ու անվտանգությունը՝ ներառյալ պետական սահմանի պաշտպանությունը։ Այդ նպատակով Հարավային Օսիայի զինված ուժերի և անվտանգության մարմինների առանձին ստորաբաժանումներ մտնելու են ՌԴ ԶՈւ և անվտանգության մարմինների կազմի մեջ»,- նշված է համաձայնագրում։
Փաստաթղթում շեշտվում է նաև, որ եթե համաձայնագրի կողմերից մեկը ագրեսիայի է ենթարկվում երրորդ երկրի կամ մի խումբ երկրների կողմից, ապա դա դիտվում է հարձակում նաև մյուս կողմի վրա։
Նշենք, որ համաձայնագիրը դեռևս վերջնական չէ և համագործակցության որոշ ուղղություններում աշխատանքներ կատարվելու են։
Հավելենք, որ համաձայնագիրը կնքելուց անմիջապես հետո Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ Մարգվելաշվիլին խորապես անհանգստացած է ՌԴ-Հարավային Օսիա համաձայնագրից։
«Ինքնիշխան երկրի տարածքային ամբողջականությանն ուղղված այս քայլն ավելի կբարդացնի իրավիճակն օկուպացիայից հետո»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Վրաստանի նախագահը նաև վրդովվել է, որ ռուս-վրացական հարաբերությունների կարգավորմանն ուղղված Վրաստանի քայլերին «Ռուսաստանը պատասխանում է ոչ կառուցողական քայլերով», որոնք ավելի են սրում իրավիճակը։ Մարգվելաշվիլին իր հայտարարությամբ նաև միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել այս հարցին։
Իր հերթին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մարտի 18-ին հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն չի ճանաչում ՌԴ-ի և Հարավային Օսիայի կնքած համաձայնագիրը՝ համարելով, որ այն խախտում է միջազգային իրավունքի նորմերը։
Հիշեցնենք, որ մինչ այս՝ 2014թ. նոյեմբերի 24-ին էլ ստորագրվել էր ռուս-աբխազական համագործակցության և ռազմավարական գործընկերության պայմանագիրը՝ 10 տարի ժամկետով և երկարաձգման հնարավորությամբ։