Անջեյ Կասպրշիկի հետ քննարկվել է Ադրբեջանում պահվող ՊԲ զինծառայողի ճակատագիրը

Մարտի 17-ին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը Ստեփանակերտում հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանին ու ԱԳ նախարար Կարեն Միրզոյանին: Կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակը: Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի և ԱԳՆ կայքերը:

Արցախի ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը (աջ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը (ձախ)

Արցախի ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը (աջ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը (ձախ)

Նախարար Կարեն Միրզոյանը դեսպան Կասպրշիկի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի շարունակական փորձերին՝ շահարկելու և ընտրովի կիրառելու միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել ՊԲ զինծառայող, Ադրբեջանում գերության մեջ պահվող Արսեն Բաղդասարյանի ճակատագրին։

Հիշեցնենք, որ ՊԲ պայմանագրային զինծառայող Արսեն Բաղդասարյանը Ադրբեջանում գերի է պահվում 2014թ. դեկտեմբերի 27-ից: Այդ օրը Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել էր, որ բռնել է «հայ հատուկջոկատայինի», մինչդեռ ՊԲ մամուլի ծառայությունը հերքեց այդ ապատեղեկատվությունը՝ նշելով, որ բանակը դիվերսիա չի իրականացրել: Իսկ Արսեն Էդուարդի Բաղդասարյանը, ըստ ՊԲ հաղորդագրության, հանդիսանալով ՊԲ պայմանագրային զինծառայող, պարբերաբար ինքնակամ լքել է իր մշտական տեղակայման վայրը, ինչի համար հրամանատարության որոշմամբ, կարգապահական խախտումներ կատարելու հիմնավորումով, ժամանակավորապես հեռացված է եղել ծառայությունից:

Հետագայում ադրբեջանական կողմը հայտարարություն էր տարածել, թե իբր գերի պահվող զինծառայողն ուզում է տեղափոխվել երրորդ երկիր:

Իսկ մարտի 10-ին հայտնի է դարձել, որ Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել, որով Արսեն Բաղդասարյանին մեղադրում են մասնավորապես հանցավոր խմբի անդամ լինելու, 2 կամ ավելի մարդկանց սպանության փորձի և մի շարք այլ հոդվածներով:

Ավելացնենք, որ հունվարի 14-ին ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին News.am կայքին հայտնել է, որ Կարմիր խաչի ներկայացուցիչները չեն կարողացել այցելել Բաղդասարյանին, քանի որ Ադրբեջանի իշխանությունները թույլ չեն տվել։

2 responses to “Անջեյ Կասպրշիկի հետ քննարկվել է Ադրբեջանում պահվող ՊԲ զինծառայողի ճակատագիրը

  1. Pingback: Հադրութի ուղղությամբ ԵԱՀԿ դիտարկումն անցել է առանց միջադեպերի | Ռազմ.info

  2. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 15-21 մարտի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *