ՆԱՏՕ-ի մասնագետները համատեղ ուսումնական կենտրոնի վայր են ընտրում Վրաստանում

Վրաստանում ստեղծվելիք ՆԱՏՕ-ի հետ համատեղ ուսումնական կենտրոնի հավանական վայրի գնահատման համար դարձյալ Վրաստան են ժամանել Դաշինքի մասնագետները։ Այցի շրջանակներում մասնագետները ուսումնասիրելու են Թբիլիսիին մոտ գտնվող Վազիանի ռազմաբազան, ինչպես նաև ազգային ուսումնական «Կրցանիսի» կենտրոնը։ Այս մասին այսօր՝ մարտի 17-ին, հայտնում է Վրաստանի պաշտպանության մամուլի ծառայությունը։

Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Լևան Գիրսիաշվիլին և Վրաստանում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար Ուիլյամ Լահյուն

Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Լևան Գիրսիաշվիլին և Վրաստանում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար Ուիլյամ Լահյուն

Խմբի վերջանական եզրակացության արդյունքում կհաստատվի ուսումնական կենտրոնի տեղակայման վայրը, ինչից հետո անցում կկատարվի փաթեթի ֆինանսական կողմին։

Համատեղ ուսումնական կենտրոնի վերաբերյալ այսօր հայտարարություններ են արել նաև Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Լևան Գիրսիաշվիլին և Վրաստանում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար Ուիլյամ Լահյուն։

Վերջիններս շեշտել են, որ ուսումնական կենտրոնը հավանաբար կստեղծվի այս տարվա աշնանը։ Լահյուն ևս մեկ անգամ նշել է, որ ռազմական վտանգ չի ներկայացնելու ոչ ոքի համար։

«Այս ուսումնական կենտրոնի նպատակը Վրաստանին աջակցելն է։ Այս կենտրոնում վրաստանյան մասնագետների հետ կաշխատեն նաև ՆԱՏՕ-ի մի քանի մասնագետ։ Սա ռազմական տեսանկյունից վտանգ չի ներկայացնում»,- ասել է Լահյուն։

Հավելենք, որ 2014-ին Ուելսում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովում Վրաստանին տրվեց համագործակցության նոր փաթեթ, որն ավելի է սերտացնում այդ երկրի և Դաշինքի համագործակցությունը։ Փաթեթի համաձայն՝ ի թիվս այլ հարցերի, նախատեսվում է նաև Հյուսիսատլանտյան Դաշինքի ներկայություն Վրաստանում, որն ինչպես հետագայում պարզվեց, համատեղ ուսումնական կենտրոն է, այլ ոչ ՆԱՏՕ-ի ռազմաբազա։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *