«Խաղաղության խնդիրների հետազոտման Ստոկհոլմյան ինստիտուտի» (SIPRI) հրապարակած «Զենքի միջազգային շրջանառության միտումները. 2014» զեկույցի համաձայն՝ 2010-2014 թթ. մեծ ծավալներով զենք է արտահանել շուրջ 60 երկիր: 2010-2014-ին զենք արտահանողների ցուցակը գլխավորել են ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Չինաստանը, Գերմանիան և Ֆրանսիան, որոնց բաժին է ընկել զենքի արտահանման ողջ ծավալի 74%-ը: Իսկ ներմուծողների ցուցակը համապատասխանաբար գլխավորում են Հնդկաստանը, Սաուդյան Արաբիան, Չինաստանը, ԱՄԷ-ն և Պակիստանը: Վերջիններիս բաժին է ընկել ներմուծման ծավալի 33%-ը:
Հատկանշական է, որ եթե ԱՄՆ-ը և ՌԴ-ն պահպահնել են իրենց դիրքերը զենք արտահանողների ցուցակի առաջին և երկրորդ տեղերում, ապա ցուցակի 3-րդ տեղում Գերմանիային փոխարինել է Չինաստանը, իսկ Մեծ Բրիտանիան դուրս է մնացել առաջատար հնգյակից՝ տեղը զիջելով Ֆրանսիային:
2010-2014թթ. մեծ ծավալներով զենք է ներմուծել 153 երկիր և 7 ապստամբական խումբ: Վերջիններիս՝ զենքի ներմուծումը, սակայն, ըստ SIPRI-ի տվյալների, չի գերազանցում ամբողջ շրջանառության 0.02%-ը:
Զեկույցն անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական խնդրի շուրջ երկու կողմերի հարաբերություններում վերջին շրջանում լարվածության և Ադրբեջան ներմուծվող զենքի ծավալի աճին, որը 2005-2009թթ. ցուցանիշների համեմատ մեծացել է 2,5 անգամ: Ադրբեջանին զենք մատակարարարող երկրների ցուցակում առաջատարը Ռուսաստանն է, որը տրամադրել է Ադրբեջան ներմուծվող սպառազինության 85%-ը:
Հիշեցնենք, որ SIPRI-ն իր տվյալների բազան կազմվում է պաշտոնական պայմանագրերի, հայտարարությունների, երկրների ՄԱԿ ներկայացրած զեկույցների և այլ հասանելի տվյալներից։ Թեև շատ դեպքերում և մասնավորապես մեր երկրի դեպքում այն չի արտացոլում իրական պատկերը, բայց ընդհանուր առմամբ որոշակի հետաքրքրություն է ներկայացնում որպես բաց աղբյուրներում առկա տվյալների հանրագումար։
Pingback: Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ 15-21 մարտի 2015 | Ռազմ.info