Հայկական ԶԼՄ-ները՝ ադրբեջանական ապատեղեկատվության «զոհ»

Երեկ ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով «Военное обозрение» կայքին, հաղորդել են, որ Ադրբեջանը մտադիր է ադրբեջանական բանակում Կալաշնիկովի ավտոմատները փոխարինել իսրայելական TAR-21 Tavor ավտոմատներով, ինչպես նաև կառուցել այդ ավտոմատների գործարան։ Որոշ հայկական կայքեր անդրադարձան այս «նորությանը». մի մասն ուղղակի արտատպել էին ադրբեջանական ԶԼՄ-ների նյութը, իսկ մյուսները գտել և արտատպել էին սկզբնաղբյուրի տեքստը։

Բայց մեր լրագրողներից և ոչ մեկը չէր էլ փորձել պարզել սկզբնաղբյուրի հավաստիությունը։ Իսկ տեքստը հանրագիտարանային-տեղեկատվական բնույթի էր՝ պատրաստած «Военное обозрение» պորտալի ֆորումի՝ Пупырчатый կեղծանունով մասնակցի կողմից։ Այսինքն` խոսքը ֆորումի մասնակցի մի գրառման մասին է, առանց որևէ հղման կամ ապացույցի։

Թե ինչու են ադրբեջանցիները տարածել այդպիսի, մեղմ ասած, վստահություն չներշնչող սկզբնաղբյուրից վերցված տեղեկությունը, երևի հասկանալի է. դա լավ առիթ է հերթական անգամ սեփական ժողովրդին ոգևորելու ու հայերի հանդեպ մոտալուտ հաղթանակի հույսը վառ պահելու համար։ Բայց թե ինչու են նույնն անում մեր լրատվամիջոցները, դա արդեն դժվար է հասկանալ։

Թյուրիմացություններից խուսափելու համար նշենք, որ իսրայելական արտադրության «TAR-21 Tavor» ավտոմատներ Ադրբեջանն իսկապես գնել էր և դա նորություն չէ, սակայն այդ զենքը նպատակահարմար է հատուկ նշանակության ուժերի համար, իսկ որպես համազորային ավտոմատ այն արդյունավետ չէ։ Այնպես որ ափսոսանքի արժանի է, որ Ադրբեջանը Կալաշնիկովի ավտոմատները չի փոխարինում «Tavor»-ով։

Ուշագրավ է նաև, որ Կալաշնիկովից հրաժարվելու մասին տեղեկությունը տալուց, ադրբեջանցիները «մոռացել էին», որ բոլորովին վերջերս նույն ոգևորությամբ հայտարարում էին Ադրբեջանում Կալաշնիկովներ արտադրություն սկսելու մասին։

Հ.Գ. Երբ արդեն պատրաստվում էինք հրապարակել այս հոդվածը, «Национальная оборона» հանդեսի թղթակից Դենիս Մոկրուշինն իր բլոգում գրեց, որ «Tavor»-ների մասին այս պատմությունն ի սկզբանե ընդամենը կատակ է եղել։

2 responses to “Հայկական ԶԼՄ-ները՝ ադրբեջանական ապատեղեկատվության «զոհ»

  1. Pingback: Սենսացիա. ադրբեջանական արտադրության ռոբոտ-ճանճերը դիմանում են միջուկային հարվածների | Ռազմ.info

  2. Pingback: «Ռոսօբորոնէքսպորտն» ավարտում է Ադրբեջանում Կալաշնիկովի ինքնաձիգերի գործարանի կառուցումը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *