«Հարսնաքարում» ծեծկռտուքից տուժած սպայի վիճակը շարունակում է ծանր մնալ

Այսօր հայտնի էր դարձել, որ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչի հետևանքով ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ուռոլոգիայի բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը։ Նա ենթարկվել է մի քանի ժամ տևած նյարդավիրաբուժական վիրահատության։ Ըստ մամուլի հրապարակումների, Վահե Ավետյանի վիճակն այժմ գնահատվում է խիստ ծանր։ Բժիշկները պայքարում են նրա կյանքը փրկելու համար։

Բացի այդ հիվանդանոց է տեղափոխվել նաև Երևանի կայազորի հոսպիտալի բժիշկ Արտակ Բայադյանը։ Վերջինս նույնպես գլխուղեղային վնասվածքներ է ստացել, սակայն նրա կյանքին, բարեբախտաբար, վտանգ չի սպառնում։

Այս միջադեպը լայն արձագանք գտավ, ինչպես լրատվամիջոցներում, այնպես էլ սոցիալական ցանցերում, ուր բազմաթիվ մարդիկ իրենց արդարացի վրդովմունքն ու զայրույթն էին արտահայտում կատարվածի կապակցությամբ։

Դեպքի առիթով մի շարք լրատվամիջոցներ, մասնավորապես Ա1պլյուս ու Hetq.am լրատվակայքերը փորձել են մեկնաբանություններ ստանալ «Հարսնաքար» ռեստորանային համալիրից և Ֆուտբոլի ֆեդերացիայից, սակայն ապարդյուն։

Իրավապահ մարմինները ևս առայժմ զուսպ մեկնաբանություններ են տալիս։ Հայտնի է միայն, որ քրեական գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով և ասվում է, որ այն արդեն բացահայտվել է։ 1in.am կայքի տվյալներով, ռեստորանի անվտանգության աշխատակիցներից մեկը բերման է ենթարկվել, սակայն անուններ և մանրամասներ առայժմ չեն հրապարակվում։

Ինչ վերաբերում է ոչ պաշտոնական տեղեկություններին, ապա Lurer.com կայքի տվյալներով երկու սպաները ծեծի են ենթարկվել Ռուբեն Հայրապետյանի անվտանգության աշխատակիցների կողմից, վերջինիս հրահանգով։ Մի շարք այլ լրատվամիջոցներ ևս նման տեղեկություններ են տալիս, սակայն պարզ չի, թե արդյոք իրենց աղբյուրը Lurer.com-ն է, թե ոչ։

Առայժմ քիչ են տեղեկությունները նաև ծեծկռտուքի պատճառների վերաբերյալ։ Ըստ Վահե Ավետյանի ազգականներից մեկի` Էդգար Նիկոյանի, խնջույքի ժամանակ մի փոքր վեճ է եղել մատուցողներից մեկի հետ, ինչն էլ հետագայում ռեստորանի բակում վերածվել է ծեծկռտուքի։ Նիկոյանի խոսքերով Ավետյանին բակում 10-15 հոգի են ծեծել. այս մասին տեղեկացնում է 1in.am կայքը` հղում անելով «Ազատություն» ռադիոկայանին։

Մենք կշարունակենք հետևել իրադարձությունների ընթացքին և այս թեմայով մամուլի հրապարակումներին։ Վահե Ավետյանին և Արտակ Բայադյանին մաղթում ենք շուտափույթ կազդուրում և հույս հայտնում, որ բոլոր մեղավորները` անկախ զբաղեցրած դիրքից, կհայտնաբերվեն և կկրեն օրենքով սահմանված պատիժը։

One response to “«Հարսնաքարում» ծեծկռտուքից տուժած սպայի վիճակը շարունակում է ծանր մնալ

  1. Pingback: Վահե Ավետյանի վիճակն անփոփոխ է | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *