Վիեննայում Ռուսաստանի արտգործնախարարության պատվիրակության ղեկավարը մարտի 10-ին հայտարարել է, որ ՌԴ-ն մարտի 11-ից դադարեցնում է իր մասնակցությունը «Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի» համատեղ խորհրդատվական խմբի նիստերին։ Ռուսաստայան պատվիրակության ղեկավար Անտոն Մազուրի հայտարարության մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ կայքը։
Վիեննայում Ռուսաստանի Դաշնության ռազմական անվտանգության և սպառազինության վերահսկողության հարցերով պատվիրակության ղեկավար Անտոն Մազուրը նշել է, որ Ռուսաստանը մշտապես կատարել է պայմանագրով ստանձնած պարտավորությունները, սակայն ՆԱՏՕ-ի անդամ երկրները փաստացի շրջանցել են այն ու դա հանգեցրեց 2007-ին ՌԴ-ի որոշմանը՝ կասեցնել անդամակցությունը պայմանագրին։
Նա նշել է, որ այդ քայլից հետո ՌԴ-ն միևնույնն է պատրաստ էր նոր բանակցություններ սկսելուն, եթե ՆԱՏՕ-ի անդամ երկրները, իրենց հերթին, պայմանագրի կատարման երաշխիքներ տրամադրեին։ Սակայն ՆԱՏՕ-ն այդպես չվարվեց, այդ իսկ պատճառով Մոսկվան որոշեց ավարտին հասցնել 2007-ին ընդունած որոշումը և 2015-ի մարտի 11-ից վերջնականապես դադարեցնել իր անդամակցությունը պայմանագրին։
Մազուրը ավելացրել է՝ այս քայլն ամենևին չի նշանակում, թե Ռուսաստանն Եվրոպայի հետ չի բանակցի սովորական սպառազինւթյունների սահմանափակման հարցի շուրջ։ Պարզապես ՌԴ-ն այդ քայլին կգնա միայն այն ժամանակ, երբ գործընկերները կհասունանան հարցը լրջորեն քննարկելու համար։
Իր հերթին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Դաշինքը հիասթափված է Ռուսաստանի այս որոշումից։
Նշենք, որ «Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագիրը» ստորագրվել է 1990-ին՝ Փարիզում, ՆԱՏՕ-ի անդամ 16 և «Վարշավայի պայմանագրի» անդամ 6 երկրների միջև»։ ԽՍՀՄ փլուզումից հետո պայմանագիրը վերանայման կարիք ուներ, քանի որ օրակարգում էր հայտնվել սպառազինության վերաբաշխման հարցը, այդ իսկ պատճառով՝ 1997-ին Ստամբուլում պայմանագիրը ենթարկվեց փոփոխությունների, սահմանվեցին զինատեսակների քանակության թույլատրելի նոր սահմանաչափեր։
Հիշեցնենք, որ Հայաստանն ըստ պայմանագրի կարող է ունենալ ոչ ավելի, քան 220 տանկ, 285 միավոր 100մմ-ից մեծ տրամաչափի հրետանային համակարգ, 220 միավոր զրահատեխնիկա (ՀՄՄ և ԶՓ), 100 միավոր մարտական ինքնաթիռ, 50 միավոր հարվածային ուղղաթիռ և 60 հազարանոց անձնակազմ։ Նկատենք, դա այն դեպքում, երբ Հայաստանի հետ սահմանին Թուրքիան կենտրոնացրել է 350-400 տանկ, մոտ 700 միավոր հրետանի։
Pingback: ՆԱՏՕ-ի հերթական զորավարժությունը Ռուսաստան-Արևմուտք լարված հարաբերությունների ֆոնին | Ռազմ.info