ՆԱՏՕ-ի հերթական զորավարժությունը Ռուսաստան-Արևմուտք լարված հարաբերությունների ֆոնին

ՆԱՏՕ-ի ծովային ուժերի 2-րդ մշտական խմբի անդամ երկրների՝ ռազմանավերը Սև ծովում՝ Բուլղարիայի Վարնա նավահանգստում, Ղրիմից 500 կմ հեռավորության վրա, Բուլղարիայի և Ռումինիայի  ռազմածովային ուժերի հետ համատեղ սկսել են զորավարժություն, որը տևելու է 2 շաբաթ։ Այս մասին մարտի 10-ին հայտնել է «Ազատություն ռադիոկայանի» Ուկրաինայի գործակալությունը։

ՆԱՏՕ-ի ռազմանավերը Սև ծովում

ՆԱՏՕ-ի ռազմանավերը Սև ծովում

ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքի համաձայն՝ Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմանավերը Սև ծով են մտել մարտի 4-ին և մինչև Վարնա ժամանելը համատեղ զորավարժություն էին անցկացնելու Թուրքիայի հետ: 

Բուլղարիայի ռազմածովային ուժերի ներկայացուցիչը ՆԱՏՕ-ի ծովային ուժերի 2-րդ մշտական խմբի անդամ երկրների՝ ԱՄՆ-ի, Թուրքիայի, Գերմանիայի, Կանադայի և Իտալիայի  ռազմանավերի ժամանման կապակցությամբ հայտնել է՝ այս զորավարժության նպատակը մասնակից պետությունների ռազմածովային ուժերի՝ օդային և ստորջրյա հարձակումներից պաշտպանվելու հմտությունների կատարելագործումն է։

Նշենք նաև, որ համաձայն ռուսաստանյան «ՌԻԱ  Նովոստի» լրատվականի՝ մարտի 11-ին ՌԴ-ն, ի պատասխան ՆԱՏՕ-ի՝ Արևելյան Եվրոպայում ակտիվացած գործողություններին, հայտարարել է, որ  այլևս չի մասնակցելու«ԵՍԶՈւ» մասին պայմանագրի համատեղ խորհրդատվական խմբի նիստերին և վերջնականապես դադարեցնում է իր անդամակցությունը պայմանագրին:

Ծավալվող իրադարձությունների ֆոնին, ՌԴ ԱԳՆ անվտանգության և զինաթափման հարցերի դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Ուլյանովը, ցանկանալով ինչ-որ բան ակնարկել Արևմուտքին, հայտարարել է, թե այս պահին ինքը տեղյակ չէ՝ Ղրիմում միջուկային զենք կա, թե՝ ոչ, բայց ՌԴ-ն թերակղզում միջուկային զենք տեղակայելու համար ունի բոլոր իրավունքները։

Հիշեցնենք, որ Սև ծով ելք չունեցող պետությունների ռազմանավերը, համաձայն 1936թ Մոնտրեի կոնվենցիայի, ծովում կարող են մնալ ոչ ավելի, քան 21 օր։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *