Երեկ՝ մարտի 11-ին, իբր հայկական դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման ժամանակ մղված մարտում մահացել է Ադրբեջանի ԶՈւ ժամկետային զինծառայող, շարքային Աթաև Անար Մամեդ օղլուն: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:
Միաժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը չի հստակեցրել, թե առաջնագծի որ հատվածում է եղել միջադեպը:
[Լրացում] Սպանված զինծառայողը Ադրբեջանի Աղջաբեդիի շրջանի Մինեխորլու գյուղից է, երեկ՝ մարտի 11-ին, նրա ծննդյան օրն է եղել։
Արձագանքելով Ադրբեջանի ՊՆ հայտարարությանը՝ Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը տարածել է հաղորդագրություն, որում մասնավորապես ասված է.
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն առ այն, որ իբր անցած գիշեր հայկական ստորաբաժանումները դիվերսիոն գործողություններ են իրականացրել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, իրականությանը չի համապատասխանում:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն»:
Ավելացնենք, որ 2015-ի հունվարի 1-ից ի վեր սա Ադրբեջանի զինուժի 14-րդ կորուստն է, որն արձանագրել է Ռազմինֆոն՝ բաց աղբյուրների մշտադիտարկամ արդյունքում։