Հայաստանում տեղակայված ռուսաստանյան զինված ուժերի 102-րդ ռազմաբազայի մոտ 300 զինծառայողներ սկսել են Տանկային բիաթլոն 2015 մրցույթին պատրաստվելու պարապմունքները: Այս մասին տեղեկացնում է ՌԴ 102-րդ ռազմաբազայի մամուլի ծառայությունը:
Շուրջ 30 միավոր ռազմական տեխնիկայի ներգրավմամբ պարապմունքների ընթացքում ռազմաբազայում ընտրում են լավագույն անձնակազմերին, որպեսզի վերջիններս մասնակցեն պարապմունքների հաջորդ փուլին, որտեղ արդեն անձնակազմերը կմարզվեն հենց բիաթլոնի մրցույթի պայմաններին համապատասխան:
Մարզումների ընթացքում տանկերի ու ՀՄՄ-ների՝ լավագույնը ճանաչված անձնակազմերը այս տարվա մայիսին արդեն ռազմաբազան կներկայացնեն ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի մրցումների ժամանակ:
Ավելացնենք, որ տանկային բիաթլոնը զինված ուժերում տանկերով ու հետևակի մարտական մեքենաներով անցկացվող մրցույթ է, որի ժամանակ տանկային անձնակազմերը մրցում են զրահատեխնիկայով երթի, արգելքներ հաղթահարելու, կրակելու, ինչպես նաև ֆիզիկական վարժությունների մեջ։ Սպորտային ազարտի մեջ այստեղ «փաթեթավորված» են անձնակազմի մարտական պատրաստության վարժանքներ։ Այն ամենը, ինչ պետք է իմանալ տանկային բիաթլոնի մասին, կարող եք կարդալ այստեղ:
Նշենք, որ Հայաստանում նույն պես անցկացվում են տանկային բիաթլոնի մրցումներ, իսկ նախորդ տարի հայկական լավագույն տանկային անձնակազմերը Ռուսաստանում անցկացված Տանկային բիաթլոն 2015 միջազգային մրցույթի ժամանակ 12 երկրների անձնակազմերի մեջ գրավել են երկրորդ տեղը՝ զիջելով միայն Ռուսաստանի տանկիստներին: