Մարտի 10-ին Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորություն չունենալու մասին խոսել է «Վրացական երազանք» խորհրդարանական կոալիցիայի պատգամավոր, «Արդյունաբերությունը կփրկի Վրաստանին» (նախկինում ընդդիմադիր) կուսակցության առաջնորդ Գոգի Թոփաձեն։ Վերջինս կարծում է, որ ՆԱՏՕ-ն Վրաստանին իր շարքերը չի ընդունի։
«Ես չեմ թաքցնում այն, ինչ ինձ դուր չի գալիս։ Կարծո՞ւմ եք՝ ինձ դուր է գալիս, որ մենք կմտնենք ՆԱՏՕ։ Ուղղակի ասեք, թե ով է մեզ թողնում։ Արդյո՞ք մեր նախկին իշխանությունները դա չեն ցանկացել։ 10 տարվա ընթացքում նրանք դրա մասին են երազել, բայց ՆԱՏՕ-ն մեզ չի ընդունել, չի ընդունի և ներս չի թողնի… Ինձ դուր չի գալիս, երբ ասում են, թե մենք դեպի ՆԱՏՕ ուղղությունն ենք բռնել։ Ես դեռ մի երկիր չգիտեմ, որ ՆԱՏՕ-ից օգուտ է ստացել»,- մարտի 10-ին վրաստանյան PalitraTV-ի եթերում հայտարարել է Թոփաձեն։
Հատկանշական է, որ 2015 թվականին նման հայտարարություններ են արել նաև ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման գծով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն և Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ, այժմ «Միացյալ ժողովրդավարական շարժում» կուսակցական առաջնորդ Նինո Բուրջանաձեն։
Փետրվարի 19-ին Աբաշիձեն հայտարարել էր, որ «թե´ Բրյուսելում, թե´ Մոսկվայում և թե Թբիլիսիում շատ լավ հասկանում են, որ առաջիկայում ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հարցն օրակարգային չէ»։ Աբաշիձեն հավելել է նաև, որ Վրաստանն ազատ է իր ընտրության հարցում և կարող է համագործակցել յուրաքանչյուր կազմակերպության հետ, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի։
Աբաշիձեի այս հայտարարությունը աղմուկ բարձրացրեց Վրաստանի հասարակաքաղաքական կյանքում։ Վերջինս հենց այդ օրը զրկվեց խորհրդարանի նախագահի տեղակալի պաշտոնից, հայտարարությունների մակարդակով որոշ քաղաքական գործիչներ պահանջում էին, որ Աբաշիձեն հեռացվի նաև ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման գծով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցչի պաշտոնից։
Մարտի 4-ին էլ Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ, այժմ «Միացյալ ժողովրդավարական շարժում» կուսակցական առաջնորդ Նինո Բուրջանաձեն սուտասան և սադրիչ է անվանել քաղաքական այն գործիչներին, ովքեր խոսում են Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորության մասին։
«Վրաստանը հնարավորություն չունի ՆԱՏՕ-ի անդամ դառնալու։ Էլ ո՞ր լեզուներով դրա մասին նրանք ասեն։ Անգլերենով ասել են, ֆրանսերենով, գերմաներենով ասել են, տևական ժամանակ էլ վրացերենով ես եմ ասում։ Քաղաքական այն գործիչները, ովքեր այսօր նորից խոսում են Վրաստանի՝ Դաշինքի անդամ դառնալու հնարավորության մասին, ուղղակի սադրիչ ու ստախոս են, որ փորձում են միավորներ հավաքել իրենց արևմտյան գործընկերների մոտ»- հայտարարել է Բուրջանաձեն՝ նշելով, որ. «Եթե մենք շարունակենք ապրել պատրանքի մեջ, ապա կհայտնվենք ավելի ծանր իրավիճակում»։
Հավելենք նաև, որ միջազգային մակարդակով Վրաստանի՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ դառնալու մասին բացասական դիրքորոշմամբ խոսել է նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։ Վերջինս նշել էր, որ. «Ո´չ Ուկրաինան, ո´չ էլ Վրաստանը ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհին չեն»։ Այսպիսի հայտարարարություն Օբաման արել է այն հարցին ի պատասխան, թե «Ուկրաինայում ճգնաժամը կմեծացնի՞, թե՞ կնվազեցնի ՆԱՏՕ-ի ընդլայնման հավանականությունը, այդ թվում նաև Վրաստանի համար»։