Ադրբեջանի զինված ուժերում ընդունման են պատրաստում զինված ուժերի կանոնագրքերի և կանոնադրությունների նոր տարբերակներ, որոնք ենթարկվել են որոշ փոփոխությունների։ Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը՝ հղում անելով երկրի պաշտպանական գերատեսչության տրամադրած տեղեկատվությանը։
Դեռևս 2014-ին Ադրբեջանի ՊՆ-ում մեկնարկել են աշխատանքներ՝ զինված ուժերի «Ներքին ծառայության» ու «Կարգապահական» կանոնագրքերի, ինչպես նաև «Շարային» ու «Կայազորային և պահակային ծառայության» կանոնադրությունների նոր տարբերակների մշակման ուղղությամբ։
Գործակալությունը հայտնում է, որ «Շարային կանոնադրության» խմբագրված տարբերակը նախարարի 2014-ի դեկտեմբերի 24-ի որոշմամբ արդեն իսկ արժանացել է հավանության և ներդրվել զինված ուժերում։ Որպես էական փոփոխություն նշվում է, որ այսուհետ թույլատրվում է պատվի առնել կոչումով բարձր զինծառայողներին՝ առանց գլխարկ կրելու։
Դեռևս հայտնի չէ, սակայն, թե ինչ փոփոխությունների են ենթարվկել մյուս կանոնագրքերն ու կանոնադրությունը։