Մարտի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Լիբանանի պաշտպանության նախարարության պատվիրակությանը` բրիգադի գեներալ Մանուել Քիրեջյանի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան Ժան Մաքարոնը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև պաշտպանական բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր: Մասնավորապես, ՀՀ պաշտպանության նախարարը ընդգծել է բարձր մակարդակի ռազմաքաղաքական հարաբերություններ հաստատելու անհրաժեշտությունը և հյուրերին ներկայացրել համագործակցության հնարավոր առաջնահերթ ուղղությունները: Լիբանանյան կողմը նույնպես կարևորել է երկու երկրների միջև առկա ջերմ բարեկամական հարաբերությունները համագործակցային դաշտ տեղափոխելու պատրաստակամությունը:
Նույնը օրը պատվիրակությանն ընդունել է նաև ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել մի շարք ոլորտներում փորձի փոխանակման վերաբերյալ, ինչի արդյունքում մոտ ապագայում համագործակցությանը կհաղորդվի գործնական բնույթ: Քննարկվել են նաև երկու երկրների միջև 2001 թվականին ստորագրված ռազմական համագործակցության մասին համաձայնագրի արդիականացմանը և 2015 թվականի երկկողմ համագործակցության պլանին առնչվող հարցեր:
Ավելացնենք, որ Հայաստանի ՊՆ-ն 2014 թվականից սկսած խաղաղապահ առաքելության շրջանակներում զինծառայողների 30 հոգանոց դասակ ու 2 շտաբային սպա է ուղարկում Լիբանան՝ ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL – United Nations Interim Force in Lebanon) խաղաղապահ առաքելության շրջանակում: Լիբանանում զինծառայողները Իտալիայի զինված ուժերի խաղաղապահ ստորաբաժանման կազմում հսկում են ՄԱԿ-ի զինավանի անվտանգությունը:
ՀՀ ԶՈւ Խաղաղապահների առաջին խումբը Լիբանան է մեկնել 2014թ. նոյեմբերի 27-ին: Առաքելությանը Հայաստանի մասնակցությունը նպատակ ունի ավելացնել ՀՀ ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանումների փորձառությունը:
Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 8-14 մարտի, 2015 | Ռազմ.info