Երեկ՝ մարտի 8-ին, Վրաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի, ԱՄՆ-ի Նյու-Ջերսի նահանգում ավտովթարից զոհվել են վրաստանցի երկու կուրսանտ։ Վերջիններս սովորում էին ԱՄՆ առափնյա անվտանգության ռազմական ակադեմիայում։
Շարքային Սոսո Մակարիձեն ավարտական կուրսում էր սովորում, իսկ Բեսարիոն Գորջալաձեն ընդունվել է 2013 թվականին։
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, կուրսանտներից մեկը մահացել է տեղում, մյուսը՝ հոսպիտալում։ Մեքենայի վարորդն ԱՄՆ քաղաքացի է եղել։ Կատարվում է քննություն։
Պաշտպանության նախկին նախարար Իրակլի Ալասանիան ֆեյսբուքյան իր էջում մարտի 8-ին զինծառայողների հետ լուսանկար է հրապարակել ու գրել, որ անձամբ ճանաչել է նրանց։ «Այս տղաների կորուստն անփոխարինելի է Վրաստանի համար։ Ուսումն ավարտելուց հետո նրանք կվերադառնային հայրենիք որպես մասնագետներ, ինչն այնքան պետք է մեր զինված ուժերին»,- գրել է Ալասանիան։