Ռազմատեխնիկական համագործակցությունում ՌԴ-ի համար առաջնահերթ են ՀԱՊԿ անդամ երկրները. փոխնախարար

Մարտի 5-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Ռուսաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Անատոլի Անտոնովը հայտարարել է, որ ՌԴ-ի համար առաջնային է ՀԱՊԿ անդամ պետությունների հետ ռազմատեխնիկական համագործակցության զարգացումը։

ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Անատոլի Անտոնով

ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Անատոլի Անտոնով

Նա նշել է նաև ՀԱՊԿ անդամ երկրների ուժերի մոբիլ, արդյունավետ և  նորագույն զինատեսակներով հագեցած լինելու անհրաժեշտությունը։ Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

Դրան զուգահեռ, պաշպանության նախարարի տեղակալը նշել է, որ Ռուսաստանն ունի նաև ավանդական գործընկերներ, ինչպիսիք են՝ Լատինական Ամերիկայի և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրները, որոնց հետ հարաբերությունները չպետք է մնան ստվերում։

Ասուլիսի ընթացքում Անտոնովն անդրադարձել է նաև մի շարք այլ հարցերի, որոնց թվում՝ վերջին շրջանում ՆԱՏՕ-ի վարած քաղաքականությանը։

«ՆԱՏՕ-ն չի կարող լինել աշխարհում ազատության և ժողովրդավարության միակ երաշխավորը, ինչի մասին շատ են խոսում Բրյուսելում։  Արևմտյան երկրներն անջատողական  նոր գծեր են առաջ բերում, փոխարենը միացյալ ուժերով  պայքարեն չարիքի դեմ։ Իսկ ամենամեծ չարիքն այսօր ահաբեկչությունն է, մինչդեռ որպես թիրախ ընտրվում է Ռուսաստանը»,- նշել է նախարարի տեղակալ Անտոնովը։

Տեղեկացնենք, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը հետխորհրդային տարածքի վրա ստեղծված ռազմաքաղաքական միջազգային կազմակերպություն է, որի անդամները ներկայում վեցն են՝ Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան և Տաջիկստան: Կազմակերպության նպատակն անդամ երկրների անվտանգության ապահովումն է հավաքական միջոցներով։

Մասնակից երկրներից յուրաքանչյուրի վրա հարձակումը համարվում է հարձակում կազմակերպության անդամ բոլոր երկրների վրա: Դրանից ելնելով՝ անդամ մյուս երկրները պարտավոր են անհրաժեշտ՝ այդ թվում և ռազմական օգնություն տրամադրել հարձակման ենթարկվողին։

Հիշեցնենք, նաև, որ 2015-ին նախատեսված է ՀՀ տարածքում անցկացնել ՀԱՊԿ-ի հավաքական խաղաղապահ ուժերի «Անսասան եղբայրություն-2015» համատեղ զորավարժությունը։

One response to “Ռազմատեխնիկական համագործակցությունում ՌԴ-ի համար առաջնահերթ են ՀԱՊԿ անդամ երկրները. փոխնախարար

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 1-7 մարտի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *