Այս վերլուծության կրճատ տարբերակը հրապարակվել է «Московские новости» կայքում։ Razm.info-ի ընթերցողներին ներկայացնում ենք ամբողջական տարբերակը հայերեն։
* * *
Հիլարի Քլինթոնի այցը հարավկովկասյան պետություններ պայմանավորված էր ոչ միայն մարտավարական խնդիրներ լուծելու, այլև Կովկասի աշխարհաքաղաքական ասպարեզում ծավալվելիք քայլերը նախապատրաստելու անհրաժեշտությամբ: Լինելով ծայրահեղ կարևոր մարտահենադաշտ Հյուսիս, Հարավ և Արևելք ռազմաքաղաքական հզորությունն արտապատկերելու (проецирования) համար՝ Կովկասը նոր չէ, որ հայտնվել է աշխարհաքաղաքական հակամարտության կիզակետում: 2012 թվականին մեծ քաղաքականության Կովկաս գալու պատճառը կարող է կապված լինել Արևմուտքի՝ Իրանի տարածաշրջանային գերտերություն դառնալու մտադրությունները չեզոքացնելու հետ: Այսօր Իրանը բոլոր կողմերից, բացառությամբ կովկասյան ուղղության, շրջապատված է անկայուն կամ չկայացած պետություններով: Վերահսկվող և որոշակի սահմաններում պահպանվող անկայունության գոտու ստեղծումը աշխարհաքաղաքական պայքարում հակառակորդի զսպման արդյունավետ մեթոդ է:
Սիրիայի խնդիրը կրիտիկական է Իրանի համար: Եթե Ասադի կառավարությունն ու Սիրիան կարողանան կանգուն մնալ, ապա նրանք արտաքին աշխարհից խիստ մեկուսացման մեջ կհայտնվեն, և, հետևաբար, ավելի մեծ կախվածություն կունենան Իրանից, ինչի հետևանքով, Իրանի ազդեցությունն արևելքում կտարածվի մինչև Աֆղանստան, իսկ արևմուտքում մինչև Բեյրութ:
Դա հիմնավորապես կփոխի Մերձավոր Արևելքի ուժերի հարաբերակցությունը՝ Իրանը վերածելով Պարսից ծոցի տարածաշրջանի գերակայող ուժի: Այս հեռանկարն է, որ ստիպում է Արևմուտքին կոշտ դիրքորոշում ցուցաբերել սիրիական ճգնաժամի հարցում: Այսօր արդեն կան արևմտյան մամուլի հրապարակումներ, որոնք ուղիղ տեքստով են խոսում Արևմուտքի՝ Սիրիայի վերաբերյալ պլանների մասին: Օրինակ, Foreign Policy-ի հունիսի 4-ի «Սիրիայում միջամտության իրական պատճառը» հրապարակման մեջ ուղղակիորեն ասվում է Իրանի կապը Միջերկրական ծովի հետ խզելու անհրաժեշտության մասին, ինչը կարող է դառնալ սիրիական ճգնաժամի գլխավոր ռազմավարական մրցանակը:
Իրադարձությունները կտեղափոխվեն Կովկաս այն պահին, երբ իրավիճակը Սիրիայի շուրջ կընդունի Արևմուտքի համար պահանջվող բնույթը և կդառնա անշրջելի:
Խոսքը Ասադի կառավարության տապալման կամ տևական քաղաքացիական պատերազմի կազմակերպման մասին է, որի հետևանքով Իրանն ստիպված է լինելու ռազմավարական դաշնակցին աջակցելու համար ջանք և ռեսուրս ծախսել: Սիրիական ճգնաժամի «ջերմաստիճանը» բարձրացնելով կամ իջեցնելով՝ կարելի է բավականին արդյունավետորեն ազդել տարածաշրջանում Իրանի քաղաքականության վրա:
Քանի որ խոսքը աշխարհառազմավարության (геостратегия) մասին է, կարիք չկա մանրամասն վերլուծել ձևավորվող պատկերը՝ հասկանալու համար, թե Կովկասում որ խնդիրների շրջանակներում է տեղի ունենալու լարվածության սրումը:
Արևմուտքը բազմիցս նշել է, որ Կովկասում տարբերակում է երեք աշխարհաքաղաքական խնդիր: Դրանք էներգետիկ նախագծերն են, չճանաչված Արցախը և Ռուսաստանի կողմից ճանաչված Աբխազիան և Հարավային Օսեթիան, ինչպես նաև Հյուսիսային Կովկասում իսլամական խմբերի տեռորիստական գործունեությունը:
Ընդ որում, պետք է գիտակցել, որ խոսքը լայնածավալ պարտադիր պատերազմ հրահրելու Արևմուտքի մտադրության մասին չէ:
Իրականացվող ռազմավարությունը կարող է լինել բազմապլանային և ներառել բազմաթիվ օպցիաներ, երբ օգտագործվում են ինչպես քաղաքական և սոցիալ-տնտեսական ճնշման տարրերը, այնպես էլ ռազմաքաղաքական լարվածության սրումն ընդհուպ մինչև լոկալ ռազմական գործողություններ՝ սեղանից չհեռացնելով Իրանի հյուսիսային սահմաններին ծավալվող լայնամասշտաբ տարածաշրջանային պատերամի սցենարը:
Մարտավարական առումով Արևմուտքը շահագրգռված է ապահովել տարածաշրջանով անցնող էներգետիկ և տրանսպորտային հաղորդակցման ուղիների անվտանգությունը: Արևմուտքը չի կարողանում հուսալիորեն լուծել Աֆղանստանում իր զորքերի ապահովման հիմնախնդիրը, և ստիպված է կողմնորոշվել դեպի «Հյուսիսային բաշխիչ ցանցի» կովկասյան երթուղին: Միջին Ասիայի երկրների հետ վերջին օրերին կնքված համաձայնագրերը միայն ավելացրեցին կովկասյան երթուղու արժեքն ու նշանակությունը:
Այս ամենի հետևանքով Արևմուտքի առջև ծառացել է կովկասյան ուղղության վրա ռազմավարական և մարտավարական խնդիրների միջև բարդ և նուրբ հաշվեկշիռ գտնելու անհրաժեշտությունը: Մարտավարական նպատակները պահանջում են ապահովել հույժ կարևոր հաղորդակցման ուղիների անվտանգությունը, իսկ ռազմավարական խնդիրները պահանջում են Կովկասում լարվածության մակարդակի վերահսկելի աճ: Արևմուտքի համար մարտավարական խնդիրների լուծման տարբերակը բարձր տեխնոլոգիական սպառազինմամբ Ադրբեջանի ռազմական ներուժն ուժեղացնելն է: Մասնավորապես, Պետդեպարտամենտը ներկայումս ձգտում է հաղթահարել հայկական լոբբիի դիմադրությունը և սկսել Ադրբեջանին հակաօդային պաշտպանության Patriot կայանների, ուղղաթիռների պաշտպանության, արբանյակային սարքավորման և այլ համակարգերի մատակարարումը:
Արբանյակային և ուղղաթիռային սարքավորումները նախատեսվում է տեղադրել հարվածային Ми-35М ուղղաթիռների վրա, որոնք մատակարարում է ռուսական Росвертол ֆիրման: Այս մատակարարումների նպատակը էներգետիկ աղբյուրների և Իրանի հետ սահմանի պաշտպանության Ադրբեջանի մարտական հնարավորությունների ուժեղացումն է:
Ռազմավարական խնդիրները պահանջում են ճնշման տարաբնույթ մեթոդների վրա հենված առավել նուրբ քաղաքականություն և դիվանագիտություն: Հիմա «աշխարհաքաղաքական հետախուզում» է անցկացվում:
Արցախյան ուղղությամբ և հայ-ադրբեջանական հարաբերություններում կարելի է խոսել «հետախուզման մարտի» մասին, որով Ադրբեջանի միջոցով նպատակաուղղված բարձրացնում են դիմակայության գծի «ջերմաստիճանը»:
Դա արևմտյան քաղաքական գործիչներին ու դիվանագետներին, փորձագետներին և ԶԼՄ-երին հնարավություն է տալիս արտահայտելու իր «անհանգստությունը՝ լարվածության աճի, զինվորների և քաղաքացիական բնակչության զոհվելու կապակցությամբ»: Լարվածության հետագա աճը անխուսափելի կդարձնի առավել կոշտ հայտարարություններն ու «միջազգային հանրության» կոչերը աշխարհաքաղաքական դերակատարներին՝ տարածաշրջանային գործընթացներին խառնվելու պահանջով:
Կովկասում ձևավորվող աշխարհաքաղաքական համատեքստը բավականին թափանցիկ է. Վրաստանը, ինչպես և Ադրբեջանը, Արևմուտքի անվերապահ դաշնակիցներն են: Երկու պետություներն էլ իրենց տարածքային խնդիրներով և ռազմավարական դաշինքներով հուսալիորեն շուլալված են Արևմուտքին. Վրաստանը ԱՄՆ-ին, Ադրբեջանը՝ Թուրքիային: Տարեսկզբին Զբիգնև Բզեժինսկին, թվարկելով այն տաս երկրները, որոնք ամենից շատ կտուժեն ԱՄՆ-ի թուլացումից, առաջին տեղում նշեց Վրաստանը: Վերջերս նույն քաղաքական գործիչը Թուրքիան բնութագրեց որպես «ՆԱՏՕ-ի տոկուն և հավատարիմ անդամ: Միգուցե ավելի տոկուն, քան ցանկացած ուրիշը…»:
Քաղցրաբլիթից բացի, որի շնորհիվ Ադրբեջանն ու Վրաստանը համոզիչ կերպով մնում են արևմտյան քաղաքականության նավարկուղու վրա, նախատեսված է և ժողովրդավարական մտրակը, որի գործունությունը ցուցադրվեց Բաքվում անցկացվող «Եվրատեսիլ 2012» մրցույթի ժամանակ:
Միակ դերակատարը Կովկասում, որն Արևմուտքի կողմից դիտարկվում է որպես Ռուսաստանի դաշնակից, դա Հայաստանն է՝ ի դեմս երկու հայկական պետությունների՝ ճանաչված Հայաստանի Հանրապետության և չճանաչված ԼՂՀ-ի: Անկասկած, Արևմուտքն ուժեղացնելու է Հայաստանի վրա ճնշումները՝ որպես Ռուսաստանի ռազմաքաղաքական դաշնակից այն չեզոքացնելու կամ իդեալական տարբերակում Հայաստանը դեպի Արևմուտք կողմնորոշելու նպատակով:
Ձևավորվող պայմաններում հիմնական բարդությունը կապված է ոչ այնքան սպառնալիքների բացահայտման և համապատասխան ռազմավարության շրջանակներում ադեկվատ արձագանքի հետ, որքան այդ մարտավարության իրականացման և այն կյանքի կոչելու հետ: Այստեղ մենք գործ ունենք ռազմավարության հին, նույնիսկ դասական, հիմնախնդրի հետ: «Ռազմավարության մեջ ամեն ինչ չափազանց պարզ է, բայց դա չի նշանակում, որ ամեն ինչ չափազանց հեշտ է լինելու», — ասում էր Կլաուզեվիցը:
Լրացուցիչ բարդությունն այն է, որ վերջին տասնամյակների ընթացքում տարածաշրջանի շատ պետություններ իրենց նեղություն չեն տվել երկարաժամկետ ռազմավարության մշակման հարցում՝ սահմանափակվելով ռեֆլեքսիվ քաղաքականությամբ։ Որպես հետևանք, նման դերակատարների համար կովկասյան քաղաքականության մշակումն ու իրականացումը տեղի է ունենալու առանց այդ քաղաքականության ակնհայտ ձևավորման և նույնիսկ առանց ակնհայտ ձևակերպման, անմիջապես, ինչն էլ որոշումներ ընդունող կենտրոնին կոշտ պահանջներ է ներկայացնելու:
Այսպիսով, խոսքը յուրատեսակ ad hoc (այն է՝ հատուկ տվյալ իրադրության համար մշակված, Խմբ.) ռազմավարության մասին է, չնայած տվյալ երկու տերմինների միավորումը տարօրինակ տեսք ունի և հնարավոր է միայն ճգնաժամի պայմաններում:
Ընդ որում, Արևմուտքը ձգտում է մեկնաբանել իրավիճակն այնպես, որ այն խստորեն կապվում է Ռուսաստանի նախագահի անձի հետ: Արևմուտքի համակարգային քաղաքականությանն ու ռազմավարությանը հակադրվում է անձը: Կարելի է խոսել այս գնահատման համապատասխանության մասին, բայց երկարաժամկետ հեռանկարում նման դասավորությունը չափազանց խոցելի է: Մեկ անձի վրա իշխանական լիազորությունների, կազմակերպչական և տեղեկատվական հոսքերի կենտրոնացումը անխուսափելիորեն հանգեցնում է ծանրաբեռնման: Այս պայմաններում առաջնորդները որոշումներ կայացնելիս ստիպված են ղեկավարվել բնազդով, ինչը շատ դեպքերում օգնում է, բայց երբեմն էլ ճակատագրական հետևանքներ է ունենում:
Ընդ որում Արևմուտքն ի վիճակի է ուժեղացնել Ռուսաստանի վրա աշխարհաքաղաքական ճնշումը, օրինակ, էներգակիրների գնի կարգավորման միջոցով: Որպես ճնշման տարր կարելի է դիտարկել նաև Սոչիում կայանալիք օլիմպիական խաղերը: ԽՍՀՄ տրոհման պատմությունը ցույց է տալիս, թե որքան հաջող կարող է լինել դիվանագիտական, քաղաքական և սոցիալ-տնտեսական ճնշման տարաբնույթ մեթոդների հմուտ գործիքավորման հիման վրա կառուցված քաղաքականությունը:
Կովկասում լարվածության աճի պայմաններում միայն Ռուսաստանն ունի բավարար ներուժ Կովկասում արդեն սկսված խաղի մեջ փոփոխություններ մտցնելու համար: Սակայն մենք չենք կարող ասել, որ Ռուսաստանն արդեն որոշակիացրել է իր կովկասյան քաղաքականությունն ու ռազմավարությունը: Ռուսաստանն իրեն խուսանավելու իրավունք և հնարավորություն է վերապահում, ընդհուպ մինչև ծավալվող աշխարհաքաղաքական խաղում Արևմուտքին աջակցելը: Այս հետևության օգտին է խոսում, օրինակ, Ադրբեջան սպառազինման բարդ համակարգերի մատակարարման վերը նշված փաստերից մեկը, սպառազինման, որն օգտագործվելու է Իրանի կամ Հայաստանի դեմ: Երբ խոսքը աշխարհաքաղաքական դիմակայության մասին է, պրագմատիկության և տնտեսական շահերի մասին խորհրդածություններն անհարիր են:
Որպես հետևանք, պետք է նկատի ունենալ ի թիվս այլոց և քիչ հավանական սցենարները: Օրինակ, կովկասյան գործընթացներին Թուրքիայի, և, հետևաբար, ՆԱՏՕ-ի ուղղակի ներքաշման սցենարը: Իր տարածքում արաբական գարնան սցենարների շրջանակներում ներքաղաքական իրավիճակի ապակայունացման արդյունքում Ադրբեջանը կարող է ստիպված դիմել ռազմավարական դաշնակցին և խնդրել օգնություն հատկացնել՝ ընդհուպ մինչև Ադրբեջան սահմանափակ ռազմական կոնտինգենտ ուղարկելը: Արևմուտքն անկասկած կաջակցի այս քայլերին, և կովկասյան տարածաշրջանում ուժերի լրիվ այլ դասավորություն կստեղծվի: Նման ճգնաժամային սցենարների իրականացման հետևանքով տարածաշրջանի պետությունների առջև առավել քան բարդ մարտահրավերներն են ծառանալու՝ ստիպելով արմատապես փոխել անցկացվող քաղաքականությունը:
Թարգմանեց Մարիամ Ամիրխանյանը։