Փախչել չկա, ո՞ւմ առաջ փախչենք, թուրքի՞. հունվարին զոհված զինծառայող Վարդան Մկրտչյանի մասին պատմում է ծառայակիցը

Օրեր առաջ Ռազմինֆոյի խմբագրությունը Պաշտպանության բանակի զինծառայողներից մեկից մի նամակ ստացավ: Զինծառայողը խնդրել էր ծանոթանալ իր ընկերոջ գրած պատմությանը: Պատմություն` գտած հերոսի մասին: Ռազմինֆոն տեղադրում է շարքային զինծառայող Մհեր Օթարյանի պատմությունից հատվածներ՝ որոշ խմբագրումներով:

Շարքային Մհեր Օթարյան

Շարքային Մհեր Օթարյան

«Մինչև զորակոչվելս «հերոս»-ի մասին այլ պատկերացում ունեի, իսկ հիմա, երբ մնացել է 4 ամիս զորացրվելուն, ամբողջովին փոխվել է ընկալումս այդ հարցի վերաբերյալ: Այն ժամանակ ինձ համար հերոս էին միայն այն մարդիկ, ովքեր հայտնի են պատմությանն իրենց կատարած քաջություններով, սակայն, երբ մտածում եմ, թե ինչքան հերոսներ ենք ունեցել, որոնք չեն հիշատակվում պատմության մեջ, ափսոսում եմ…

Իմ հերոսը Հայ Զինվորն է…

Այո, հենց հայ զինվորը, յուրաքանչյուրը նրանցից: Կռվում հաղթում են զինվորները, հաղթում է տղամարդկությունը, դիմացկունությունը, քաջությունը: Ղարաբաղյան պատերազմում հաղթեց ժողովուրդը, ամենահասարակ քաղաքացին, ով ճակատագրի բերումով դարձավ զինվոր:

Ճնճղուկի պատմությունը հիշեցի. ասում են, երբ ամբողջ անտառում լուր է տարածվում, թե երկնակամարը փլվում է, բոլոր կենդանիները փախչում են, միայն ճնճղուկն է, որ մեջքով գետնին պառկած և ոտքերը վերև պարզած՝ անշարժ է մնում: Կենդանիները, տեսնելով դա, հարցնում են, թե ինչու նա էլ չի փախչում: Վերջինս պատասխանում է, որ ինքն իր բաժին երկնակամարն է պահում:

Հավատացեք, այ հենց այս տիրոջ զգացումն է թևածում մեր զինվորների սրտերում»,- գրում է զինծառայողը:

Մհեր Օթարյանը ծառայել է Վարդան  Մկրտչյանի հետ, ով 2015 թվականի հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը զոհվել է հակառակորդի դիվերսիան հետ մղելիս:

«Ցանկանում եմ իմ ծառայակիցներից մեկի` Վարդան Մկրտչյանի կյանքի վերջին րոպեներից մի դեպք պատմել: Հնարավոր է` շատերդ չիմանաք նրան, բայց նա իմ հերոսներից է: Մինչ պատմելս նշեմ, որ Վարդանի հետ զորամաս ենք եկել նույն օրը, նույն մեքենայով և ծառայել ենք նույն վաշտում: Վարդանը նման էր բոլորին, ոչ մի բանով չէր տարբերվում  մյուս զինվորներից:  Սակայն հունվարի 2-ի լույս 3-ի գիշերն ադրբեջանական զինուժը ձեռնարկում է դիվերսիոն գործողություն, որի արդյունքում հերոսանում է Վարդանը: Ես չեմ ասում զոհվել է, ասում եմ՝ հերոսացել է: Բայց թե ինչպե՞ս, այդ ամենը պատմել է իր հետ եղած դիրքապահ ընկերը.

«Դիրքերում էինք, Վարդանն անհանգիստ էր: Շները շատ էին հաչում: Ասաց. «Ես եմ այդ շներին պահում և նրանց հաչոցները սովորական չեն, հաստատ մի բան այն չէ, արի առաջանանք»: Մենք առաջացանք և այդ ժամանակ մթության միջից մեր ուղղությամբ կրակոցներ հնչեցին: Մի քանի փամփուշտ կրակեցինք և հասկանալով, որ շրջափակման մեջ ենք՝ շրջվեցինք և դեպի դիրք վազեցինք: Սակայն այդ պահին Վարդանը կանգ առավ, դիրքավորվեց և ասաց. «Դիրքավորվի՛ր, փախչել չկա, ո՞ւմ առաջ փախչենք, թուրքի՞»… ու սկսվեց մարտը»:

Վարդանը զոհվում է այդ օրը, սակայն իր կյանքով փրկում է շատերին, քանի որ թույլ չի տալիս հակառակորդին ոչ դիրք մտնել, ոչ էլ իր սև գործն ավարտել թիկունքում: Հերոս  չէ՞ արդյոք այս տղան»,-  գրում է շարքային Օթարյանը:

Նամակի հեղինակ` Մհեր Օթարյան

 

Ռազմինֆոն անփորձանք ծառայություն ու բարի վերադարձ է մաղթում շարքային Մհեր Օթարյանին և հայկական զինված ուժերում ծառայող բոլոր զինծառայողներին:

Հիշեցնենք, որ շարքային Վարդան Մկրտչյանի հետ նույն օրը զոհվել էր նաև լեյտենանտ Կարեն Գրիգորյանը, ևս 1 հոգի վիրավորվել էր:

One response to “Փախչել չկա, ո՞ւմ առաջ փախչենք, թուրքի՞. հունվարին զոհված զինծառայող Վարդան Մկրտչյանի մասին պատմում է ծառայակիցը

  1. Pingback: Armday – Փախչել չկա, ո՞ւմ առաջ փախչենք, թուրքի՞. հունվարին զոհված զինծառայող Վարդան Մկրտչյանի մասին պատմում է ծառայակիցը Razm.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *