Ադրբեջան է ժամանելու Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատարը

Այսօր՝ մարտի 4-ին, սպասվում է Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատար, բանակի գեներալ Աքըն Օզթյուրքի ժամանումն Ադրբեջան, որտեղ վերջինս կմնա մինչև մարտի 6-ն ու կանցկացնի պաշտոնական մի շարք հանդիպումներ։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը։

Թուրքիայի ՌՕՈւ հրամանատար, բանակի գեներալ Աքըն Օզթյուրք

Թուրքիայի ՌՕՈւ հրամանատար, բանակի գեներալ Աքըն Օզթյուրք

Նշենք, որ վերջին շրջանում նկատվում է Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաօդային ուժերի միջև համագործակցության զգալի աշխուժացում։ Մասնավորապես, 2015-ի մարտի 2-ին մեկնարկել է TURAZ Şahini 2015 մեկամսյա զորավարժությունը, որի շրջանակներում Ադրբեջանի ՌՕՈւ 106 հոգանոց անձնակազմը ՄիԳ-29 կործանիչներով, Սու-25 գրոհիչներով և Իլ-76 բեռնատար ինքնաթիռով ժամանել է Քոնիայի 3-րդ ավիաբազա։ Սա առաջին արտերկրյա զորավարժությունն է, որին Ադրբեջանը մասնակցում է սեփական ինքնաթիռներով։

Ավելի վաղ՝ 2014-ի սեպտեմբերին, Թուրքիայի ռազմական օդաչուները մասնակցում էին Ադրբեջանում ընթացող համատեղ համանուն զորավարժությանը, որի ընթացքում ադրբեջանցի օդաչուները թռիչքներ էին կատարել թուրքական օդուժի F-16 կործանիչներով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *