Ադրբեջանական զինուժի կորուստները 2015-ի փետրվարին. Ռազմինֆո

Ռազմինֆոյի՝ բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում 2015-ի փետրվարին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրվել է զինծառայողների մահվան 3 դեպք, վիրավորների մասին տեղեկություններ չեն եղել:

Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ մահացած զինծառայողներից 2-ը սպանվել են հայկական կողմի գնդակից, 1-ը՝ պայթել ականի վրա։

Ադրբեջանցի զինծառայողի հուղարկավորություն

Ադրբեջանցի զինծառայողի հուղարկավորություն

Նախքան բուն միջադեպերին անդրադառնալը նշենք, որ Ադրբեջանը շարունակում է սեփական զինուժում գրանցված մահվան դեպքերի ու արտակարգ պատահարների մասին տեղեկությունները թաքցնելու քաղաքականությունը։ Հաճախ են դեպքերը, երբ զինծառայողների մահվան մասին հայտնի է դառնում սոցիալական ցանցերից, մինչդեռ ՊՆ-ի պաշտոնական հաղորդագրություններում դրանք կամ տեղ չեն գտնում, կամ էլ հայտարարվում է այն ժամանակ, երբ հանրությանն այդ մասին արդեն հայտնի է լինում այլընտրանքային աղբյուրներից։

Որպես ասվածի վկայություն հիշեցնենք 2015-ի հունվարի 26-ին գրանցված դեպքը, երբ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնեց, որ «հայկական կողմի դիվերսիոն հարձակման հետևանքով» ադրբեջանական զինուժն ունի 3 սպանված և վիրավորներ։ Ու դա այն դեպքում, երբ մեկ օր առաջ՝ հունվարի 25-ին, սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերն արդեն գրում էին, որ «քիչ առաջ վերադարձել են շեհիդի (նահատակ) հուղարկավորությունից, ում մահվան մասին լրատվամիջոցներում ոչինչ չի ասվում»։

Կորուստներ

Փետրվարի 6-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնեց, որ դրա նախորդ օրը՝ փետրվարի 5-ի երեկոյան, շարքային Աղաև Ֆերիդ Ռյուֆեթ օղլուն մարտական հենակետում ծառայողական պարտականությունները կատարելիս ծանր վիրավորվել է հայկական կողմի արձակած գնդակից, ու թեև նրան ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, այդուհանդերձ զինծառայողը մահացել է։

Փետրվարի 21-ին ադրբեջանական կողմը հայտնեց, որ փետրվարի լույս 21-ի գիշերը «հայկական զինուժի դիվերսիոն խմբի հարձակման ժամանակ» սկիզբ առած մարտում սպանվել է ադրբեջանական զինուժի զինծառայող, Ջավադով Զելիմխան Էյբալը օղլուն։ Հաղորդագրությունում, սակայն, չէր նշվում, թե հայ-ադրբեջանական սահմանի կամ շփման գծի որ հատվածում է գրանցվել միջադեպը։

Փետրվարի 26-ին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին, որ առաջնագծում ականի վրա պայթելու հետևանքով մահացել է զինված ուժերի զինծառայող, Օղուզի շրջանից զորակոչված Գոջաև Ջավադ Ջալիլ օղլուն: Նշվում էր, որ միջադեպի մանրամասները պարզելու նպատակով տարվում է քննություն։

Այսպիսով, 2015-ի հունվար-փետրվար ամիսներին ադրբեջանական բանակում ընդհանուր առմամբ գրանցվել է մահվան ելքով 9 և վիրավորման 6 դեպք, երբ տուժածների կամ մահացածների անունները հայտնի են դարձել։

Հայկական բանակի կորուստները՝ այստեղ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *