Պենտագոնում հանդիպել են ԱՄՆ և Վրաստանի պաշտպանության փոխնախարարները

Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Լևան Գիրսիաշվիլիի գլխավորած պատվիրակությունը երկօրյա այցով մեկնել է ԱՄՆ: Պատվիրակությանն ընդունել է ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Էվելին Ֆարկասը: Այս մասին հայտնում է Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:

Ըստ հաղորդագրության`կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր, ինչպես նաև Վրաստանին տրված ՆԱՏՕ-ի հետ համագործակցության փաթեթի կատարման ընթացքն ու տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր:

Ամերիկյան կողմն իր հերթին շնորհակալություն է հայտնել Վրաստանին ՆԱՏՕ-ի առաքելություններին ակտիվորեն մասնակցելու համար, ինչպես նաև շեշտել, որ պատրաստ է շարունակել համագործակցել առաքելությունների ժամանակ վիրավորված վրաստանցի զինծառայողների վերականգնողական աշխատանքներում:

Տեղեկացնենք, որ վրաստանցի զինծառայողները, ովքեր Աֆղանստանում խաղաղապահ առաքելության ընթացքում վիրավորվել են, ԱՄՆ Սան-Դիեգո քաղաքի վերականգնողական կենտրոնում պրոթեզավորում են անցնում։ Պրոթեզավորման հնարավորությունից օգտվում են նաև 2008թ. օգոստոսյան պատերազմի մասնակիցները: Տարվա ընթացքում մի քանի հոգանոց խմբեր մեկնում են Միացյալ Նահանգներ բուժման համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *