Այսօր` մարտի 2-ին, Դաղստանի 4 գյուղերում հանվել է հակաահաբեկչական գործողությունների ռեժիմը, որը հայտարարվել էր դեռևս փետրվարի 25-ից: Գործողությունների արդյունքում սպանվել է 7 զինյալ:
Այս մասին հայտնում է դաղստանյան «ՌԻԱ Դաղստան» լրատվակայքը` հղում անելով Դաղստանի ազգային հակաահաբեկչական հանձնաժողովի շտաբին:
Ինչպես հայտնում է լրատվակայքը, սպանված զինյալների թվում է եղել նաև կիզիլյուրտյան զինյալ խմբավորման առաջնորդ Օլեգ Շալյապինը:
Հավելենք, որ փետրվարի 25-ին Դաղստանի Կիզիլյուրտի շրջանի մի քանի գյուղերում հայտարարվել էր հակաահաբեկչական գործողությունների ռեժիմ, որի ընթացքում ուժային կառույցի աշխատակիցները կարողացել են բռնել 6 զինյալների:
Ռեժիմ մտցնելու անհրաժեշտությունն առաջացել էր այն պատճառով, որ 2015 թվականին Դաղստանում արդեն մի քանի անգամ հարձակումներ էին եղել ոստիկանության աշխատակիցների վրա։ Մասնավորապես՝ հունվարի 7-ին դարձյալ Խասավյուրտում անծանոթները կրակել էին ոստիկանների ուղղությամբ, ինչի հետևանքով 2 ոստիկան սպանվել էր, ևս 2-ը վիրավորվել էին։ Սպանվել էր նաև հարձակվողներից մեկը։
Նույն Խասավյուրտում հունվարի 15-ին գրանցվել էր մեկ այլ միջադեպ, որի ժամանակ սպանվել է զինված տղամարդ։ Եվս մեկ միջադեպ եղել էր հունվարի 27-ին, ոստիկանները ոչնչացրել են երկու զինյալի։
Փետրվարի 24-ին դարձյալ Խասավյուրտում (Կիզիլյուրտի հետ սահմանակից են) զինված ուղևորները կրակել էին ոստիկանների ուղղությամբ, 2 զինյալ և 1 ոստիկան սպանվել էին, զինյալներից ևս մեկը կարողացել էր թաքնվել։
Տեղեկացնենք, որ Հյուսիսային Կովկասը, այդ թվում նաև՝ Դաղստանը, ահաբեկչական, ինչպես նաև նմանատիպ զինված ընդհարումների կենտրոն է դարձել, որի դեմ փորձում են պայքարել Ռուսաստանի իշխանությունները։
Pingback: Ահաբեկչական գործողությունները Դաղստանում. ժամանակագրություն 2015 | Ռազմ.info