Փետրվարի 27-ին, ըստ նախնական տվյալների, իրեն ամրակցված ինքնաձիգով ստորին ծնոտի շրջանում ինքն իրեն մահացու հրազենային վնասվածք էր հասցրել ժամկետային զինծառայող, Ալբերտ Էմիլի Սաֆարյանը։ Վերջինիս մահվան դեպքի առիթով ձերբակալվել է 3 անձ։
Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ձերբակալվել են վաշտի ավագ, ենթասպա Արայիկ Սուքիասյանը, ժամկետային զինծառայողներ, շարքային Գևորգ Ղազարյանը և կրտսեր սերժանտ Միհրան Հովակիմյանը։
Ժամկետային զինծառայողները կասկածվում են ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-րդ մասով և 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործություններ կատարելու մեջ (մի խումբ անձանց կողմից զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է ծաղրուծանակի ենթարկելով, հալածելով, ծեծելով կամ այլ բռնի գործողություններ կատարելով)։
Վաշտի ավագը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ (զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը)։
Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում էր ստացել զինծառայող, 1996թ. ծնված Ալբերտ Էմիլի Սաֆարյանը: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը):